1988: Արցախյան շարժումը խեղդելու նպատակով Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում սկսվեցին և 3 օր անարգել շարունակվեցին հայկական ջարդերը:
___
1910: Թիֆլիսում ծնվել է շախմատի հայ առաջին սպորտի վարպետ, Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի վաստ գործիչ, ԽՍՀՄ սպորտի վաստ. վարպետ, միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի 10-ակի չեմպիոն, Անդրկովկասի չեմպիոն, շախմատային կոմպոզիտոր Հենրի Գասպարյանը (Կասպարյան): Մեծ հաջողությունների է հասել շախմատային կոմպոզիցիայում, այդ ձևում դարձել միջազգային կարգի մրցավար, միջազգային վարպետ, միջազգային գրոսմայստեր, ԽՍՀՄ 6-ակի չեմպիոն: Հեղինակ է 400-ից ավելի էտյուդի, որոնցից շուրջ 80-ը տարբեր մրցույթներում արժանացել են 1-ին մրցանակի: Մահացել է 1995-ին Երևանում:
1916: Թիֆլիսում ծնվել է արվեստի վաստ. գործիչ, գրող, դրամատուրգ Միքայել Շաթիրյանը ( «Ասք արմավենու մասին», «Արծաթե դար» ): Նրա սցենարով «Հայֆիլմում» նկարահանվել է «Նվագախմբի տղաները» կինոնկարը:
1918: Կահիրեում ծնվել է դեկորատիվ-կիրառական արվեստի նկարիչ, ոսկերիչ-արծաթագործ Ժիրայր Չուլոյանը: Հայաստանում սկզբնավորել է հուշանվերային գեղարվեստական կերտվածքների արտադրությունը: Նրա պատրաստած կրծքազարդերը, ազգային-պատմական նկարազարդումներով սկուտեղները, գավազաններն ու զինանշանը արվեստի գլուխգործոցներ են, պահվում են ՀԱՊ-ում ու աշխարհի մի շարք թանգարաններում:
1920: Ալեքսանդրապոլում (Գյումրի) ծնվել է Հայաստանի վաստ. բժիշկ, 1954-56 և 1963-76 թթ. Երևանի գլխավոր վիրաբույժ Հարություն Մինասյանը: Հայաստանում առաջիններից մեկն է գործնականում կիրառել ինտուբացիոն նարկոզը, կատարել կերակրափողահատում: Մահացել է 1988-ին:
1921: Երևանում ծնվել է Հայաստանի վաստ. մարզիչ, սպորտի վարպետ, սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջին չեմպիոն Սարգիս Սարգսյանը: Ստալինյան բռնության տարիներին աքսորվելով Հեռավոր Արևելք՝ մարմնամարզիկը այնտեղ էլ շարունակել է մարզվել և դարձել է մարմնամարզության Հեռավոր Արևելքի բազմակի չեմպիոն: Մարզել է տեղի հավաքականը, իսկ ավելի ուշ՝ նաև Երևանի Ա. Ազարյանի անվան մարզադպրոցի սաներին:
1937: Շիրակի Անիպեմզա գյուղում ծնվել է արձակագիր Հովհաննես Մելքոնյանը: Նրա սցենարներով «Հայֆիլմում» նկարահանվել են «Խոնարհվիր վաղվա օրվան», «Շնչառություն», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» ֆիլմերը:
___
1937: Լենինականում (Գյումրի) ծնվել է ՀՀ արվեստի վաստ. գործիչ, կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը: Նրա «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Կյանքի լավագույն կեսը» կինոնկարներն արժանացել են Հայաստանի պետ. մրցանակի: Ալբերտ Մկրտչյանը ԽՍՀՄ, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի՝ Ֆրունզիկի կրտսեր եղբայրն է:
___
1858: Կ. Պոլսում մահացավ նշանավոր ճարտարապետ և արվեստագետ Նիկողոս Պալյանը: Պալյանների նշանավոր տոհմի այս ներկայացուցիչը եղել է պալատական ճարտարապետ: Կառուցել է սուլթանական պալատներ Սկյուտարում, Չրաղանի, Օրթագյուղի, Դոլմաբախչեի մզկիթները, Թոփխանեի ժամացույցի աշտարակը: Զբաղվել է Պոլսի հայ համայնքի վարչական ու կրթական հարցերով, մասնակցել Ազգային սահմանադրության ստեղծմանը: 18-19-րդ դդ. Թուրքիայի գրեթե բոլոր հրաշակերտ կառույցների հեղինակները Պալյանների գերդաստանի ներկայացուցիչներն են՝ Մինաս, Գրիգոր, Կարապետ, Մակար, Նիկողոս բեյ, Սարգիս բեյ, Սենեքերիմ և Սիմոն Պալյանները:
1920: Մարաշում զոհվեց ազգային-ազատագրական շարժման գործիչ, Մուսա լեռան հերոսամարտի ղեկավարներից 33-ամյա Պետրոս Տմլաքյանը: 1916-ին որպես լեգեոնական Երուսաղեմի մոտ մասնակցել Արարայի ճակատամարտին: 150 կամավորներով կազմակերպել է Մարաշի Սբ. Աստվածածին եկեղեցում ապաստանած հայերի պաշտպանությունը, որտեղ էլ զոհվել է: