Ավետիսյան դպրոցի յուրաքանչյուր հյուր նրա կամարների տակ թողնում է լավ ու բարի, օգտակար ու պիտանի այնքան խոհեր, զգացմունքներ ու խորհուրդներ, որ, առանց չափազանցության, կյանքի համալսարանի արժեք ունեն հատկապես կյանքի շեմին կանգնած, դեռևս որոնումների մեջ գտնվող բարձրդասարանցիների համար:
Այդ առումով բացառություն չէր հանդիպումը երիտասարդ երգահան Էդգար Գյանջումյանի հետ: Այն վերածվեց կյանքի իմաստի, երջանկության պարզ բանաձևերի որոնման մի հրաշալի դասի:
«Ի՞նչ տվեց ձեզ այս հանդիպումը»: Այս հարցին ահա թե ինչպես պատասխանեցին դահլիճից ոգեշունչ դեմքերով դուրս եկող մեր սաները:
- Այն, որ ես արթնանում եմ ամեն առավոտյան և իմ շուրջը տեսնում աշխարհը, արդեն իսկ երջանկություն է: Ես պետք է գնահատեմ այն:
- Երջանկություն է, երբ կարողանում ես օգնել ինչ-որ մեկին:
- Կատարյալ երջանկություն է, երբ քեզ շրջապատող աշխարհը կարողանում ես փոխել դեպի լավը:
- Անտարբերությունն ու ատելությունը փոխարինենք սիրով և բարությամբ. աշխարհին նայենք սիրով, և այն կփոխվի դեպի լավն ու գեղեցիկը:
- Քո ուզած արդյունքին երբեք չես հասնի, եթե զբաղվում ես մի բանով, ինչը քո սրտով չէ:
- Ես շատ ուրախ եմ, որ ապրում եմ, կամ:
- Մեզնից յուրաքանչյուրը կարող է փոխել աշխարհը:
Հանդիպման վերջում Էդգար Գյանջումյանն իր իսկ նվագակցությամբ կատարեց իր «Լույս անմար» հուզիչ երգը, որն իր հոգու խորքում խորանալու գեղեցիկ պահեր պարգևեց դահլիճում գտնվող յուրաքանչյուր պատանու: