Օրերս Հովհաննես Թումանյանի ծննդյան և Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ Ավետիսյան դպրոցում տեղի ունեցավ «Դասարանապատկեր» խաղ-մրցույթը։ Հայոց լեզվից և գրականությունից ունեցած գիտելիքներով այս անգամ մրցում էին մեր երկու ութերորդցիները։
Մրցույթը առավելագույնս արդար անցկացնելու համար նախապես որոշվել էր, որ այն կկազմակերպի և կանցկացնի տվյալ դասարաններում չդասավանդող ուսուցիչ։ Լիլիթ Բախշանի կազմակերպած մրցույթը գերազանցեց բոլոր սպասելիքները. հարցերը հետաքրքիր էին ու բազմաբնույթ, տպավորիչ էր նաև խաղի երաժշտական ձևավորումը։
Աշակերտները մեծ ոգևորությամբ պատրաստել էին հանճարեղ լոռեցու ստեղծագործությանը նվիրված գունագեղ պաստառներ։ Ժյուրիին (այն գլխավորում էր տնօրեն Մելանյա Գեղամյանը) հատկապես դուր եկան 8բ դասարանի աշակերտների պատրաստած «Փարվանա» և «Թմկաբերդի առումը» պաստառները։
«Դասարանապատկերի» փուլերից մեկը նվիրված էր ամենայն հայոց բանաստեղծին։ Աշակերտները աչքի ընկան Թումանյանի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ ունեցած խոր գիտելիքներով և կարողացան ճիշտ պատասխանել հարցերի մեծ մասին։ Մրցում էին թե՛ երկու հինգհոգանոց թիմերը, թե՛ հանդիսատեսի շարքերում գտնվող նրանց դասընկերները։
Լարված պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց 8-րդ ա դասարանը (ուսուցիչ՝ Նվարդ Գրիգորյան)։ Շնորհավորում ենք հաղթողներին, մաղթում, որ նրանք շարունակեն խորացնել հայոց լեզվից և գրականությունից ունեցած գիտելիքները, սիրեն ու փայփայեն մեր մայրենին։