1289 թ. փետրվարի 6-ին՝ 53 տարեկան հասակում, վախճանվել է Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին և հաջորդը: Հայտնի է, որ Հեթում արքան իր 20-ամյա որդուն շնորհել «հեծյալ ասպետի» կոչում և ճանաչել գահակից, ամուսնացրել Լամբրոնի տեր Հեթում իշխանի դստեր՝ Կեռանի հետ: Լևոնը Տարսոն քաղաքում օծվել է թագավոր, իսկ ծերունի հայրը մտել է Դրազարկի վանք՝ իբրև կրոնավոր: Լևոն Երրորդը գահակալել է 20 տարի:
___
1889: Կոնստանցայում ծնվել է Ռումինիայի ԳԱ թղթակից անդամ, արվեստաբան և հավաքորդ Գրիգոր Զամպաքճյանը: Եղել է Բուխարեստի Հայ մշակույթի տան առաջին նախագահը, աշխատակցել «Անի» ռումինական հայագիտական հանդեսին, Զամպաքճյանի հավաքածուի հիման վրա Բուխարեստում ստեղծվել է նրա անունը կրող պետական թանգարան: Հայաստանին է նվիրել 16-19-րդ դդ. ֆլամանդական և ֆրանսիական արվեստի մեծարժեք գործեր: Մահացել է 1962-ին Բուխարեստում: 1916: Հայ ժողովրդին նյութական օգնություն կազմակերպելու նպատակով Անգլիայի բազմաթիվ եկեղեցիներում անցկացվեց «Հայկական կիրակի» բարեգործական միջոցառումը: Նախաձեռնողն էր հայ դատի ջերմեռանդ պաշտպան, անգլիկան եկեղեցու պետ, արքեպիսկոպոս Ռենդել Դևիսոնը:
1919 թ. փետրվարի 6-ին սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր: Մեկ շաբաթ տևած համագումարը քննարկեց արևմտահայ գաղթօջախների քաղաքական ծրագրերի մշակման, նրանց հայրենիք վերադարձի, ներկայացուցչական մարմին ստեղծելու և այլ հարցեր: Որոշվեց հարց բարձրացնել Փարիզում սկսվող խաղաղության կոնֆերանսի առջև՝ Արևմտյան Հայաստանի և արդեն գոյություն ունեցող ՀՀ միավորմամբ մեկ միասնական հայկական պետություն ստեղծելու մասին:
1935: Ստեղծվեց ԽՍՀՄ ԳԱ Անդրկովկասի հայկական բաժանմունքը, որի նախագահ հաստատվեց պետերբուրգցի երկրաբան, ակադեմիկոս Լևինսոն-Լեսսինգը: Ի պատիվ նրա՝ Արագածի հյուսիսարևելյան լճերից մեկը կոչվում է Լեսսինգի լիճ:
___
1899 թ. այս օրը ԱՄՆ-ի Սենատը վավերացրեց այն պայմանագիրը, որով Իսպանիան 20 միլիոն դոլարի դիմաց նրան էր զիջել Գվատեմալան, Կուբան, Պուերտո-Ռիկան և Ֆիլիպինները:
1934 թ. այս օրը Ֆրանսիայում տապալվեց ֆաշիստական խռովության փորձը:
Այսօր սաամների միջազգային օրն է: Նշվում է 1992 թվականից: Սաամ հյուսիսային ազգությունն ապրում է Սկանդինավյան երկրներում և ՌԴ Կոլա թերակղզում:
Այսօր Նոր Զելանդիայի ազգային տոնն է՝ Վայտանգայի օրը: 1840 թ. փետրվարի 6-ին Վայտանգա գետի մոտակա գյուղակում կղզու բնիկ մաորի ցեղերի խմբի և Անգլիայի կառավարության միջև ստորագրվեց համաձայնագիր Նոր Զելանդիայի նկատմամբ բրիտանական գերիշխանություն հաստատելու մասին: