Ուսումնական տարին դեռ նոր է սկսվել, սակայն ավետիսյանցիներն արդեն հասցրել են մի շարք հյուրեր ունենալ:

Այս անգամ դպրոցի տնօրենության հրավերով մեզ էին այցելել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը, նրա տեղակալ Դավիթ Թումանյանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանը:

Հյուրերը Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանի և դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի ուղեկցությամբ շրջեցին դպրոցում, այցելեցին տարբեր դասասենյակներ ու լաբորատորիաներ, զրուցեցին մեր աշակերտների և ուսուցիչների հետ: Մ. Գեղամյանը հյուրերին ներկայացրեց դպրոցի պատմությունը, նրա առաքելությունն ու տեսլականը՝ հպարտությամբ նշելով, որ 2018-2019 ուստարվա բոլոր 31 շրջանավարտները բարձր միավորներով ընդունվել են ՀՀ պետական լավագույն բուհեր:

Նշենք, որ Ավետիսյան դպրոցը պարբերաբար մասնակցում է վարչական շրջանի կողմից կազմակերպվող կրթամշակութային միջոցառումներին, բացի այդ՝ որպես համայնքային կենտրոն՝ թաղապետարանի հետ համագործակցում է սոցիալական տարբեր նախաձեռնությունների շրջանակում: