Փտր 14, 2022 | Տարեգրության այս օրը
Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում այսօր մեր ժողովրդի սիրելի տոներից մեկն է՝ Տյառնընդառաջը: Հայոց եկեղեցին Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Քրիստոսի աստվածահայտնությունից քառասուն օր հետո։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից: Հայ ժողովուրդը դարեր ի վեր այս կրոնական ծեսին զուգակցել է ժողովրդական սովորույթներ, որոնցից մեկը այցելությունն է նորապսակներին:
___
1894: Շուշիում ծնվել է անվանի դերասան, ռեժիսոր, թատերական-հասարակական գործիչ, Երևանի թատերական ինստիտուտի պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը (Վաղարշակ Տեր-Պետրոսյան): 1923-ից եղել է Հայաստանի առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան) դերասան, 1941- 44 թթ.՝ նույն թատրոնի գեղարվեստական ղեկավար, հայկական թատերական ընկերության վարչության նախագահ: Մահացել է 1959-ին Մոսկվայում, թաղված է Երևանում:
1895: Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ) ծնվել է Վրաստանի վաստ. արտիստ, բանաստեղծ, դերասան Պահարեն (Հայկ Պետրոսյան): 16 տարեկանից աշխատել է Թիֆլիսի թատրոններում: Անձնավորել է շուրջ 200 դեր: Հեղինակ է բանաստեղծական ժողովածուների ու գիտական մենագրության: Մահացել է 1968-ին Երևանում: Թաղված է Գավառում:
1897: Մոզդոկում ծնվել է հանրապետության ժող. արտիստ,պետ. մրցանակի դափնեկիր, թավջութակահար, պրոֆ. Սերգեյ (Սարգիս) Ասլամազյանը՝ Կոմիտասի անվան լարային քառյակի հիմնադիրներից: Կոմիտասի մի շարք երգերի նրա մշակումները հայկական կվարտետային գրականության լավագույն նմուշներից են: Մահացել է 1978-ին Մոսկվայում:
1902: Սուրմալուի Բահառլու գյուղում ծնվել է նկարիչ-վերականգնող Հակոբջան Ղարիբջանյանը: 1934-ից վերականգնման աշխատանքներ է կատարել Մոսկվայի,
Թբիլիսիի և Երևանի թանգարաններում, կործանումից փրկել է արվեստի արժեքավոր գործեր: Նրա ստեղծագործությունների գերակշիռ մասը գտնվում է Երևանում՝ Ելենա Խուդոյանի հավաքածուում:
1908: Պետերբուրգում ծնվել է արևելագետ, հնագետ, պատմաբան, ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկին: Հայաստանում ուսումնասիրել է կիկլոպյան ամրոցներ, ուրարտական հուշարձաններ: Աշխատությունները նվիրված են հայ ժողովրդի ծագման և Հայաստանի հնագույն պատմության հարցերին: Մահացել է 1990-ին:
1911: Կ. Պոլսի Հայոց պատրիարք Հովհաննես Արշարունին ուղերձով դիմեց Թուրքիայի արդարադատության նախարարին, որում տեղեկացնում էր հայաբնակ գավառներում թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
1921: Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր) սկսեց գործել շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
1925: Արցախի Տումի գյուղում ծնվել է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆ., լեզվաբան Սերգեյ Աբրահամյանը: Ղեկավարել է ԳԱԱ Լեզվի ինստիտուտի ժամանակակից հայոց լեզվի բաժինը: Աշխատությունները վերաբերում են արդի հայերենի կառուցվածքի ուսումնասիրմանը: Մահացել է 2005-ին:
1935: Շանհայում ծնվել է ֆիզմաթ գիտ. դ-ր պրոֆ., չին ֆիզիկոս Շի Յանը: Ավարտել է Մոսկվայի պետհամալսարանը: Չորս տասնամյակից ավելի աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում: 1987-92 թթ. եղել է ինստիտուտի բաժնի վարիչ: Ստեղծել և մշակել է նոր տեսություններ:
1958: Երևանում ծնվել է միջազգային գրոսմայստեր, շախմատի հայկական ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը: Եղել է ուսանողների աշխարհի առաջնության և ԽՍՀՄ գավաթի խաղարկության, միջազգային մրցաշարերի հաղթող, ԽՍՀՄ երիտասարդական առաջնության կրկնակի, Հայաստանի քառակի չեմպիոն: 1999-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն: 2000-ին ընտրվել է ՀԱՕԿ-ի անդամ: 2002-ին հիմնել է Հայաստանի շախմատի ակադեմիան: 2006-ի հունիսին Լևոն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանի, Կարեն Ասրյանի, Գաբրիել Սարգսյանի և Արտաշես Մինասյանի հետ Հայաստանի հավաքականի կազմում դարձել է Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող։
___
1992: Ստեղծվեց ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհուրդը՝ ԱՊՀ բարձրագույն զինվորական մարմինը:
Փտր 13, 2022 | Տարեգրության այս օրը
