Նոյեմբերի 1-ին Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի եւ համայնքային կենտրոնի ուսուցչական կազմի հետ անցկացվեց հատուկ թրեյնինգ՝ այսուհետ կրթահամալիրի կրտսեր և միջին տարիքի դպրոցականների հետ մանկական աննախադեպ քոուչինգ ծրագրով աշխատելու նպատակով:
Թրեյնինգը վարում էր ԱՀԱԸ Սոցիալական ծրագրերի բաժնի ղեկավար, անձնային զարգացման քոուչ Քրիստինա Սիմոնյանը:
Առաջին թրեյնինգի թեման էր «Մտքի ուժը», որի նպատակն է նեյրոգիտության և զվարճալի պատմությունների միջոցով երեխաներին փոխանցել մարդու մտքի գործունեության այնպիսի բացառիկ հմտություններ, որոնք կիրառելով՝ երեխաները կկարողանան կառավարել սեփական մտքի մեծ ներուժը և հաջողությամբ կերտել իրենց կյանքը:
Մատուցվող ուշագրավ նյութը, դերային խաղերը և կրթահամալիրի աշխատակազմի ակտիվ ներգրավվածությունը ստեղծել էին հետաքրքիր ու ստեղծարար մթնոլորտ:
Թրեյնինգը կրելու է շարունակական բնույթ, որում տեղ կգտնեն անձնային զարգացման հետևյալ ոլորտները. մտավոր ներուժի բացահայտում և իրացում, արժեհամակարգ և անձնային բարձր որակներ, սեփական ինքնատիպության և ուժեղ կողմերի ճանաչում, ճիշտ նպատակների սահմանում և երազանքների նվաճում, ինչպես նաև կյանքի դժվարությունների և խոչընդոտների հաղթահարում: