Ապր 26, 2017 | Մեր առօրյան
«Հույս, հավատ, սեր» խորագրով, Այբբենարանի ավարտին նվիրված, միջոցառումը: Աշակերտները «Հայ կրթություն» նավով ուղևորվեցին դեպի հույսի, հավատի, սիրո ապագա՝ իրենց հետ տանելով ամենաթանկ արժեքները՝ ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ԸՆՏԱՆԻՔ, ԸՆԿԵՐՆԵՐ:
Ապր 21, 2017 | Մեր առօրյան
Երեկ Ավետիսյան դպրոցում 8 ա դասարանի մասնակցությամբ անցկացվեց Սուրբ Զատիկին նվիրված գեղեցիկ միջոցառում:
Նախ ներկաներն իրենց աղոթն ուղղեցին առ Աստված, որից հետո դպրոցի սաները ներկայացրին Ս. Հարության տոնի խորհուրդն ու նշանակությունը քրիստոնյաների կյանքում: Նրանք փաստեցին, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից ամենագունեղն ու ամենատարածվածն է:
Բեմականացումը դահլիճում առաջացրեց զատկական հաճելի իրարանցում: Խորհրդավոր ընթրիքի տեսարան, ավանդական զատկական արարողություն, սովորույթներ, ծեսեր, ազգային երգ ու պար: Աշակերտների ստացած դասն էր`չհեռանալ ազգային մշակույթից և ապրել քրիստոնյային վայել կեցվածքով:
Ցերեկույթի ավարտին կրթահամալիրի տնօրեն Մ. Գեղամյանը ներկաներին հորդորեց մշտապես հոգիներում վառ պահել Հիսուսի հրաշափառ հարության լույսը և լինել բարձր արժեհամակարգով օժտված քաղաքացիներ:
Ապր 18, 2017 | Մեր առօրյան
ԱՄՆ Խաղաղության կորպուսի կողմից կազմակերպվող ասմունքի ամենամյա մրցույթին մասնակցելը Ավետիսյան կրթօջախում դարձել է բարի ավանդույթ, ինչո՞ւ չէ, նաև պատվի հարց։
Այս տարվա ասմունքի մրցույթն անցկացվում էր «Պատերազմի ապարդյունություն» խորագրի ներքո։ Եվ քանի որ անցյալ տարի մեր երկրի շատ քաջորդիներ նահատակվեցին ապրիլյան քառօրյա պատերազմում, Ավետիսյան դպրոցը սրտին մոտ ընդունեց պատերազմի ապարդյունությունը բոլորին տարածելու այս մարտահրավերը։
Մրցույթի մարզային փուլին, որն անցկացվեց ապրիլի 15-ին Արտաշատ քաղաքի N 2 դպրոցում, մասնակցեցին Ավետիսյան դպրոցի երեք սաներ։ Մրցակցությունն ընթանում էր առանձին տարիքային խմբերում։ Եվ մենք հպարտ ենք հայտարարելու, որ մեր թիմը Արտաշատից վերադարձավ հաղթանակով։ Այդ են վկայում ավետիսյանցիների արդյունքները: Ահա´դրանք.
Գայանե Հովնանյան (8-րդ դասարան). 1-ին տեղ,
Մարիետա Ղազարյան (10-րդ դասարան). 2-րդ տեղ,
Լիանա Հաբեշյան (12-րդ դասարան). 1-ին տեղ։
Առաջին տեղ զբաղեցրած աշակերտները կմրցեն ասմունքի հանրապետական փուլին, որը կանցկացվի մայիսի 7-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում։
Ապր 14, 2017 | Մեր առօրյան
Ավետիսյան դպրոցում այսօր նախատոնական տրամադրություն էր: Մեր սաներն իրենց ուսուցիչների և ծնողների գործուն մասնակցությամբ կազմակերպել էին Սուրբ Զատիկին նվիրված ցուցահանդես-վաճառք:
Նրանք միջոցառմանը պատրաստվել էին ամենայն պատասխանատվությամբ. նախապես ուսումնասիրել էին տոնի խորհուրդը, Զատիկի սեղանին դրվող ուտեստները, սովորել դրանց բաղադրատոմսերն ու իրենց ձեռքով պատրաստել անուշեղեն ու այլ ուտեստներ, ինչպես նաև ձեռագործ տարբեր իրեր ու զարդարանքներ:
Հյուրերն ըստ արժանվույն գնահատեցին մեր աշակերտների ոսկի ձեռքերն ու խոհարարական ձիրքը:
Ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը կուղղվի բարեգործությանը:
Ապր 7, 2017 | Մեր առօրյան
Ապրիլի 7-ին` Մայրության և գեղեցկության տոնին, Ավետիսյան դպրոցում տեղի ունեցավ ԱՀԱԸ «Շող» ցերեկային կենտրոնի ազգագրական պարային համույթի ոգևորիչ համերգը: Խումբը ներկայացրեց 11 ազգագրական պար, ինչպես` «Կարնո քոչարի», «Ռոստամբազի», «Ֆնջան», «Մշո խըռ», «Յարխուշտա»: Համույթի ղեկավարը յուրաքանչյուր պարից առաջ հակիրճ ներկայացնում էր դրա բովանդակությունը, ծագումը, նշում` Հայկական լեռնաշխարհի որ տարածքներում են դրանք տարածված եղել: Աշակերտները մեծ ոգևորությամբ դիտեցին կատարումները` փորձելով հնարավորինս յուրացնել շարժումները և մտապահել սովորածը: Ցերեկույթի ավարտին կրթահամալիրի տնօրեն Մ. Գեղամյանը ներկաներին հորդորեց սիրել ու գնահատել մեր մշակույթը, ուսումնասիրել այն, սովորել ժողովրդական երգն ու պարը: Համերգին ներկա էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նա ողջունեց Ավետիսյան դպրոցի աշակերտներին և նրանց պատմեց հայկական ազգագրական պարերի մասին: Վաստակավոր պարուսույցը նշեց, որ դրանք, արմատներով նույնը լինելով, միմյանցից տարբեր ու բազմազան են, և դրանց միջոցով իրենք փորձում են հային վերադարձնել իր ինքնությունը: Գ. Գինոսյանը ներկաներին հորդորեց սիրել այն ամենը, ինչը հայկական է, և հպարտանալ հայ լինելով:
Ապր 7, 2017 | Մեր առօրյան
Կանաչ դպրոցն այս անգամ փորձեց անրադառնալ համամոլորակային լուրջ խնդիրներից մեկին՝շրջակա միջավայրի աղտոտմանը: Դպրոցի տասմեկերորդ դասարանի աշակերտները իրականացրին հարցումներ, որոնց արդյունքներով կազմվեցին գրաֆիկներ։ Սոցհարցմանը հիմնականում մասնակցեցին Երևանում և մարզերում բնակվող 13-25 տարեկան անձինք։ Մասնակիցների մեծամասնությունը այն կարծիքին էր, որ իրենց բնակավայրն աղտոտված է, և նրա մաքրության համար մեծ գումարներ են պահանջվում։ Ըստ վիճակագրական տվյալների՝ բնակավայրերն աղտոտողները հիմնականում դեռահասներն են, ինչի պատճառներն են մարդկանց ոչ ճիշտ մտածելակերպը, բնության նկատմամբ սխալ մոտեցումը և էկոլոգիական անբավարար կրթությունն են։ Ի վերջո, աղտոտվածությունն ազդում է նաև բնակավայրերի գեղեցկության վրա: Հասարակությունը փորձում է վերահսկել իրավիճակը՝ տարբեր կերպ զբաղվելով սեփական բնակավայրի մաքրությամբ։ Ուստի եթե յուրաքանչյուրը սրտացավ լինի և չաղտոտի իր շրջակայքը, աշխատի ի նպաստ շրջակա միջավայրի մաքրության, ապա կգա ժամանակը, երբ համամոլորակային խնդիրների ցուցակից կկարողանանք ջնջել բնության պահպանության և մաքրության հիմնախնդիրը։