Այսօր սեպտեմբերի մեկն է՝ գիտելիքի օրը: Սեպտեմբերի մեկը տոն է, քանի որ ազգի գոյության հենասյունն ու հաղթանակի դրոշը բոլոր ժամանակներում եղել և մնում է գիտելիքը:
«Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցը» միշտ առանձնակի շուքով և խանդավառությամբ է նշել այս տոնը:
Դպրոցում տիրում էր տոնական մթնոլորտ՝ լի գեղեցիկ ծաղիկներով և գունագեղ փուչիկներով:
Դպրոցի նորակառույց շենքի շքեղ ու լուսավոր դահլիճում կազմակերպվել էր նոր ուսումնական տարվան նվիրված միջոցառում՝ տարբեր դասարանների, աշակերտների մասնակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին դպրոցի բարերար Էդվարդ Ավետիսյանը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության մերկայացուցիչ Հ. Ներսեսյանը, ուսուցչական անձնակազմը և աշակերտների ծնողները:
Միջոցառման ընթացքում աշակերտները ողջունեցին և շնորհավորեցին միմյանց և իրենց երախտագիտությունը հայտնեցին դպրոցի բարերար Էդվարդ Ավետիսյանին կրթօջախի նորակառույց համալիրի համար::
Ցերեկույթի ավարտին աշակերտները երդվեցին միշտ լավ սովորել, պաշտպանել հայ մշակույթն ու մայրենի լեզուն, լինել իրենց հայրենիքի արժանավոր քաղաքացին:
Ներկաներին ողջունեցին և նոր ուսումնական տարին շնորհավորեցին Էդվարդ Ավետիսյանը և Հարութ Ներսեսսյանը: Բարերար Է. Ավետիսյանը աշակերտներին կոչ արեց լավ սովորել, հարգել ու սիրել իրենց ուսուցիչներին, բացահայտել իրենց կարողություններն ու հմտությունները:
Հ. Ներսեսյանը իր ողջույնի խոսքում ասաց, որ լավագույն պարգևը աշակերտներին որակյալ կրթությունն է, որը պայմանավորված է ոչ միայն նորակառույց և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մասնաշենքով, այլև փորձառու, բանիմաց և բարձր որակավորում ունեցող ուսուցիչների առկայությամբ:
Միջոցառման ավարտից հետո աշակերտները ուսուցիչների ուղեկցությամբ շրջեցին դպրոցում, ծանոթացան իրենց դասասենյակներին, և սկսվեց նոր ուսումնական տարվա դասը: