1-ը սեպտեմբերի, Գիտելիքի և դպրության օր, և օրն էլ՝ կիրակի: Բայց դա ամենևին էլ չէր խանգարել, որ Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի բակը լեփ-լեցուն լիներ:

Հարյուրավոր ներկաների՝ ծնողների, աշակերտների, մանկավարժների, հյուրերի մեջ էին նաև վեց տասնյակից ավելի առաջին դասարանցիները, ինչպես նաև դպրոցի նախկին շրջանավարտները, որոնց համար սրբազան պարտք է դարձել սեպտեմբերի 1-ին հարազատ դպրոցում հավաքվելը:

Առավոտյան զով քամուց ծածանվում են Հայաստանի Հանրապետության և Ավետիսյան դպրոցի դրոշները, հնչում է ՀՀ պետական օրհներգը, միաձայն ասում է «Հայր մեր»-ը, ապա բարձրախոսները տոնական ամբիոնից սփռում են բարեմաղթանքի, ողջերթի ու շնորհավորանքի խոսքեր, որոնցով հավաքվածներին դիմում են դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, դպրոցի կոորդինացիոն խորհրդի անդամ Ռուբեն Կրիկյանը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովվի օգնական վերապատվելի Հովհաննես Հովսեփյանը, 12-րդ դասարանցիները, տարրական դպրոցի աշակերտներ:

Ի՞նչ դպրության տոն՝ առանց գիտելիքների խորհրդանշական բանալու, առանց դպրոցի բակով մեկ «վազող» փոքրիկ զանգի և, իհարկե, առանց երկինք արձակվող եռագույն փուչիկների:

Վերջում երգ ու երաժշտության ներքո ավագ դպրոցականները մոտենում են փոքրիկների շարքերին, բռնում նրանց թաթիկները և ուղեկցում դպրոցի շեմքից դեպի ներս…

2019-2020 ուսումնական տարին սկսված է:

Բարի երթ բոլորիս…

ՀԱԸ մամուլի բաժին