ԵՐՈՒԽԱՆ

ԵՐՈՒԽԱՆ

1870-1915

Շարունակելով հայ գրականութեան պայծառ դէմքերուն այս տարուան զուգադիպող յոբելեարներուն շարքը, կը ներկայացնեմ անոնց վերջինը՝ Երուխանը, որուն ծննդեան 150-ամեակն է: (ավելին …)

Եվ նա երգեց «Անդրանիկ»… Աթաթուրքի համար

Եվ նա երգեց «Անդրանիկ»… Աթաթուրքի համար

ԴԻԼԱՉԱՐ

Հակոբ Մարթայանի մասին վաղուց էի ուզում գրել: Սակայն գրիչ վերցնել համարձակվեցի միայն հայտնի պատմաբան Ծատուր Աղայանի «Հայերը Թուրքիայում» հուշագրությունը եւ հայկական հանրագիտարանում նրա մասին պատմող հոդվածը անգիր անելու չափ վերընթերցելուց հետո, նաեւ հանգամանալից զրույց ունեցա ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, գիտության դոկտոր, ինձ հուզող թեմային քաջածանոթ Վարդան Խաչատրյանի հետ: Ի դեպ ասեմ, որ Մարթայանի մասին գրել համարձակվել են խորհրդային «ինտերնացիոնալ» պողպատյա գրաքննության մամլիչի տարիներին. Ծ. Աղայանի հուշագրությունը «Հայերը Թուրքիայում» վերտառությամբ լույս աշխարհ է եկել ընդամենը մի քանի օրինակով, 1969-ին Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայում, «Պաշտոնական ծառայության համար» մակագրությամբ, եւ դա լավագույն, գուցեև միակ հնարն էր՝ այն տարիներին հրապարակելու ազգային-հայրենասիրական բնույթի որևէ նյութ: Թուրքական լեզվախմբի լեզուների ցայժմ չգերազանցված տեսաբանի եւ ամենաականավոր մասնագետի մասին գիտնականները ավելի խորը և ծավալուն են գրել, եւ հուսով եմ՝ դեռ էլի կգրեն: Ես կփորձեմ պարզապես ուրվագծել Մարթայանի պայծառ կերպարը: Համոզված եմ՝ դա մեզ պետք է: Մանավանդ այսօր, եւ հե՛նց այսօր:

Ծնվել եւ մահացել է Պոլսում: Սովորել է Պոլսի ամերիկյան միջնակարգ դպրոցում, Ռոբերտ քոլեջում, եղել նույն քոլեջի անգլերենի դասատու, ապա՝ տնօրեն: 1932-ից Թուրքիայի լեզվաբանների միության գլխավոր մասնագետը, 1936-50-ին՝ Անկարայի համալսարանի դասախոս, դասավանդել է ընդհանուր լեզվաբանություն և լեզվաբանության պատմություն: 1942-70-ին՝ թուրքական հանրագիտարանի տեխնիկական խորհրդատու, ապա՝ գլխավոր խմբագիր: Մինչեւ 1932-ը զբաղվել է հայագիտական աշխատանքով, հիմնել «Ռահվիրա», «Մշակույթ» (Սոֆիա) թերթերը, «Լույս» (Բեյրութ) շաբաթաթերթը: Հրատարակել է պիեսներ, հայագիտական աշխատություններ`«Աստվածաշունչը եւ աշխարհաբարը», «Համայնապատկեր հայ մշակույթի», «Գրի ծագումը եւ տարածումը», «Հաբեթաբանություն», Վարդանանց պատերազմին նվիրված «1500-ամյակի խոհեր» եւ այլն, անգլերեն է թարգմանել Շանթի «Հին աստվածները»:

Ծ. Աղայանը վկայում է, որ բացի թուրքական ընտանիքին պատկանող լեզուներից, Մարթայանը ազատ տիրապետում էր եվրոպական մոտ 20 լեզվի, բանասիրաբար գիտեր նաև վրացերեն ռուսերեն, բնագրով կարդացել էր Ռուսթավելու «Ընձենավորը» և հոբելյանի առթիվ հատուկ ուսումնասիրություն էր հրատարակել: Դարձյալ բնագրով կարդացել էր Մայակովսկի եւ Մ. Շահինյան, հոդվածներ գրել նրանց մասին: 1968-ին խորհրդային պատ-վիրակության կազմում Անկարա այցելած հայ գիտնականներին հյուրընկալելիս 73-ամյա բարձրահասակ եւ բարեկազմ գիտնականը հիացրել է իր աշխույժ եւ հաճելի բնավորությամբ, բազմակողմանի խորագիտակությամբ:

Թվում է՝ հերթական տաղանդաշատ, շնորհաշատ հայի կենսագրություն է, եւ դա բավական է՝ այդպիսի ազգակցով հպարտ զգալու համար: Սակայն շարունակենք թերթել Մարթայան-հայի կյանքի՝ անակնկալներով լի էջերը: Իր հայագիտական աշխատությունները, որոնց վերնագրերն իրենք են խոսում դրանց արժեքի մասին, նա միշտ ստորագրում էր իր իսկական անուն-ազգանունով, երբեք չէր թաքցնում իր հայ լինելը, միշտ հպարտ էր դրանով: Եվ սակայն… թուրք իրականության մեջ թնդում էր նրա մյուս անունը՝ «Դիլաչար»:

… 19 տարեկան էր, երբ սկսվեց Առաջին աշխարհամարտը: Թուրքական բանակ զորակոչված Հակոբին, ճակատագրի բերումով, չի վիճակվում զինաթափված և կոտորված մյուս հայ զինվորների բախտը. Նրան նախ ուղարկում են Կովկասյան ճակատ, որտեղից էլ որպես հայ, այսինքն՝ անվստահելի, տեղափոխվում է Սիրիայի թուրք-անգլիական ճակատ:

Անգլիացի գերի սպաները, իմանալով, որ հայ զինվորը անգլերեն գիտե, խնդրում են միջնորդել թուրք հրամանատարության առջև, որ իրենց հանդեպ հալածանք և բռնություն չգործադրվի: Երբ նա փորձում է այդ անել, թուրքերը նրան հայտարարում են դավաճան և շղթայակապ տանում հրամանատարի մոտ: Արդեն այստեղ էլ էր հասել ահազարհուր եղեռնի լուրը, ուստի համոզված, որ իրեն փրկություն չկա, հայ երիտասարդը հրամանատարի երեսին բացեիբաց ասում է, որ նման բարբարոսական ճանապարհով Թուրքիան չի կարող քաղաքակրթված երկիր դառնալ, որ դա վայել է ոչ թե առաջադիմության ձգտող երկրին, այլ միայն սուլթանական կարգերին և նման այլ ճշմարտություններ: Ի զարմանս իր սպաների՝ հրամանատարը նրան առաջարկում է նստել և բոլոր մյուսներին հեռացնելով՝ թեյ է հյուրասիրում ու խնդրում պատմել առաջադիմական հասարակական կառույցների մասին: Զրույցը, որը, բնականաբար, շատ երկար է տևում, ավարտվում է ձեռքսեղմումով և հրամանատարի բարեկամական հրավեր-խնդրանքով՝ հաճախակի այցելել իրեն: Հայ մարտիկի այս «դասերը»շարունակվում են երկար: Որոշ ժամանակ անց, սակայն, Մարթայանին հաջողվում է լքել թուրքական բանակը և անցնել արտասահման, ուր նա ծավալում է բեղուն հայագիտական գործունեություն:

Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ այդ հետաքրքրասեր հրամանատարը և «ուշիմ» աշակերտը հենց ինքը՝ Մուստաֆա Քեմալն էր, որը մի քանի տարի անց պիտի դառնար Թուրքիայի նոր պետության ղեկավարը, պետք է թուրքերենի արաբատառ այբուբենը փոխեր լատինատառի և 1932-ին իրենց լեզուն արաբականից և իրանականից մաքրելու նպատակով ստեղծեր թուրքական լեզվաբանական միությունը: Թուրք լեզվաբանների առաջին իսկ խորհրդակցությանը Քեմալը տեսնում է, որ իր նպատակն իրականացնելու համար նրանց մեջ շատ քիչ են գիտակ լեզվաբանները: Նա անմիջապես հիշում է իր բանակային «ուսուցչին» և Մարթայանին գտնելով` հրավիրում նույն տարում կայացած թուրք լեզվաբանների առաջին համագումարին: Համագումարին հայ գիտնականի ակտիվ մասնակցությունը Քեմալին թելադրում է նրան առաջարկել մնալ Անկարայում: Մարթայանը դառնում է նրա գլխավոր խորհրդատուն լեզվի, գիտության, մշակույթի և լուսավորության բնագավառում: Նրա կարծիքը մշտապես վճռական և անգնահատելի էր այդ լեզուն օտարաբանություններից մաքրելու և զարգացնելու, եղած բառարմատներից նոր բառեր և տերմիններ ստեղծելու գործում, նա թուրքական թերթերի ու հրատարակությունների գլխավոր խորհրդատուն էր լեզվաշինության հարցում: Նա փաստորեն դառնում է ժամանակակից թուրքերենի հիմնադիրը: Այս ժամանակ էլ ծնվում է Մարթայանի տիտղոսը՝ Դիլաչար, որ թուրքերեն նշանակում է «լեզվի բանալի», և որը նրան «շնորհելիս»Քեմալը (նա ինքն էր իր գործիչներին անձամբ ազգանուն շնորհում) ասում է. «Ակոփ էֆենդի, դու անուն էլ ունես, ազգանուն էլ: Քեզ միայն տիտղոս պիտի տամ»: Թուրք գործիչների ներկայությամբ հայի անուն-ազգանունը որպես փաստ հայտարարելը (երբ Թուրքիայում շատ հայեր ապրում էին և հիմա էլ ապրում են ծածկանուններով կամ ուղղակի թուրքական ազգանուն են կրում), նրա հեղինակության և վայելած հարգանքի ևս մի ակնառու ապացույց էր: Այդ նույն օրը Մարթայանն էլ «կնքում» է Քեմալին՝ Աթաթուրք:

Հակոբ Մարթայանի աներկբա հեղինակության ևս մի գեղեցիկ դրվագ. մի անգամ Քեմալը նրան հրավիրում է Դոլմա Բախչեի իր պալատի (Պալյանների կառուցած հրաշակերտներից մեկը) աշխատասենյակը և խնդրում է կարգավորել տարբեր երկրներից ստացված ու անկարգ թափված գրքերը, նաև սովորեցնել, թե ինչպես օգուտ քաղի դրանցից:

Եվ վերջինը, որ կուզեի պատմել Դիլաչարի ամսին: Տերմինաշինությամբ զբաղվող լեզվաբանների խմբին Քեմալը հրավիրում է ճաշկերույթի: Սեղանի շուրջ նա առաջարկում է յուրաքանչյուրին՝ որեւէ բան պատմել կամ երգել իր մայրենի լեզվով: Երբ հերթը հասնում է Մարթայանին, նա, կոկորդը մաքրելով, երգում է.

Ինչպես արծիվ սավառնում ես լեռ ու սար,
Թնդացնում ես երկինք-գետին տենչավառ,
Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,
Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանի՛կ…

… Սեղանակիցները կատաղած նայել են երգող հային, աչքերը աջ ու ձախ ոլորել և սպասել, որ նախագահը հիմա իր զայրույթը կթափի նրա գլխին: Սակայն Քեմալը, որը հայտնի էր իր հակահայկական «կոշտ» դիրքորոշմամբ, Քեմալը, ով հայտարարում էր. «Մենք պետք է ոչնչացնենք հայկական բանակը և հայկական պետությունը», այդ նույն Քեմալը դանդաղ վեր է կացել տեղից, մոտեցել է Մարթայանին և ասել. «Այդ երգը մեր թշնամու գովերգն է, բայց լավ երգ է, և դուք էլ շատ լավ երգեցիք: Անդրանիկը մեր կատաղի թշնամին էր, նրա սրից շատ թուրքեր են ընկել: Բայց ոչ ոք չի կարող նրան խլել իր ժողովրդից: Նա իր ժողովրդի հերոսն է, և բնական է, որ հայերը սիրում ու մեծարում են նրան»: Ապա Քեմալը դարձել է թուրքերին. «Անդրանիկը մեծ հերոս էր, բայց պարտվեց: Բայց կարող էր այնպես պատահել, որ մենք պարտվեինք, այն ժամանակ դուք երևի մոռանայիք մեզ և նույնիսկ չհիշեիք: Հայերը ճիշտ են վարվում, որ մեծարում ու չեն մոռանում իրենց հերոսներին»:

Ես վայր եմ դնում գրիչս: Ինձ համար մոտ մեկ դար առաջ Անկարայում գցված այն հեռավոր սեղանը մի փոքրիկ Ավարայրի է հավասար, իսկ թուրքական ամենախոր որջում «Անդրանիկ» երգած Հակոբ Մարթայանի կերպարը սուրբ է Վարդանի ու նրա 1036 նահատակ զինակիցների հիշատակի պես: Եվ անչափ կուզենայի, որ այս պահին ինձ համակած հպարտության զգացումը այս փոքրիկ ակնարկիս տողերից դուրս հորդեր ու ողողեր հայությանս երկրեերկիր, տնից տուն, սրտից սիրտ… Հավատացե՛ք, ամեն անգամ խոր ափսոսանքն է համակում ինձ, երբ մտածում եմ մեր պատմական բախտի ու բոլոր այն հանգամանքների մասին, որոնց պատճառով այս մեծ գիտնականը չկարողացավ իր ուժերը հարկ եղածին չափ ի սպաս դնել իր ազգին: Եվ գլուխ եմ խոնարհում այդ հերոսական հիշատակի առաջ, որի «հանցանքը» եղավ այն, որ թուրքական հանրագիտարանում «չափից ավելի» տեղ տվեց «Հայաստան» բառին, ինչի համար էլ արդեն առաջացած տարիքում պատժվեց… թուրքավարի. Ծ. Աղայանը ցավով նշում է, որ կյանքի մայրամուտին Մարթայանները Անկարայում հարաբերում էին միայն 8-10 հայ ընտանիքի հետ և ապրում աքսորականի պես: «Կարծես եղեռնը շարունակվում էր»,- գրում է նա:

 

Զարմիկ Սարգսյան
ՌՈՒԲԷՆ ՍԵՒԱԿ

ՌՈՒԲԷՆ ՍԵՒԱԿ

Այս տարի 135-րդ տարելիցն է հայ գրականութեան փայլուն դէմքերէն բանաստեղծ եւ արձակագիր, բժիշկ Ռուբէն Սեւակի: Բուն անունով Ռուբէն Չիլինկիրեան:

Ծնած է Պոլիս 1885, Փետրուար 15-ին: Սպանուած է 26 օգոստոս 1915-ին:

Ընդամէնը 30 տարեկան, զոհ կ՛երթայ ցեղասպան թուրքի եաթաղանին, մեր գրականութեան անդաստանի ընկերներուն՝ Վարուժանի, Զոհրապի, Սիամանթոյի եւ հոյլ մը միւս  մեծերու շարքին:

Ուսումը ստացած է Պոլսոյ Պէրպէրեան վարժարանին մէջ, ապա 1905-ին Զուիցերիոյ Լոզան քաղաքի համալսարանէն վկայուած է որպէս բժիշկ: Կ՛ամուսնանայ գերմանուհի Եաննիի հետ եւ կ՛ունենան երկու զաւակ՝ Լեւոն եւ Շամիրամ:

Որպէս բժիշկ աշխատելէ ետք Զուիցերիոյ եւ Գերմանիոյ մէջ, 1915,-ին Թուրքիոյ ընդհանուր զօրակոչին արձագանգելով կը վերադառնայ Պոլիս եւ որպէս սպայ կը մտնէ թրքական բանակին մէջ: Օսմանեան թուրքիոյ հակահայ քաղաքականութեան ծրագրին մէջ կը բանտարկուի իր սերունդի մտաւորականներուն հետ եւ կ՛աքսորուի Չանղըրը: Առաջարկած են, որ կրօնափոխ ըլլայ եւ ընդունի Իսլամական կրօնը, որպէսզի փրկուի ջարդէն, սակայն ինք կտրականապէս մերժած է: Բանտարկութեան շրջանին բուժած է թուրքի մը պարմանուհի աղջիկը, որ մահուան սեմին էր: Աղջկան հայրը առաջարկած է, որ ամուսնանայ իր աղջկան հետ, որպէսզի այդ ձեւով փրկուի մահէն, սակայն մերժած է եւ Վարուժանին եւ միւսներուն հետ թուրք մարդասպաններու ձեռքով կը խոշտանգուի եւ կը սպանուի 26 օգոստոս, 1915-ին:

Իր մահէն ետք, իր գերմանուհի կինը իր զաւակներուն հետ կ՛երթայ Պոլսոյ Գերմանական դեսպանատունը եւ գերմանական անցագիրը կը նետէ դեսպանին երեսին, ըսելով որ քանի գերմանացիները օգնեցին թուրքերուն եւ մասնակից էին հայկական կոտորածներուն, ինք կը հրաժարի գերմանական հպատակութենէ եւ այսուհետեւ իր զաւակներն ալ որպէս հայ պիտի մեծցնէ:

Իր բանաստեղծական գործերէն են՝ «Սիրոյ Գիրք»ը, «Թրուպատուրներ»ը եւ «Մարդերգութիւն»ը: Իսկ իր պատմուածքներու հատորը կոչած է «Բժիշկին գիրքէն փրցուած էջեր»: Հայաստանի մէջ իր գիրքերը յաճախ տպուած են:

Անդրանիկ Ծառուկեան Ռ. Սեւակի մասին գեղեցիկ վէպ մը ունի՝ «Սէրը Եղեռնի Մէջ»: Կ՛արժէ կարդալ: Գեղեցիկ վէպ մըն է նաեւ Ա. Թօփճեանի գիրքը Սեւակի մասին, որ կոչած է «Եւ Անգամ Մահից Հետո»:

Յ. Մ.

ՀԱՄԱՍՏԵՂ – 125

ՀԱՄԱՍՏԵՂ – 125

Արեւմտահայ ամենասիրուած գրողներէն արձակագիր-գիւղագիր Համաստեղ, բուն անունով Համբարձում Կելէնեան, ծնած է Խարբերդի գիւղերէն Մեզրէի մէջ 1895, Նոյեմբեր 26-ին: Մէկ ուրիշ սիրուած արձակագիր Վահան Թոթովենցիի հայրենակիցն է: (ավելին …)

Հայր Ղեւոնդ Ալիշան

Հայր Ղեւոնդ Ալիշան

Երկրորդ յոբելեարը Հայր Ղեւոնդ Ալիշանն է: Թէեւ այստեղ «հայր»-ը չեն յիշեր, սակայն անոր անունէն անջատել չ՛ըլլար, քանի որ գիտակցական իր ամբողջ կեանքը անցուցած է որպէս վանական, Մխիթարեան Միաբանութեան անդամ: (ավելին …)

ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ

ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ

Այս տարի ծննդեան 200-ամեակն է հայ երկու մեծ կղերականներու՝ Մկրտիչ Խրիմեան Հայրիկի եւ Հայր Ղեւոնդ Ալիշանի, որոնց դերը մեծ եղած է մեր եկեղեցական-ազգային պատմութեան մէջ: Այսօր փորձենք յակիրճ կերպով ներկայացնել Խրիմեանը, Ալիշանը ձգելով յաջորդ հաղորդագրութեան: (ավելին …)