1921: Դաշնակցության զինված ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) սկսեցին փետրվարյան զինված ապստամբությունը Խորհրդային Հայաստանի դեմ: (ավելին …)
Փտր 12, 2022 | Տարեգրության այս օրը
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով այսօր երիտասարդների արագահաս բարեխոս սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն է: (ավելին …)
Փտր 11, 2022 | Տարեգրության այս օրը
Այսօր ռուս մեծ բանաստեղծ և դիվանագետ, հայ ժողովրդի բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովի հիշատակի օրն է: Իրանում Ռուսաստանի լիազոր-նախարար Գրիբոյեդովը զոհվեց 1829-ին՝ Ֆաթհ-Ալի շահի հրոսակների հարձակման ժամանակ, Թեհրանում: Թաղված է Թբիլիսիում: (ավելին …)
Փտր 10, 2022 | Տարեգրության այս օրը
1828 թ. փետրվարի 10-ին (նոր տոմարով` 22-ին) կնքված Թուրքմենչայի պայմանագրով ավարտվեց ռուս-պարսկական պատերազմը: Պայմանագրով Պարսկաստանը ճանաչում էր Երեւանի եւ Նախիջեւանի նահանգների, Օրդուբադի գավառի միացումը Ռուսաստանին, պարտավորվում վճարել 20 մլն ռուբլի ռազմատուգանք: Թուրքմենչայի պայմանագիրը բախտորոշ եղավ պարսկահայերի համար: Նրանց իրավունք էր տրվում գաղթել Ռուսաստանի սահմանները, իսկ անշարժ գույքը տնօրինելու համար տրվում էր 5 տարի ժամկետ: 2 տարում Պարսկաստանից Անդրկովկաս գաղթեց շուրջ 45 հազար հայ:
___
1874: Ախալքալաքում ծնվել է քաղ. ու պետ. գործիչ Համո Օհանջանյանը (կուսակցական անունը՝ Մհեր Մհերյան): Ավարտել է Լոզանի բժշկական ինստիտուտը: Մասնագիտությամբ աշխատել Թիֆլիսում եւ Բաքվում: Հակացարական գաղափարների համար աքսորվել է Սիբիր: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ներումով վերադարձել է Թիֆլիս, որպես բժիշկ գործել Կովկասյան ռազմաճակատում: Բուժօգնություն է կազմակերպել Վանում: Ընդգրկված է եղել Անդրկովկասյան սեյմում, ապա՝ Բեռլին ուղարկված Հայոց ազգային խորհրդի պատվիրակության մեջ, նաեւ Հայաստանի պատվիրակության կազմում՝ Փարիզի հաշտության կոնֆերանսում: 1920-ին եղել է Հայաստանի Առաջին հանրապետության վարչապետ եւ արտգործնախարար: Նրա օրոք է կնքվել Սեւրի հաշտության պայմանագիրը, որով դե յուրե ճանաչվել է Հայաստանի Հանրապետությունը: Խորհրդային կարգերի հաստատումից հետո բանտարկվել է: 1921 թ. փետրվարյան ապստամբության օրերին ազատվելուց հետո որպես վտարանդի ապրել է Կահիրեում, զբաղվել բժշկությամբ եւ հասարակական գործունեությամբ: Համազգային մշակութային միության հիմնադիրներից է: Մահկանացուն կնքել է 1947-ին Կահիրեում:
1920: Արթիկի Հոռոմ գյուղում ծնվել է ԽՍՀՄ հերոս, կործանիչ օդաչու, ավիացիայի գնդապետ Վազգեն Օգանեսովը (Հովհաննիսյանը): Ոչնչացրել է ֆաշիստական 23 ինքնաթիռ: Հերոսի կոչման է արժանացել Բեռլինի գրավման ժամանակ ցուցաբերած խիզախության համար: Պատերազմից հետո հաստատվելով Բաքվում` տարիներ անց անվանի օդաչուն կիսել է Սումգայիթի եւ Բաքվի հայերի ճակատագիրը: Վախճանվել է 1993-ին Երեւանում:
1932: Երեւանում ծնվել է ԳԱԱ ակադեմիկոս, լեզվաբան, փիլ. գիտ. դ-ր պրոֆ. Էդուարդ Աթայանը: Նրա աշխատությունները որոշակի ներդրում են լեզվի կառուցվածքի եւ փիլիսոփայության, հատկապես լեզվի դիալեկտիկայի ուսումնասիրության բնագավառում: Մահացել է 2002-ին Երեւանում:
1935: Ստեփանակերտում ծնվել է գրող, հրապարակախոս, սպորտի վաստ. վարպետ Զորի Բալայանը: Աշխատել եւ ճանապարհորդել է Կամչատկայում եւ Չուկոտկայում, եղել «Լիտերատուրնայա գազետայի» սեփական թղթակիցը Հայաստանում: Նրա «Օջախ» գրքի հիման վրա նկարահանվել է «Գոտեմարտ» գեղարվեստական ֆիլմը: «Կիլիկիա» նավի անձնակազմում մասնակցել է եւ ծովերով նավարկությանը: Արցախյան շարժման առաջին օրերից նրա կիզակետում է:
1956: Հայաստանի կառավարությունը հաստատեց Երեւանի մեծ նախագիծը:
1960: Ավարտվեց Ղարադաղ-Ղազախ-Երեւան գազամուղի շինարարությունը:
Փտր 9, 2022 | Տարեգրության այս օրը
1958: Բելգիայի Գենտ քաղաքի համալսարանի մատենադարանի մեծ սրահում, որպես շարունակություն նախորդ օրվա հիշատակի երեկոյի, ամրացվեց հուշատախտակ՝ այդ բուհում ուսանած արևմտահայ մեծ բանաստեղծ, Մեծ եղեռնի զոհ Դանիել Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն ու ֆլամանդերեն արձանագրությամբ՝ բանաստեղծի հետևյալ բառերով.
Ի՜նչ փոյթ կեանքը մեռնող,
Երբոր երազը կ՛ապրի,
Երբոր երազն անմահ է: (ավելին …)