Հոդվածը տպագրվել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի պաշտոնաթերթի 2019 թ. մարտի 20-ին լույս տեսած համարում՝ «Եթե ուզում ենք փոխել կրթության ձևն ու որակը» վերտառությամբ։

Խոսելով Հայաստանում կրթության որակի և ընդհանրապես կրթության խնդիրների մասին՝ համարձակ կարող ենք ասել, որ եկել է իրական փոփոխությունների ժամանակը։ Մինչև հիմա արված փոփոխությունները կատարվել են «սիրողական» և, կարելի է ասել, փորձնական մակարդակի վրա։ Անընդհատ նոր բեռ է ավելացվել ինչպես դպրոցների, այնպես էլ դպրոցականների և նրանց ծնողների վրա՝ նոր առարկաների ուսուցում, բազմաթիվ մատյանների ու հաշվետվությունների լրացում, ուսման տևողության երկարացում և այլն։ Ցավոք, բոլոր այս արհեստական փոփոխությունները որևէ ձևով չեն բարելավել ուսման գործընթացը, և ամեն ինչ մնացել է անփոփոխ։

Վերջերս վարչապետի հայտարարություններից մեկում հնչեց հետևյալ միտքը՝ եթե չունենանք լավ կրթական համակարգ, չենք կարող ունենալ լավ երկիր։

Իսկ ի՞նչ արվեց, մեր՝ մանկավարժներիս կողմից, որ կարողանայինք, համագործակցաբար աշխատելով աշակերտի հետ, ուսումնառությունը դարձնել ավելի մատչելի, անհրաժեշտ և, վերջապես, հետաքրքիր:

Շատերին թերևս համարձակ թվա իմ այն միտքը, որ մեր կրթական համակարգը չի համապատասխանում այսօրվա պահանջներին, որը ձևավորվել է նախորդ դարում՝ խորհրդային կարգերի ընթացքում, և դեռ Կրուպսկայայի մշակմամբ։

Time ամսագրի կողմից աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը հայտարարված չին գործարար Ջեք Ման ասել է. «Եթե մենք չփոխենք ուսուցման ձևն ու սկզբունքները, հետո խնդիր կունենանք: Մենք չենք կարող մեր երեխաներին սովորեցնել մրցել մեքենաների հետ: Դրանք ավելի խելացի են»:

Սակայն միևնույն ժամանակ չպետք է մոռանանք նաև այն, որ այդ մեքենաները ստեղծողները, դրանց բազմազան ծրագրերի հեղինակները նույնպես մարդիկ են:

Չի կարելի չհամաձայնել Մայի այն մտքի հետ, որ երեխաների վրա պետք է ներդրումներ կատարել դեռ վաղ տարիքում՝ մանկապարտեզում, դպրոցում: Կարիք չկա երեխաներին սովորեցնել այն, ինչ կարող են անել համակարգիչները։ Երեխաներին անհրաժեշտ է սովորեցնել լինել ստեղծագործ, անել այն, ինչ չեն կարող անել մեքենաները։ Մենք պետք է մեր երեխաների մեջ սերմանենք հենց այդպիսի արժեքներ, սովորեցնենք անկախ մտածողություն, թիմային աշխատանք, հոգ տանել ուրիշների, շրջակա աշխարհի մասին։ Անշուշտ, միայն գիտելիքով դա չենք կարող փոխանցել, և դա հրաշալի է. չէ՞ որ մեքենաներն ունեն միայն չիպեր, իսկ մարդիկ, ի տարբերություն մեքենաների, ունեն նաև սիրտ և զգայարաններ։

Ուրեմն, կրկին անդրադառնանք ավանդական հարցերին. «Ի՞նչ անել, ինչպե՞ս հետաքրքրել աշակերտին, ինչի՞ց սկսել»:

Կարծում եմ, որ անհրաժեշտ է նախ բացատրական զրույց ունենալ երեխայի հետ:

Հարկավոր է լինել պարզ, մատչելի, միևնույն ժամանակ և՛ ընկեր, և՛ առաջնորդ:

Յուրաքանչյուր ուսուցիչ, ծնող, ով կապ ունի կրթության հետ, առնչվում է «սխալ է» կամ «ճիշտ է» մոտեցումներից մեկնումեկին, երեխային խրախուսելու, պատժելու, դասապատրաստման ուշացումների և նման կարգի այլ խնդիրների հետ: Բայց եկեք մի պահ մտածենք. արդյո՞ք երեխային դուր է գալիս միշտ նախատինքի արժանանալ, երբ փոխարենը կարող է գովեստի խոսքեր լսել: Իսկ որքա՜ն հաճելի կլիներ հաճախակի լսել գովասանք, սիրով և վստահությամբ ներշնչվել կրթության և գիտելիքի հանդեպ: Չէ՞ որ յուրաքանչյուր երեխա առանձնահատուկ է, ունի անհատական արժանիքներ, ուժեղ և թույլ կողմեր, ինչը մենք շատ հաճախ չենք նկատում:

Ինչպե՞ս ճիշտ խրախուսել, գովել երեխային. այս հարցը շատ կարևոր է, քանի որ խրախուսանքը, գովասանքը կարող են ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն: Հոգեբանների կարծիքով չհիմնավորված գովասանքը գործում է թմրադեղի նման. երեխան սովորում է դրան, ծնողներից սպասում գովեստի, և նրա մեջ երբեմն անհիմն կերպով ձևավորվում է ուրիշներից իր առավել լինելու գիտակցությունը:

Ավելի վտանգավոր է, երբ երեխային գովաբանում են մի բանի համար, որը նրա մոտ հեշտ է ստացվում, և նրան որպես օրինակ են բերում այն երեխաներին, ում մոտ նույնը ստացվում է դժվարությամբ և մեծ ջանքերի գնով:

Երեխային պետք է խրախուսել անկեղծորեն, լուրջ և համոզիչ: Գովասանքն անհրաժեշտ է՝ երեխային ինքնավստահություն, եռանդ հաղորդելու, իր արածի հանդեպ նրա վստահությունը լրացնելու համար: Յուրաքանչյուր գովասանք որոշակի նպատակաուղղվածություն պետք է ունենա և երբեք չպետք է հնչի հենց այնպես կամ լինի ինքնանպատակ:

Անհրաժեշտ է հիշել, որ չի կարելի երեխային պախարակել, փնովել, վիրավորել՝ համեմատելով մեկ այլ երեխայի հետ, քանի որ դա անդառնալի հետևանք կունենա անձի ձևավորման վրա:

Հիշենք, որ մենք՝ մեծահասակներս, կոչված ենք օգնող, ուղղորդող լինելու, կյանքի նկատմամբ սեր և հետաքրքրություն սերմանելու համար, այլ ոչ թե հակառակը:

Հիշենք, որ աշխատելով ժամանակակից մտածող աշակերտի հետ՝ մենք պետք է հասկանանք, որ երեխաներին հրամայել անել այն, ինչը նրանց դուր չի գալիս, բացարձակապես անօգուտ գործ է: Հենց դրա համար էլ պետք է փորձենք սովորեցնենք՝ կարևորելով նրանց անձը և նախասիրությունները:

Եթե ուզում ենք մեր երկրում փոխել կրթության ձևն ու որակը, ապա եկեք առաջինը սկսենք մեզանից. փոխենք մեր վերաբերմունքը դեպի շրջապատը (ինչի շնորհիվ կփոխվի նաև ինքը՝ շրջապատը), սիրով կատարենք մեր աշխատանքը, հաշվի նստենք մեր գլխավոր պատվիրատուի՝ հասարակության հետ, համագործակցենք սովորողի հետ, կրթությունը դարձնենք հետաքրքիր և արդիական, հաճախ խրախուսենք աշակերտին, ինքներս հավատով լցվենք դեպի ապագան և այդ հավատով լիցքավորենք նրան:

Մելանյա Գեղամյան
մ.գ.թ., Ավետիսյան դպրոցի տնօրեն