1992: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը փայլուն գործողությամբ գրավեցին Շուշիից հետո Արցախում իր նշանակությամբ երկրորդ թշնամական ռազմական հենակետը՝ Խոջալուն:

1828: Փետրվարի 26-ին, Թուրքմենչայի պայմանագրի համաձայն և պայմանագրի կնքումից բառացիորեն 4 օր անց, սկսվեց հայերի ներգաղթը Իրանից: Մշտական բնակության համար Ռուսաստանի տարածք տեղափոխվեց ավելի քան 40.000 հայ, որոնք մեծ մասամբ տեղավորվեցին Արարատյան դաշտում և Դարալագյազում: Արևելյան Հայաստանում և Անդրկովկասում պարսկահայերի վերաբնակեցմամբ, փաստորեն իրականացվեց հայության առաջին հայրենադարձությունը, որի կազմակերպման գործում անուրանալի դեր ունեցավ հայ ժողովրդի մեծ բարեկամ, ռուս անվանի գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը:

1921: Դաշնակցականների ապստամբությունը ճնշելու նպատակով այս օրը Դիլիջանում ստեղծվեց Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմահեղափոխական կոմիտե՝ Գևորգ Աթարբեկյանի նախագահությամբ:

1924: Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվեց Լենինական:

___

1877: Ագուլիսում ծնվել է Հայաստանի ժող. արտիստ, դերասան, արձակագիր, թատերագիր Միքայել Մանվելյանը: Սունդուկյանի անվան թատրոնում անձնավորել է 100-ից ավելի դեր: 1926 թվականից նկարահանվել է կինոյում: Նրա «Եղսան մոքիր» պատմվածքի հիման վրա «Հայֆիլմում» նկարահանվել է «Ղուլը» կինոնկարը:

1880: Բուխարեստում ծնվել է հայազգի ռումինացի նկարիչ և արվեստաբան Աբգար Բալթազարը: Կտավները պահվում են Ռումինիայի արվեստի թանգարանում, Կլուժի, Զամպաքճյանի պետական թանգարաններում, իսկ «Երեխայի գլխանկար» գրաֆիկական աշխատանքը՝ ՀԱՊ-ում: Մահացել է 1909-ին Բուխարեստում:

1880: Նախիջևանում ծնվել է ԽՍՀՄ-ում ստորջրյա հնագիտության՝ հիդրոհնագիտության հիմնադիր Ռուբեն Օրբելին՝ Հովսեփ և Լևոն Օրբելիների ավագ եղբայրը: Ի դեպ, Ռուբեն Օրբելին գիտականորեն հավաստել է, որ Լեոնարդո դա Վինչին եղել է Հայաստանում և ի թիվս իրեն մատչելի աշխարհագրական տարածքի ծովերի և գետերի, իր ձեռագրերում հիշատակել է Հայաստանի գետերը:

1910: Պետերբուրգում ծնվել է Հայաստանի վաստ. ճարտարապետ, վաստ. շինարար Գևորգ Թամանյանը: Ավարտին է հասցրել հոր՝ անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի սկսած մի քանի կառույցներ՝ Կառավարական տունը, Երևանի օպերայի և բալետի թատրոնի, ազգային գրադարանի շենքերը: Երևանի Հանրապետության հրապարակի կառուցապատման և Օպերային թատրոնի շենքի համալիր վերակառուցման համար (երկու անգամն էլ՝ հեղինակային խմբի հետ) արժանացել է Հայաստանի պետ. մրցանակի: Մահացել է 1993-ին Երևանում:

___

1887: Վրաստանի Սամտրեդիայի շրջանի Նողա գյուղում ծնվել է վրացի լեզվաբան-բանասեր, կովկասագետ, հայկաբան, Վրաստանի և Հայաստանի գիտ. վաստ. գործիչ Ակակի Շանիձեն: Ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը: 1914-ին Նիկողայոս Մառի հանձնարարությամբ մեկնել է Հայաստան՝ Անիի պեղումներին ծանոթանալու, Էջմիածնի մատենադարանում «Երգ երգոցի» գրչագրերն ուսումնասիրելու, հայերենի ու հնագրության մեջ հմտանալու: Շանիձեն Թբիլիսիի համալսարանի հայոց լեզվի առաջին դասախոսն է եղել: Նրա աշխատություններում զգալի տեղ է զբաղեցնում հայագիտությունը:

1919: Ծնվել է ֆրանսիացի մշակութային գործիչ, թարգմանիչ Լյուք Մարսելը: Վենետիկի Մխիթարյան միաբանությունում ուսումնասիրել է հայկական ձեռագրերը: Գրիգոր Նարեկացու ծննդյան 1000-ամյակի առթիվ ներկայացրել է «Մատյան ողբերգության» պոեմից 25 էջ թարգմանություն: Ուսումնասիրել է նաև Դանիել Վարուժանի գրական գործունեությունն ու կենսագրությունը:

___

1968 թ. փետրվարի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց ռազմական հանցա-գործությունների և մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետը չկիրառելու մասին համաձայնագիրը: Այն մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների շարքին է դասում և իբրև ծանրագույն հանցանք դատապարտում է նաև ցեղասպանությունը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի փոքրամասնությունների խտրականության կանխման և պաշտպանության ենթահանձնաժողովը քանիցս անդրադարձել է 1915-23 թթ. հայերի ցեղասպանության քննարկմանը: Իսկ 1973 թ. մարտի նստաշրջանում ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվեց հայերի եղեռնը, որը նկարագրված էր որպես «20-րդ դարի ցեղասպանության առաջին դեպք»: