Ավետիսյանցիները փաթեթավորում են սուրբծննդյան նվերները
Մոտեցող տոներն Ավետիսյան դպրոցի բազմահոգ առօրյային ավելացնում են տարվա թերևս ամենահաճելի հոգսը՝ սուրբծննդյան նվերների փաթեթավորումը, որին այստեղ սպասում են դեկտեմբերից դեկտեմբեր: Երեք օր շարունակ ավագ դպրոցի աշակերտները խոսք ու ծիծաղով, անցած տարվանից հիշվող կատակներով պատրաստում են նվերների «պարկերն» ու տուփերը՝ խաղալիքների և պիտույքների հետ յուրաքանչյուրի մեջ ավելացնելով իրենց մաղթանքի երկտողն ու հոգու ջերմությունը:
Պատանիներն աշխատում են ուրախությամբ, հստակ և կազմակերպված, փաթեթավորման հարահոսը կանգ չի առնում ամբողջ օրվա ընթացքում, բարձրդասարանցիներին օգնության է հասնում յուրաքանչյուրը, ով այդ պահին ազատ է թեկուզ մի քանի րոպեով. չէ՞ որ երեք օրում պետք է հասցնեն պատրաստել նվերների 12.000 տուփ՝ առանձնացված տղաների և աղջիկների համար: Եվ Նոր տարվա գիշերը այս նվերները նույնքան մանուկների կպատճառեն այն անսահման խինդն ու բերկրանքը, որ իր հետ ամեն անգամ բերում է զարմանահրաշ Ամանորը:
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) և Հայ Ավետարանական եկեղեցու այս ավանդական նախաձեռնությունը միտված է Հայաստանի և Արցախի կարիքավոր ընտանիքների հոգսը թեթևացնելուն: Եվ այդ շնորհընկալ ձեռնարկին գործով օգնելը նրա մեջ ընդգրկված մյուս բոլոր կամավորների նման չգրված օրենք է դարձել ավետիսյանցիների համար:
… Որպեսզի Ամանորին հայ մանուկն անժպիտ չմնա: