1914: Մեծ տերությունների և Թուրքիայի կողմից ստորագրվեց հայկական բարենորոգումների ծրագիր: Որպես կառավարիչներ Կ. Պոլիս ժամանեցին հոլանդացի Վեսթենենկը և նորվեգացի Հոֆֆը: Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով ծրագիրը մնաց թղթի վրա:

___

1878: Ռուս-թուրքական պատերազմում ռուսական զորքերը գրավեցին Կարինը (Էրզրում):

1915 թ. փետրվարին երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը ստեղծեց հատուկ հանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածները կազմակերպելու համար: Այսպես կոչված «Երեքի գործադիր կոմիտեի» անդամներն էին Բեհաէդդին Շաքիրը, Նազիմը և Միդհաթ Շյուքրին: Կոմիտեն ամենայն մանրակրկիտությամբ մշակեց հայերի բռնագաղթի ժամկետները և ուղիները, ոչնչացնելու վայրերը, ջարդարարների գործելակերպը, հատուկ այդ նպատակի համար բանտերից ազատեց քրեական հանցագործներին, կազմեց երիտթուրքական խմբապետների հրամանատարության տակ դրվող չեթեների ավազակախմբերը, որոնք «Հատուկ կազմակերպություն» անվան տակ իրագործեցին ցեղասպանությունը: Ի դեպ, ծագումով քուրդ թուրք լրագրող Ռիֆաթ Մևլանզադեն, ով մասնակցել է երիտթուրքական կուսակցության գաղտնի ժողովներին և քաջատեղյակ էր կուսակցության ծրագրերին, «Երեքի գործադիր կոմիտեի» և «Հատուկ կազմակերպության» գործունեությունը որակել է որպես արյունալի և բարբարոսական:

1925: Հայաստանի Ժողկոմխորհը որոշում ընդունեց Ռուսաստանի Կենտգործկոմի կողմից Հայաստանի սովյալների օգտին հատկացված 10 միլիարդ ռուբլին բացառապես սովյալներին օգնող հանձնաժողովին տրամադրելու մասին:

1964: Երևանում՝ հայ մեծ բանաստեղծի ապրած բնակարանում, բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը: Թանգարանի հիմնական ֆոնդերի թիվն անցնում է 7000-ից:

1878: Ծնվել է Շավարշ Բասենցյանը, նույն ինքը՝ Եղիշե Չարենցի հանրահայտ «խմբապետ Շավարշը»: Անցել է յաթաղանից մազապուրծ գողգոթան: Բասենցյանը քաղաքական գործիչ չէր, այլ զենքի մարդ. մի քանի անգամ բանտարկվել է, իսկ վերջին անգամ Բարձր դռան կողմից դատապարտվել է 101 տարվա բանտարկության: 1912-ին ՀՅԴ անդամ Շավարշը մեկնել է Բուլղարիա՝ ուսանելու թագավորական ռազմական ակադեմիայում, հարյուրապետ է եղել Քեռու կամավորական ջոկատում: 1919-ին մասնակցել է բոլշևիկների դեմ փետրվարյան համաժողովրդական ապստամբությանը, ղեկավարել է Ղամարլուի՝ Արտաշատի ինքնապաշտպանությունը: Հայկական որբանոցների Ամերկոմում աշխատելու ընթացքում հաճախակի օգնել, իր տուն է տարել և խնամել որբերին: Մտերիմ է եղել Չարենցի հետ, և ինչպես ինքն էր կանխագուշակել մեծ բանաստեղծի հանրահայտ պոեմի լույս տեսնելուց հետո, երկուսի համար էլ օրհասական եղավ դժնդակ 37 թվականը:

___

 

1837 թ. փետրվարի 8-ին տեղի ունեցավ Պուշկինի ու Դանտեսի ճակատագրական մենամարտը: 38-ամյա ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը, ինչպես հայտնի է, զոհվեց այդ մենամարտում:

1844:  Օբերհաուսբերգեն քաղաքում ծնվել է գերմանացի հայագետ Գուստավ Ադոլֆ Շրումպֆը: 1890-ին հրատարակել է «Հայագիտությունը Եվրոպայում» հոդվածաշարը: Մահացել է 1892-ին Լոնդոնում:

1984 թ. փետրվարի 8-ին Սարաևոյում սկսվել են ձմեռային 14-րդ, իսկ 1992 թ. նույն օրը  ֆրանսիական Ալբերվիլ քաղաքում՝ 16-րդ օլիմպիական խաղերը:

1988: Խորհրդային պետության ղեկավար Միխայիլ Գորբաչովը հայտարարեց խորհրդային  զորքերը Աֆղանստանից դուրս բերելու մասին: