Այսօր մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում, նամանավանդ` գիտական և տեխնոլոգիական ոլորտներում:
Այսօր համարյա չկա որևէ տուն, որտեղ չլինեն ժամանակակից հեռուստացույց, բջջային հեռախոս, համակարգիչ և այլն: Գիտական առումով նման առաջընթացը հրաշալի է, բայց և այնպես այն ունի բացասական կողմ, որը ազդում է հատկապես 0-ից 6 տարեկան երեխաների վրա, որոնք իրենց զարգացման ամենակարևոր և ամենազգայուն տարիքային փուլում են:
2017 թ. Ամերիկյան մանկաբուժական ակադեմիան հայտարարեց, որ երեխաները մինչև 2 տարեկան դառնալը ընդհանրապես չպետք է առնչվեն տեխնոլոգիական սարքերի հետ: Շատ ափսոս, որ ներկայումս չենք կարողանում իրականացնել այս պայմանը: Բազմաթիվ ծնողներ նույնիսկ 5 ամսական երեխաներին օրվա ընթացքում նվազագույնը մեկ ժամ նստեցնում են հեռուստացույցի էկրանի դիմաց:
Փորձե՛նք պատասխանել մեզ մտահոգող հետևյալ հարցերին.
1. Արդյոք ճի՞շտ է երեխային թույլ տալ օգտվել տեխնոլոգիական տարբեր սարքերից:
2. Ո՞ր տարիքից պետք է թույլատրել:
3. Ի՞նչ ազդեցություն են դրանք գործում 3-ից 6 տարեկան նախադպրոցական տարիքի երեխայի զարգացման վրա:
Հարկ եմ համարում ներկայացնել վերջին տարիներին արված հետազոտությունների արդյունքները:
Ըստ դրանց` մինչև 2 տարեկան ընդհանրապես պետք չէ, որ երեխան զբաղվի նման սարքերով, որովհետև դրանք էականորեն ազդում են երեխայի ուղեղի զարգացման գործընթացի վրա: 2-ից հետո կարելի է օգտվել, բայց ոչ երկար ժամանակ:
Անհրաժեշտ է երեխայի հետ զբաղվել ֆիզիկական և ուսուցողական տարբեր խաղերով, զարգացնել նրա իմացական տարբեր գործընթացները: 0-ից 3 տարեկան երեխաները բնականորեն սովորում են այն ամենից, ինչ կա իրենց շրջապատում. ֆիզիկական ակտիվությունը, սողալը, քայլելը և ընտանիքի անդամների հետ շփվելը նրանց զարգացման առողջ գործընթացի հիմնական պայմանն են:
Ի՞նչ է կատարվում 3-ից 6 տարեկան նախադպրոցական տարիքի երեխաների ուղեղում, եթե երկար ժամանակ են անցկացնում նման սարքերի դիմաց:
1. Նրանց ուղեղը բնականոն ձևով չի զարգանում, զգայական զրկվածություն է առաջանում, եթե համեմատենք այն երեխաների հետ, որոնք զբաղվում են սոցիալական և ֆիզիկական ակտիվությամբ:
2. Էկրանների դիմաց երկար ժամանակ անցկացնելը և շփման նվազեցումը փոքրիկ երեխաների համար լուրջ խնդիր են դառնում նրանց սոցիալական հմտությունների զարգացման գործում: Եթե երեխան, 2 ժամ և ավել ընկղմված բազկաթոռի մեջ, հեռուստացույց է դիտում, այդ բոլոր պատկերները ներարկվում են նրա ուղեղում առանց նրանց մասնակցության: Այս երևույթը հայտնի է որպես հեռուստադիտողի պասիվություն (Viewer Passivity): Համաձայն բժիշկ Ամիթ Սուդի (բժշկության պրոֆեսոր Մայո հիվանդանոցում)` նյարդային նախատրամադրություն է ստեղծվում: Նրա խոսքով` ինչքան ավելի շատ ժամանակ են տրամադրում նման սարքերի դիմաց անշարժ, քարացած, այնքան ավելի թուլամտության, ուշադրության պակասի, դեպրեսիայի և անհանգստության ռիսկի խմբի մեջ են մտնում հետագայում:
Այն երեխաները, որոնք ավելի շատ ժամանակ են անցկացնում` խաղալով զարգացնող խաղեր, փազլներ, նրանց լեզվական, խոսքային զարգացումը 56 %-ով ավելի բարձր է, քան համակարգչային խաղերով զբաղվող երեխաներինը:
3. Շատ լուրջ խնդիր է նաև հետևյալը. ներկա սարքերի, խաղերի մեջ պատկերները շատ արագ փոփոխվում են. որպեսզի երեխան կարողանա խաղը ավարտին հասցնել կամ հաղթանակ տանել, շատ լարված` ուշադրություն պետք է դարձնի անընդհատ և արագ փոփոխվող պատկերներին, և նա սովորում է նույն կերպ վերաբերվել իրական կյանքում կատարվող իրադարձություններին: Օրինակ` դպրոցում եթե ուսուցիչը դաս է բացատրում հանգիստ և դանդաղ ձայնով, նրանք նեղվում են այդ հանգիստ տեմպից, նրանց համար ձանձրալի է դառնում, և սկսում են խոսել, խանգարել ընկերներին և ունենում են ուշադրության տարբեր խնդիրներ:
4. Դժբախտաբար, ներկայումս ցուցադրվող մուլտֆիլմերի ու խաղերի մեջ առկա են բռնության և վախի տարբեր պատկերներ, որոնք երեխայի մեջ առաջացնում են ագրեսիվ և տագնապալից հույզեր, որը երեխան այդ պահին չի կարողանում արտահայտել: Խաղը կամ մուլտֆիլմերը նայելուց հետո նա արդեն գերակտիվ վիճակում է, չի կարողանում հանգիստ նստել, եթե գնում է դպրոց: Այդ ամբողջ ագրեսիան նա թափում է կա՛մ հասակակիցների հետ շփման ընթացքում, կա՛մ էլ վարքի ոչ ադեկվատ տարբեր դրսևորումներով, գերակտիվությամբ և այլն…
Այն երեխաները, որոնք անընդհատ դիտում կամ խաղում են բռնությամբ լեցուն խաղեր, մեծանում են և դառնում են պակաս կարեկցող շրջապատի նկատմամբ:
5. Հիմնական խնդիրներից մեկն է նաև այն, որ ի վերջո համակարգչային և էկրանային տարբեր զբաղմունքները փոխարինում են ֆիզիկական ակտիվությանը, հաճախ երեխաներին խրախուսում են զբաղվել տեխնոլոգիական տարբեր սարքերով բակում խաղալու կամ որևէ մարզաձևով զբաղվելու փոխարեն: Ֆիզիկական ակտիվության պակասը հանգեցնում է երեխայի քաշի ավելացմանը, ճարպակալման և առողջական այլ խնդիրների:
Էկրաններից արձակվող կապույտ ճառագայթները նաև ազդում են քնի ցիկլի վրա:
Ֆիզիկական աշխատանքը օգնում է մարմնին կառավարելու արյան շրջանառությունը, բարձրացնելու տրամադրությունը և կարգավորելու անձի` սննդի ընդունման ժամերը: Ֆիզիկական ակտիվությունը, ինչպիսին է օրինակ դրսում խաղալը, դեմ դիմաց շփումը, զրույցը, սեղանի տարբեր խաղեր խաղալը ընտանիքի անդամների հետ, դրականորեն են ազդում երեխայի վարքի վրա:
Ամփոփելով հոդվածը` ներկայացնում եմ մի քանի խորհուրդ` որպես հոգեբան–մանկավարժ, որպես ծնող.
Եթե երեխայի հետ գտնվում եք նույն սենյակում և միաժամանակ զբաղվում եք հեռախոսով կամ համակարգչով, երեխային թվում է, թե ծնողը հասանելի չէ. չնայած նույն վայրում եք գտնվում, նրանք անջատված են զգում ձեզանից: Երեխայի հետ խաղալը զվարճանալու, հաղորդակցման, շփման և լեզվի հմտությունները զարգացնելու միջոց է: Զարգանում են երեխայի` խաղի ծրագրեր կազմելու և կազմակերպված խաղալու հմտությունները: Սեղանի խաղերը արդյունավետ միջոց են երեխա-ծնող, երեխա-երեխա առողջ փոխհարաբերություններ կառուցելու համար: Ընտանիքի անդամների միջև հաղորդակցումն ու հարազատական կապը շատ կարևոր պայման են առողջ երեխաներ մեծացնելու համար. միասին խաղալը, ծիծաղելը, կատակելը բարձրացնում են գլխուղեղում արտադրվող տարբեր հորմոններ, ինչպիսին են սերոտոնինը, օքսիտոցինն ու էնդորֆինը, որոնք շատ կարևոր են ուղեղի համար: Սրանք նպաստում են, որ մարդը զգա բավարարված և ուրախ: Այս հորմոնները կարևոր են նաև ապագայում դրական հիշողություններ կառուցելու համար:
Հիշենք, որ երջանիկ մանկություն նշանակում է ապագայում երջանիկ և հավասարակշռված մեծահասակ:
Թարգմանությունը`
1. American Academy of Pediatrics Announces New Recommendations for Children’s Media Use. (n.d.). Retrieved April 5, 2017, from https://www.aap.org/en-us/about-the-aap/aap-press-room/pages/american-academy-of-pediatrics-announces-new-recommendations-for-childrens-media-use.aspx
2. Sood A. (2015, May 11). Retrieved April 4, 2017, from http://www.youtube.com/watch?v=KZIGekgoaz4
Նյութը պատրաստել է «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի
Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի հոգեբան Արփի Խաչատուրյանը: