Այսօր սեպտեմբերի 1-ն է, աշնան առաջին օրը, որը վաղուց ի վեր նշվում է որպես գիտելիքի օր: Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոնում 2015-2016 ուստարվա սեպտեմբերմեկյան միջոցառումը սկսվում էր դեռևս բակից: Այնտեղ հնչում էին մանկական ուրախ երգեր, և տիրում էր բարձր տրամադրություն:
Ողջույնի խոսքով հանդես եկավ կրթահամալիրի կորդինացիոն խորհրդի նախագահ պ-ն Հարութ Ներսիսյանը: Նա շնորհավորեց նոր ուսումնական տարվա առթիվ և շնորհակալություն հայտնեց ծնողական համայնքին դպրոցին աջակցելու համար: Պ-ն Ներսիսյանը մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց Ավետիսյան բարերար ընտանիքին հանրությանը նման դպրոց նվիրելու համար:
Տնօրեն Մ. Գեղամյանը շնորհավորեց աշակերտներին և ուսուցիչներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Նա ընթերցեց ՀՀԿԳՆ Ա. Աշոտյանի՝ գիտելիքի և դպրության օրվան նվիրված ուղերձը: Դպրոցական զանգի ղողանջի ներքո 9-11-րդ դասարանների աշակերտները դպրոց ուղեկցեցին 60 առաջին դասարանցիների, որոնք սրտի թրթիռով էին սպասում այդ օրվան: Միջոցառումը շարունակվեց նաև դպրոցի շքեղ դահլիճում, որտեղ ողջույնի խոսքով ելույթ ունեցան 1-11-րդ դասարանների աշակերտներ:
