Նա միշտ մեզ հետ է
Ավարտվեց ևս մեկ թումանյանական ամիս: Այն սկսվել էր տարրական դասարաններից, որտեղ փետրվարը նվիրվել էր մեծ գրողի՝ մեզ ժառանգած հայկական ժողովրդական հեքիաթների նկարազարդմանը: Եվ մեծ բանաստեղծի տարեդարձին տարրական դպրոցի (Բիլեզիկյան) մասնաշենքը ներս մտնողներին դիմավորում էր փոքրիկ շնորհալիների «Ժուկով-ժամանակով» ցուցահանդեսը՝ Անբան Հուռիով, Կիկոսով, Անխելք մարդով և բազմաթիվ այլ սիրված հերոսներով:
Լեփ-լեցուն դահլիճում Թումանյանի հերոսների խորհրդանշական շքահանդեսով սկսվեց նաև գիրք նվիրելու և բանաստեղծի ծննդյան օրվա հանդեսը:
Անսովոր և անչափ հետաքրքիր էր IV «ա» դասարանի մայրենիի դասը: Այն անցկացվեց… սուրդո լեզվով, որն աշխարհին հայտնի է որպես սիրո և հանդուրժողականության լեզու: Ուսուցչուհի Զ. Ամբրոյանը իր տեղը զիջել էր լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի դաստիարակ Արեն Ալավերդյանին, ում օգնությամբ դասի առաջին մի քանի րոպեների ընթացքում դասարանը ժեստերի լեզվով տիրապետեց ամենակարևոր բառերին՝ «բարև» «շնորհակալություն», «ներողություն», «հայրիկ», «մայրիկ», «ընտանիք», «տուն»: Դրան հաջորդեց թումանյանական դասը. ինչպես նվագախումբն է «շարժվում» նվագավարի ձեռքերին համընթաց, այդպես էլ փոքրիկ ավետիսյանցիներն էին հետևում նոր ուսուցչին, կրկնում նրա շարժումները և դրանք համապատասխանեցնում բառերին: Արդյունքն ուղղակի ապշեցուցիչ էր. դասավարտի զանգից դեռ մի քանի րոպե կար, իսկ դասարանն արդեն ժեստերի լեզվով անսխալ սովորել էր Հովհաննես Թումանյանի «Ա՜խ, ինչ լավ են» բանաստեղծությունը:
Հաճելի անակնկալ էին պատրաստել յոթերորդցիները (Ա. Սալնազարյան, Լ. Բախշյան): Նրանք իրենց հասակակիցներին ներկայացրին փոքրիկ մանրանվագ ՝ ստեղծված մեծ բանաստեղծի կենսագրության հիման վրա (VII «ա»), և «Խելոքն ու հիմարը» հեքիաթը (VII «բ»):
Ամենայն հայոց բանաստեղծին նվիրվեցին նաև ռուսերենի դասերը VII, VIII, IX և X դասարաններում (ուսուցչուհի՝ Ն. Հովհաննիսյան): Դրանք անցան պաստառներով, տեսանյութերով, թումանյանական հեքիաթների հիման վրա ստեղծված մուլտիպլիկացիոն ֆիլմերով և, իհարկե, ռուսական պոեզիայից Թումանյանի թարգմանություններով: Բնագրի հետ համեմատելով Ա. Պուշկինի «Ձմեռվա իրիկունը» բանաստեղծության անզուգական թարգմանությունը՝ պատանիները ռուսերեն և հայերեն և՛ ասմունքում, և՛, հիանում էին թումանյանական ամեն մի նոր բառով ու պատկերով:
Միամսյակի պսակը, ինչպես և ակնկալվում էր, եղավ ավագ դպրոցի «Գրական վերնատան» հերթական հավաքը, որն այս անգամ նվիրված էր մեծ բանաստեղծի հոդվածներին: Խմբակի ղեկավար Լ. Բախշյանի հետ պատանիները քննարկվեցին «Ինքնակենսագրություն», «Անկեղծ չենք», «Դառնացած ժողովուրդ», «Մեծ ցավը», «Հանգիստ ու լիքը հավատով», «ՀՕԿ», «Հայ գրականության վիճակը» հոդվածները, մեծ բանաստեղծի և քաղաքացու արծարծած ազգային խնդիրները փորձեցին դիտարկել հայկական իրականության մեկդարյա հենքի վրա՝ զուգահեռներ փնտրելով ու նաև գտնելով մերօրյա ծիրում:
Հավաքի ավարտական ելևէջները տեղափոխվեցին դասասենյակներ, քանի որ «Գրական վերնատան» անդամները օրակարգից բացի պատրաստել էին հաճելի անակնկալ՝ բանաստեղծի անձնական քնարերգության նմուշների ասմունք:
Ոգեղեն էր ամբողջ փետրվարը. միջանցքում ու դասասենյակում, գրադարանում, դահլիճում և բեմում մի ամբողջ ամիս «օդը լիքն էր» Թումանյանով: Իսկ միամսյակի ավարտին Ավետիսյան ավագ դպրոցից Միլենան ու Հարությունը մասնակցեցին ինքնատիպ հարցման: Նրանց հետ հարցուպատասխանը, որ իրենք իսկ վերնագրեցին «Թումանյանը և ես», կարդացե՛ք հաջորդիվ: