Օրվա խորհուրդը

Եթե զանգի փոխարեն հնչում է «Ամպի տակից»-ը, եթե դասամիջոցներին միջանցքներով վազվզում են փոքրիկ Սարոներ, Հուռիներ, Շունը, Կատուն, մահակը ձեռքերին Սուտասաններ, ուրեմն իմացե՛ք՝ Ավետիսյան դպրոցում սկսվել է թումանյանական շաբաթը:

Ավանդույթին համաձայն՝ այս տարի նույնպես Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրվա տոնակատարությանն ավելացել է Գիրք նվիրելու օրվա խորհուրդը:

110 գիրք՝ հայ, համաշխարհային դասական գրականության, պատմավեպի, արկածային, գիտական, ուսուցողական, արվեստի, մանկական եւ հատկապես թումանյանական գործերի նմուշներ: Փետրվարի 19-ը նշանավորվեց այսպիսի «բերքով», որը միջոցառումից հետո բարձրդասարանցիները տեղափոխեցին դպրոցի գրադարան:

Մթնոլորտը, քիչ է ասել, թե տոնական էր: Հսկայական դահլիճը լեփ-լեցուն էր, երեխաներից շատերը նստել էին ուղղակի հատակին, բեմ տանող աստիճաններին, մի քանի շարքով կանգնել պատերի մոտ: Ավետիսյան ընտանիքի այդ ջերմ մթնոլորտում անցավ ամբողջ միջոցառումը, որն ավարտվեց ամենաընթերցասեր աշակերտների պարգեւատրմամբ:

Տոնական օրն իրականում սկսվել էր դեռ դասերից էլ առաջ: Դպրոցի թատերախումբը գեղարվեստական ղեկավար Վ. Թորոսյանի գլխավորությամբ թումանյանական ինքնատիպ «բարի լույսով» դիմավորեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանի աշխատակազմին եւ թաղապետ Ռոմիկ Մխիթարյանին:

Իսկ դասերի ավարտին մեր աշակերտները տնօրեն Մ. Գեղամյանի ուղեկցությամբ այցելեցին AMAA-ի հայաստանյան մասնաճյուղ եւ շնորհավորանքի մաղթանքներով արժեքավոր գրքեր նվիրեցին գրասենյակի բոլոր բաժիններին:

Թե՛ թաղապետարանից, եւ թե՛ AMAA-ի գրասենյակից մեր սաները վերադարձան նվեր գրքերով:

Դիտե՛ք մեր լուսանկարային ռեպորտաժը: