Եվ ճախրեց խաղաղության աղավնին

2-ը սեպտեմբերի, Ավետիսյան դպրոց: Գեղանիստ բակը լեցուն է հարյուրավոր աշակերտներով, ուսուցիչներով, ծնողներով, պատվավոր հյուրերով: 2024-2025 ուստարվա նորամուտի հանդեսը մոտենում է ավարտին:

Կրթահամալիրի տնօրեն Մելանյա Գեղամյանի ողջույնի ուղերձը աշակերտի սրտում կրթության ջահը բոցավառելու յուրօրինակ կոչ է՝ ուղղված բոլորիս եւ յուրաքանչյուրիս:

Նոր ուստարվա կապակցությամբ շնորհավորանքի եւ ողջերթի ջերմ խոսք է ասում Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանը:

Ապա ասմունքում են ամենափոքրիկները, 5-րդ դասարանի աշակերտ Գեւորգը ներկաներին ոգեւորում է «Յարխուշտա» երգով, Ավետիսյան դպրոցի 40 արցախցի սաների անունից ողջույնի խոսք է ասում 2-րդդասարանցի Արսեն Բեգլարյանը:

Ավարտական դասարանի աշակերտներ Համլետի եւ Սոնայի առաջնորդությամբ աշակերտները միաձայն կրկնում են Ավետիսյան դպրոցի նշանաբանը՝

«Կրթահամալիրը մեր տունն է,
Գիտելիքի մեր աղբյուրն է»:

Հայ Ավետարանական եկեղեցու ավագ հովիվ, վերապատվելի Հովհաննես Հովսեփյանի օրհնության խոսքին հաջորդում է միասնական «Հայր մեր»-ը:

Հայտարարվում է լռության րոպե՝ ի հարգանս դպրոցի բարերարներից Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի հիշատակի:

… Եվ ահա տասներկուերորդցի Արսենն ու առաջինդասարանցի Կասյան ամբողջ բակով մեկ հնչեցնում են նոր ուստարվա առաջին զանգը: Դասվարներ Լուսինե Յագուբյանի, Սիրանուշ Սարգսյանի եւ Ռուզաննա Եղիազարյանի ուղեկցությամբ, չդադարող ծափերի ներքո Ավետիսյան դպրոցի շեմից ներս են մտնում առաջին դասարանների սաները:

Օդ են բարձրանում երազանքի փուչիկները, իսկ նրանց հետեւից՝ խաղաղության ճերմակ աղավնիները, որոնք երկար ճախրում են դպրոցի պարզ երկնքում, ապա նստում շենքի քիվերին, կարծես ուզում են մտնել ներս…