1865: Շապին-Գարահիսարում ծնվել է ազգային-ազատագրական շարժման ականավոր գործիչ, զորավար Անդրանիկը: Արևմտյան Հայաստանում, Կովկասում, Բուլղարիայում և այլուր նրա մասնակցությամբ կամ ղեկավարությամբ ընթացել է շուրջ 150 ճակատամարտ: Նրա ռազմական տաղանդը և խիզախությունը հատկապես դրսևորվել են Դիլմանի, Զևանի, Բիթլիսի ճակատամարտերում: Չհաշտվելով դաշնակցական իշխանության հետ՝ 1919-ի ապրիլին Էջմիածնում ցրել է իր զորամասը, հալածական անցել արտասահման, ուր շարունակել է պայքարը հայրենիքի համար: Վախճանվել է օտարության մեջ՝ ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում: Մահվանից մեկ տարի անց՝ 1928-ին նրա աճյունը տեղափոխվել է Փարիզ և ամփոփվել Պեր Լաշեզ գերեզմանատանը: 2001-ին Անդրանիկ Օզանյանի աճյունը տեղափոխվեց հայրենիք և ամփոփվեց Եռաբլուրի հերոսների պանթեոնում:
1861: Պետերբուրգում ծնվել է երկրաբան-ապարագետ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Ֆրանց Լևինսոն-Լեսինգը: Եղել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի նախագահ, ղեկավարել արշավախմբերի աշխատանքները Արագածում և Սևանա լճի ավազանում: Նրա անունով է կոչվել Արագածի սառցադաշտային Լեսինգ լիճը: Մահացել է 1939-ին Լենինգրադում:
1885: Թիֆլիսում ծնվել է բժշկական գիտ. դ-ր պրոֆ., ակադեմիկոս, բժիշկ-սրտաբան, բժիշկ-պատմաբան, բժշկագիտության պատմության միջազգային ակադեմիայի անդամ Լևոն Հովհաննիսյանը: Հիմնադրել է Երևանի սրտաբանության և սրտային վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտը, որն այժմ կրում է նրա անունը: Մահացել է 1970-ին Երևանում:
1904: Աստրախանում ծնվել է ռազմածովային նավատորմի փոխծովակալ, ազգությամբ հայ Վալերիան Սուրաբեկովը: 1930-ից ծառայել է Կասպիական, Բալթիական, ապա Խաղաղօվկիանոսյան ռազմական նավատորմերում: Եղել է սուզանավի հրամանատար, ռազմածովային բազայի հրամանատար: Մահացել է Մոսկվայում 1986-ին:
1909: Արցախի Ազոխ գյուղում ծնվել է ավիացիայի գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովը: Հայրենական մեծ պատերազմում եղել է կործանիչ ավիացիայի գնդի հրամանատար: Նրա ղեկավարած 965-րդ կործանիչ ավիագունդը պաշտպանել է Արխանգելսկ, Աստրախան, Գրոզնի, Միներալնիե Վոդի քաղաքները, 1944-ին մասնակցել Թաման թերակղզու և Ղրիմի ազատագրմանը, Օդեսայի օդային պաշտպանությանը: Պատերազմից հետո եղել է ավիացիոն դիվիզիայի, ապա միավորման հրամանատար, Ժուկովի անվան հակաօդային պաշտպանության ռազմահրամանատարական ակադեմիայի պետի տեղակալ: Մահացել է Մինսկում 1987-ին:
1912: Արևմտյան Հայաստանի Տարոն գավառի Կոփ գյուղում ծնվել է գրող Զարզանդ Դարյանը (Մովսիսյան)՝ լայն ճանաչում գտած «Սայաթ-Նովա», «Արծիվ Վասպուրականի», «Քառուղիներ» վեպերի հեղինակը: Մահացել է 1984-ին Երևանում: Թաղված է Բուժական գյուղում:
1918: Դոնի Ռոստովում ծնվել է Հայաստանի վաստ. ճարտարապետ և շինարար Էդուարդ Սարապյանը: Եղել է Երևանի գլխավոր ճարտարապետ: Նրա նախագծերով (ճարտարապետ Մարկ Գրիգորյանի համահեղինակությամբ) են կառուցվել «Արմենիա» հյուրանոցը, թանգարանների շենքը, արհմիությունների տան և կապի նախարարության համալիրը: Մահացել է 1984-ին Երևանում:
1919: Գավառում ծնվել է ԳԱԱ ակադեմիկոս, բան. գիտ. դ-ր պրոֆ., գրականագետ Վաչե Նալբանդյանը: Եղել է Երևանի Մատենադարանի, Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ-ի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, ԳԱԱ-ի հիմնակազմ գրադարանի տնօրեն, ԵՊՀ պրոռեկտոր: Մահացել է 1998-ին:
1940: Սանկտ-Պետերբուրգում ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալլա Տեր-Հակոբյանը: Նրա թարգմանությամբ ռուս ընթերցողը ծանոթացել է Մուշեղ Գալշոյանի, Լևոն Շանթի, Վարդգես Պետրոսյանի լավագույն գործերին:
1955: Ծնվել է արցախյան ազատամարտի գործիչ, գրող, հրապարակախոս, լրագրող, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Սամվել Շահմուրադյանը: Զոհվել է 1992-ի սեպտեմբերի 11-ին` Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի համար մղված մարտում: Ապրել է 37 տարի: