1958: Բելգիայի Գենտ քաղաքի համալսարանի մատենադարանի մեծ սրահում, որպես շարունակություն նախորդ օրվա հիշատակի երեկոյի, ամրացվեց հուշատախտակ՝ այդ բուհում ուսանած արևմտահայ մեծ բանաստեղծ, Մեծ եղեռնի զոհ Դանիել Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն ու ֆլամանդերեն արձանագրությամբ՝ բանաստեղծի հետևյալ բառերով.
Ի՜նչ փոյթ կեանքը մեռնող,
Երբոր երազը կ՛ապրի,
Երբոր երազն անմահ է:
___
1763: Այս օրը հայ ազատարական շարժման գործիչ Հովսեփ Էմինը Մոսկվայից ուղևորվեց Վրաստան՝ անդրկովկասյան ժողովուրդների ազատագրական պայքարը կազմակերպելու նպատակով:
1824: Մադրասում կյանքի 74-րդ տարում վախճանվեց առաջին հայ պարբերականի՝ «Ազդարարի» հիմնադիր Հարություն Շմավոնյանը:
1885: Ջավախքի Գանձա գյուղում ծնվել է հայ մեծ քնարերգու Վահան Տերյանը (Տեր-Գրիգորյան): Իր ստեղծագործությամբ նոր էջ է բացել հայ քնարերգության պատմության մեջ: Տերյանի լեզուն արևելահայ գրական լեզվի ամենակատարյալ դրսևորումներից է: Գրել է ավելի քան 400 բանաստեղծություն, հարյուրավոր նամակներ, տասնյակ հոդվածներ, կատարել թարգմանություններ: Ազգությունների ժողովրդական կոմիսարիատում աշխատելիս խորհրդային կառավարությանն է ներկայացրել «Թուրքահայաստանի մասին զեկուցագիրը» և «Դեկրետ Հայաստանի մասին» նախագիծը: Ապրել է 35 տարի, մահացել Օրենբուրգում, թոքախտից:
1886: Նոր Նախիջևանում ծնվել է պետ. և ռազմ. գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը (ծածկանունները՝ Մարտունի, Ալյոշա, Բոլշևիկ, Կոմունիստ): Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում: Եղել է Բելոռուսիայի կոմկուսի կենտրոնական կոմիտեի բյուրոյի նախագահ, Մոսկվայի քաղկոմի քարտուղար, Անդրերկրկոմի առաջին քարտուղար, 1917-ի նոյեմբերից կատարել է ռազմաճակատի գլխավոր հրամանատարի պարտականությունները: 1921-ի մարտին նշանակվել է Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ և ռազմական գործերի ժողկոմ: Եռանդուն գործունեություն է ծավալել ժող. տնտեսության վերականգնման, քաղաքացիական պատերազմի հետեւանքները վերացնելու, նոր իշխանության շուրջ հայ մտավորականությանը համախմբելու համար: Մյասնիկյանը Խորհրդային Հայաստանի գործիչներից առաջինն էր, որն անդրադարձել է սփյուռքի հետ փոխհարաբերություններին, սփյուռքի հայ քաղաքական կուսակցությունների գործունեությանը: Խմբագրել է շուրջ 10 անուն թերթ և հանդես: 1921-ի հուլիսի 4-5-ը մասնակցել է ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստին, որտեղ դեմ է քվեարկել Ստալինի միջամտությամբ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու որոշմանը: Զոհվել է 1925-ի մարտին Թիֆլիսի օդանավակայանում՝ ինքնաթիռի աղետից:
1888: Նոր Նախիջևանում ծնվել է մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս, գյուտարար Երվանդ Կողբետլյանցը: Եղել է Ֆրանսիայի երկրաֆիզիկոսների միության նախագահ, Ռոկֆելլերի ինստիտուտի անդամ: Մահացել է 1976-ին Նյու Յորքում:
1903: Ռոդոսթոյում (Բուլղարիա) ծնվել է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից Վազգեն (Օնիկ) Շուշանյանը: Ստեղծագործության հիմնական թեման սփյուռքն է, հայ մնալու, գոյատևելու պայքարը: Մահացել է 1941 թվականին, Փարիզում:
1941: Ծնվել է տեխ. գիտ. դ-ր, պրոֆ., ինժեներ-մեխանիկ, ԱՄՆ Նեբրասկա քաղաքի պատվավոր քաղաքացի, «Ապրոքսիմացիոն-կինեմատիկական երկրաչափություն» գիտական նոր ուղղության հիմնադիր Յուրի Սարգսյանը: Եղել է Երևանի ճարտարագիտական համալսարանի ռեկտոր: Նրա առաջարկած «քառակուսային կինեմատիկական երկրաչափություն» եզրույթը մտել է միջազգային տերմինաբանության մեջ:
___
Այսօր ռուս մեծ գրող Ֆյոդոր Դոստոևսկու հիշատակի օրն է:
1799 թ. այս օրը Անգլիայում, աշխարհում առաջին անգամ, մտցվեց եկամտահարկ:
1874: Ծնվել է ռեժիսոր, դերասան Վսեվոլոդ Մեյերհոլդը: Համագործակցել է արվեստի հայազգի գործիչներ Վախթանգովի, Յակուլովի, Բեբուտովի հետ: Ներկայացում է տվել հայկական կոտորածներից տուժածների օգտին:
1909 թ. այս օրը ԱՄՆ-ում առաջին անգամ պաշտոնապես արգելվեց թմրանյութերի տարածումը: