Այսօր կանանց իրավունքների և խաղաղության միջազգային օրն է:
Մարտի 8-ը՝ իբրև կանանց միջազգային օր, առաջարկվել է 1910 թ. սոցիալիստ կանանց Կոպենհագենի կոնֆերանսում: Եվրոպայում նշվում է 1911-ից, Հայաստանում՝ 1921-ից: ՄԱԿ-ը մարտի 8-ը Կանանց միջազգային օր է ճանաչել 1975 թվականին:
Հայ կանանց շարժումը սկիզբ է առել 19-րդ դարում: 20-րդ դարի սկզբին հայ մտավորական կանայք ստեղծեցին Կանանց իրավունքների հռչակագրի իրենց տարբերակը: Հայաստանի առաջին Հանրապետության Սահմանադրության մեջ առաջին անգամ նշվել է կանանց ընտրելու և ընտրվելու իրավունքը:
Դեռևս 12-րդ դարում հայ օրենքների առաջին գրքում՝ Մ. Գոշի «Դատաստանագրքում» նշվում էր, որ կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ և հավասարապես պատասխանատու են ընտանիքի բարեկեցության համար:
___
1878: Եվրոպական տերություններին Հայկական հարցը ներկայացնելու նպատակով Կ. Պոլսից Բեռլին մեկնեց Մկրտիչ Խրիմյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաև Խորեն Նար պեյը, Մինաս Չերազը և Ստեփան Փափազյանը:
1911: ԱՄՆ-ի Սոմերվիլ քաղաքում ծնվել է 20-րդ դարի նորարար կոմպոզիտոր, Ամերիկյան ակադեմիայի և գրականության ու արվեստի ինստիտուտի, Հայաստանի կոմպոզիտորների միության պատվավոր անդամ Ալան Հովհաննեսը (Չաքմաքչյան): Նրա երաժշտությունը արժեքավոր ավանդ է Արևելքի և Արևմուտքի երաժշտական մշակույթների սինթեզման գործում: Ալան Հովհաննեսի 50-ից ավելի հայկական ոճի ստեղծագործությունները մեր երաժշտության ինքնատիպ էջերն են: 1965-ին կոմպոզիտորը այցելել է Երևան և անձամբ հանդես եկել իր գործերի կատարմամբ:
1919: Հրապարակվեց սուլթան Մեհմեդ 6-րդ Վահիդեդդինի կայսերական հրովարտակը՝ երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներին դատելու մասին:
1932: Երևանում ծնվել է Հայաստանի ժող. արտիստ, Հայաստանի պետ. մրցանակի և 1955 թ. Պրահայի թավջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը: Մահացել էանցյալ տարի՝ 2021թ. մարտի 3-ին:
1969: «Անուշ»-ի բեմադրությամբ բացվեց Երևանի դրամատիկական թատրոնը (այժմ՝ Հրաչյա Ղափլանյանի անվան):
1970: Թուրքմենիայի Մարի քաղաքում ծնվել է հայ անվանի բասկետբոլիստուհի, 1992 թ. Բարսելոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Իրեն Բունիաթյանը: Եվ վերջին տարիներին Մոսկվայում բնակվող, : 1985-89 թթ. հանդես է եկել Աբովյանի «Հատիս» թիմի կազմում, դարձել ԽՍՀՄ գավաթակիր: Հետագայում ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում եղել է աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ԲԿՄԱ-ի կազմում՝ Եվրոպայի բազմակի գավաթակիր:
___
1933: Կիրկոր Կիրկորովը Սոֆիայում հիմնել է հայկական երկսեռ երգչախումբ՝ «Ալագյազ» անունով: 1937-ին ֆաշիստական իշխանությունների հետապնդումների պատճառով երգչախումբը լուծարվել է, վերակազմավորվել է պատերազմի վերջում՝ «Երևան» անունով: Ավելի քան 50 տարի անց՝ 1995-ին, Սոֆիայի «Երևան» երգչախումբը բաղկացած էր 65 հոգուց, ելույթ էր ունենում Բուլղարիայի քաղաքներում, մասնակցել է բուլղարահայ մշակույթի տասնօրյակին Հայաստանում, երգի տոնին Երևանում: Ժողովրդական, դասական և ժամանակակից երգերի հայտագրով «Երևանը» մեծ դեր է կատարել հայ երգը սփյուռքում տարածելու գործում: Կ. Կիրկորովը արգևատրվել է Բուլղարիայի «Կիրիլ և Մեֆոդի» շքանշանով, Բուլղարիան ֆաշիզմից ազատագրելու 30-ամյակին նվիրված փառատոնի ոսկե մեդալով: