Դպրոցը տոնեց իր շնորհալի սանի առաջին գրքույկի լույսընծայումը

Նոր էին մարել տասներկուերորդցիների վերջին դասի զանգի ելևէջները, իսկ դպրոցի նիստերի լայնարձակ դահլիճում արդեն հավաքված էին  բազմաթիվ ուսուցիչներ և տասնմեկերորդցիներ, որոնք եկել էին  տոնելու համադասարանցի  Ավագյան Մանեի առաջին գրքույկի լույս աշխարհ գալը: Հրավիրված էին նաև պատանի բանաստեղծի մայրն ու ավագ քույրը՝ Ավետիսյան դպրոցի շրջանավարտ Նելլին:

Իսկ պատմությունն այս սկսվել էր շատ վաղուց և շատ հեռվից…

… Ապրում էր Հայաստան աշխարհում մի անհոգ ու երազկոտ աղջնակ՝ Մանե անունով: Վայելում էր երաժիշտ մոր, զինվորական հոր, ավագ քրոջ սերն ու քնքշանքը: Հոր ծառայության բերումով  ապրում և դպրոց էր հաճախում մերթ Վանաձորում, մերթ Վարդենիսում, մերթ Բերդում, մերթ Գորիսում, մերթ Երևանում, մերթ Մոսկվայում, մերթ էլ Ստեփանակերտում: Եվ ամեն նոր վայրում նրա հոգուն ավելանում էր մի թել, մի գույն, մի երանգ, մի հնչյուն: Այսպես ծնվում և հյուսվում էին նրա հանգերը, դառնում բանաստեղծություն, այնուհետև՝ երգ, որոնք նա կատարում էր իր կիթառի նվագակցությամբ, մրցույթներում իր արդյունքներով ուրախություն պարգևում համերաշխ ընտանիքին:  Արձակուրդներին, երբ ստացվում էր, հաճախում էր Ավետիսյան դպրոցի ամառային ճամբար:

Մանեի «անԿԵՂԾ» գրքի շնորհանդեսն սկսվեց, ընթացավ և ավարտվեց գինեձոնի՝ չգրված բոլոր կանոններով. սրտի խոսքեր ուսուցիչներից և տնօրեն Մելանյա Գեղամյանից, նոր երգի ներկայացում, գրքույկի բանաստեղծություններից արտասանություն (հեղինակի և նրա դասղեկի), վարդերի փունջ, նրբաճաշակ հյուրասիրություն…

… Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Ավագյաններն ապրում էին Ստեփանակերտում: Հարազատների խորհրդով աղջնակին անմիջապես տեղափոխեցին Երևան, որտեղ նրան արդեն ճանաչում և սիրով ընդունեցին Ավետիսյան դպրոցում:

Իր սանի բանաստեղծական ձիրքը առաջինը նկատեց հայերենի ուսուցչուհին: Այնուհետև նրա տետրակը հասավ դպրոցի «Գրական վերնատուն», կերպարվեստի, հայոց լեզվի և գրականության մյուս ուսուցիչներին: Մանկավարժների եզրակացությունը միասնական էր՝ այդ գեղեցիկ, ինքնատիպ խոհերն ու զգացմունքները անտիպ չպետք է մնան: Առանց երկմտելու գործն իր հովանու տակ վերցրեց դպրոցի տնօրենը: Գտնվեցին և խմբագիր ու հրատարակիչ…

Եվ այսօր Մանեն, շրջապատված իր դասընկերներով, ուսուցիչներով ու հարազատներով, մակագրում է իր առաջին գրքույկը:

Խնդություն՝ լի արցունքով. Մանեն մի պահ նայում է վերև. ո՛վ գիտե, այնտեղ՝ Վերևում, հայրը նույնպես հրճվում է իր շնորհալի զավակով…

Մանեն իր «անԿԵՂԾ»-ը նվիրել է հոր անմար հիշատակին:

ՀՀ ԶՈւ գնդապետ, Արցախի հերոս Հովհաննես Ավագյանը հերոսաբար զոհվեց 2020 թվականի նոյեմբերի 7-ին Շուշիի համար մղվող մարտում:

Մանե Ավագյանի «Վերևում» բանաստեղծությունը թող մի պահ ձեզ էլ տանի Եռաբլուր, ինչպես տարավ մեզ բոլորիս…

         Վերևում

Սառը քամին թափանցում է,

Սառեցնում է մկաններդ,

Բայց բլրի վրա,

Նրանց հետ,

Նրա կողքին,

Հոգիդ միշտ տաք է։

Բլրի վրա թեթևացած ես,

Ջերմացած, հոգսերից կտրված։

Ամեն բան բլրի վրա այլ է։

Ուրիշ օդ է այնտեղ,

Ուրիշ կերպ ես շնչում և արտաշնչում։

Ամեն բան կանգնած է այնտեղ։

Այնտեղ հայրենիքի սեր կա ,

Խորհրդավոր լռություն և հանգստություն։

Ասելիքը այնտեղ շատ է,

Շարված է կոկորդումդ ու ուզում է դուրս պրծնել,

Արդարանալու շատ բան կա։

Արցունքներդ ուզում են հոսել գետի պես,

Բայց հասկանում ես, որ նրանք դրան չեն սպասում։

Սառը լռություն է վերևում,

Քարացած կանգնած ես դու։

Սառն է ամեն ինչ վերևում

Ծաղիկները, քարերը և անգամ մահկանացուդ։

Սառը, բայց ամենաջերմ վերևում…