Նախադպրոցական տարիքը համարվում է 3-ից մինչև 6-7 տարեկանը։
Նախադպրոցական տարիքը երեխայի զարգացման գործընթացում սոցիալական նոր դերեր է պահանջում։
Էական առանձնահատկություններից մեկը հասակակիցների հետ որոշակի փոխհարաբերությունների հաստատումը և մեծերի հետ փոխհարաբերությունների նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությունն է։
Նախադպրոցական տարիքի առաջատար գործունեությունը խաղն է, որը երեխայի հոգեկանում առաջացնում է որակական փոփոխություններ։
Խաղի միջոցով զարգանում են երեխայի խոսքն ու մտածողությունը։
Հոգեբանները խաղերը բաժանում են երկու խմբերի՝ ստեղծագործական և դերային խաղեր։
Ստեղծագործական խաղերի շարքից են ավազը, գունավոր խմորները, նկարչությունը և այլն:
Դերային խաղերի միջոցով երեխան ընդօրինակում է մեծերի սոցիալական դերերը, օրինակ՝ բժշկի, հիվանդի, ուսուցչի, աշակերտի և այլն:
Խաղի միջոցով զարգանում է երեխայի խոսքը, որովհետև նրանից պահանջում է հաղորդակցման ընդունակություն։
Այս տարիքում զարգանում են երեխայի իմացական ոլորտը, մտածողությունը, երևակայությունը։
Այս տարիքի երեխաները հետաքրքրասեր են, շատ են սիրում հարցեր տալ, ուզում են անընդհատ նոր բաներ սովորել: Եթե ծնողը կամ դաստիարակը հոգատար և համբերատար ձևով մոտենա երեխայի ցանկացած հարցին և խրախուսի նրան, երեխան նախաձեռնող կդառնա, եթե ոչ՝ ապա երեխայի մոտ կկորի նոր բան սովորելու նկատմամբ հետաքրքրությունը։
Նախադպրոցական տարիքում երեխաները ունենում են տարբեր տեսակի վախեր. ծնողից բաժանվելու վախ, պատժից վախ, տագնապ են ապրում, երբ ծնվում է քույր կամ եղբայր, ընտանեկան վեճերից, վախենալու կերպարներ հեռուստացույցից, վախ մթությունից։
Սիրելի՛ ծնողներ, երեխայի բոլոր վախերը կարելի է հաղթահարել, եթե երեխայի կողքին կանգնած լինի հոգատար և համբերատար ծնող։
Նման վախերը կրում են տարիքային բնույթ, այսինքն՝ անցնելով տվյալ տարիքային փուլը՝ թեթևանում և աստիճանաբար անհետանում են։
Նախադպրոցական տարիքի երեխաները ունեն շատ հարուստ երևակայություն։ Այս հանգամանքը դրսևորվում է խաղերում, նկարներում և այն հեքիաթներում, որ հորինում է երեխան։
Նախադպրոցական տարիքում զարգանում է երեխայի սեռային ինքնագիտակցությունը։ Երեխայի կողմից իր սեռը ճանաչելու գործում մեծ է ծնողի դերը։ Ծնողն է տալիս երեխային գիտելիքներ իր սեռի մասին և սովորեցնում իր սեռի հատուկ վարքի ձևեր։
Նախադպրոցական տարիքի վերջում 7 տարեկանի ճգնաժամով երեխան անցում է կատարում խաղային գործունեությունից ուսումնական գործունեություն։ Երեխային պետք է պատրաստել ուսումնական գործունեության համար, որը պահանջում է երեխայից որոշակի մտավոր զարգացվածություն, որոշակի բառապաշար, բավարար սոցիալական և հուզական հասունություն և ամենակարևորը, սերմանել սեր ուսման նկատմամբ։
Արփի Խաչատուրյան
Ավետիսյան դպրոցի հոգեբան-մանկավարժ