«Օգնի՛ր Օզզիին՝ խնայելու էներգիան». այս խորագիրն ուներ էներգախնայողության արշավի շրջանակում «երիտասարդ եվրոպական դեսպանների» (խմբի կարգավորող՝ Ա. Խաչատրյան) այցը Ավետիսյան դպրոց:
Ձեռնարկն իրականացվում էր «Եվրամիությունը՝ էներգիայի համար» արշավի շրջանակում եւ մեծ խանդավառությամբ ընդունվեց միջին դասարանների աշակերտների կողմից: Նրանք առաջին վառ տպավորությունը ստացան հանրամատչելի տեսաֆիլմից եւ փոքրիկ համստեր Օզզիի ու ամբողջ Երկիր մոլորակի համար էներգիան խնայելու միջոցներ էին առաջարկում հենց դահլիճից:
Թե ինչքան կարեւոր է էներգիայի խնայողությունը, երեխաներին մատչելի լեզվով պատմեց «երիտասարդ եվրոպական դեսպան» Գալստյան Միլենան, որ ընդամենը մի քանի տարի առաջ նստում էր նույն դահլիճում՝ այս փոքրիկների տեղում: Այժմ Ավետիսյան դպրոցի գերազանցիկ շրջանավարտը նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտ է եւ ամեն առիթ օգտագործում է՝ հարազատ կրթօջախին օգտակար լինելու համար:
Հետաքրքիր, աշխույժ եւ շատ օգտակար ինտերակտիվ աշխատանքից պատանի ավետիսյանցիներն էլ ավելի ոգեւորվեցին: Շատերն արդեն մեծահասակի լրջությամբ քննարկում էին, թե հայրիկներին ու մայրիկներին ինչպես են բացատրելու, որ մեր մոլորակի էներգիան պետք է խնայել, եւ դրա տարբեր ձեւեր կան, որ իրենք սովորեցին այսօր՝ էներգախնայող լամպից մինչեւ բնական լույսն ավելի շատ օգտագործելը, հեծանվով երթեւեկելուց մինչեւ լվացքի մեքենան կիսաբեռնված չաշխատեցնելը…
Մտահոգություն փոքրիկ համստերին եւ ամբողջ մոլորակին անհրաժեշտ էներգիայի խնայողության համար, «Էլեկտրական լամպը» կոմիքսների գրքույկը, ոգեւորություն եւ պատասխանատվություն՝ մեր մոլորակի համար: Այսպիսին էր «երիտասարդ եվրոպական դեսպանների» այցի արդյունքը:
EU4Energy էներգախնայողության արշավի շրջանակում երիտասարդ եվրոպական դեսպանների այցը Ավետիսյան դպրոց
Լուսանկարներն արվել են Եվրոպական միության կողմից: