Մայիսյան եռատոնը Ավետիսյան դպրոցում  սկսվեց մայիսի 8-ի վաղ առավոտյան՝ զանգվածային ֆլեշ-մոբով: Օրվա ոգուն ու տրամադրությանը հարիր՝ դպրոցի բակից մինչև Հարավ-Արևմտյան թաղամասի բակերն ու Մասիսի լանջերը տարածվում էր հոգի թունդ հանող «Յար խուշտան»: Ամբողջ դպրոցը համերաշխ ծափով քաջալերում էր պարող բարձրդասարանցիներին: Միջին դպրոցի շարքերը թռչնի թռիչքի բարձրությունից կազմել էին հայոց եռագույնի պատկերը և մեր ազգի համար այնքան խորախորհուրդ «հաղթանակ» բառը: Իսկ շենքի մուտքի մոտ խլվլում էր տարրական դպրոցի սաներից կազմված «սպիտակ աղավնին»:

Հանդիսության պատվավոր հյուրը՝ «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը բոլորին շնորհավորեց հաղթական մայիսի կապակցությամբ: Ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում իրականացրած աշխատանքների համար նա  շնորհավորեց դպրոցի զինղեկ, գնդապետ Ե. Մազմանյանին՝ Ակադեմիայի «Արիության համար» Ասպետաց խաչի, իսկ կրթահամալիրի տնօրեն տիկին Մ. Գեղամյանին՝ «Ֆիդայիների խաչի» արժանանալու կապակցությամբ և հանձնեց նրանց պարգևները:

Հայրենիքի պաշտպանության կոչի, նաև երդմնակալության նման հնչեց  ապագա զինվոր, զինպատրաստության գերազանցիկ Սաղաթել Զոհրաբյանի ելույթը:

Իսկ դասերից հետո տոնական հանդիսությունը շարունակվեց դպրոցի դահլիճում: Ռուսերենի ուսուցչուհիներ Ս. Աղաջանյանի և Ն. Հովհաննիսյանի կազմակերպած «Պահպանե՛ք խաղաղությունը» խորագրով գրական-երաժշտական կոմպոզիցիան, որը ներկայացրեց հայ ժողովրդի հերոսական ազատամարտերի էջերը՝ Մեծ հայրենականից մինչև Շուշի, իր ոգեղեն շնչով այն աստիճան վարակեց ներկաներին, որ մի պահ կարծես ջնջվեցին դահլիճ-բեմ սահմանագծերը: Որպես հայրենյաց նահատակներին չմոռանալու, խաղաղությունը պաշտպանելու  զգաստացնող ուղերձներ հնչեցին «Բուխենվալդյան ահազանգն» ու  Ռ. Ռոժդեստվենսկու «Ռեքվիեմի» տողերը.

«Տարիներ հետո և դարեր հետո՝ հիշեցե՛ք,

Նրանց, որ երբեք չեն վերադառնա, հիշեցե՛ք

Ընկած քաջերի սուրբ  հիշատակին արժանի՛ եղեք,

Քանի դեռ սիրտը ձեր բաբախում է, հիշեցե՛ք…»:

Համընդհանուր խանդավառ տրամադրության պայմաններում սրտի խոսք ասացին ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Լ. Բալասանյանը, Գիտության և մշակույթի  Երևանի ռուսական կենտրոնի ռուսաց լեզվի և կրթության բաժնի պետ Օ. Լիկովան, նույն բաժնի պետի տեղակալ Ս. Սարաջյանը: Ավետիսյան կրթահամալիրը պարգևատրվեց կենտրոնի  պատվոգրով, իսկ դպրոցի գրադարանը նվեր ստացավ ռուսերեն արժեքավոր գրքեր:

Курсы русского языка и образовательные программы РЦНК в Ереване