20-րդ դարի վերջերին հոգեբաններին արդեն սկսել էր հետաքրքրել, թե ինչպես է լինում, որ բարձր բանականություն ունեցող մարդիկ հաճախ չեն կարողանում գիտակից և արդյունավետ հարաբերություններ կառուցել մարդկանց հետ, ինչով է տարբերվում բանականությունը` IQ-ն, հուզական բանականությունից` EQ-ից, և որն է արդյոք ավելի կարևոր և ազդեցիկ` մարդկային հաջող և արդյունավետ հարաբերություններ կառուցելու համար:

Եթե IQ-ն անձի իմացական գործընթացների, ընդունակությունների, հմտությունների համակարգն է, ապա EQ-ն անձի ոչ իմացական գործընթացների և ընդունակությունների մի համակարգ է, որը օգնում է մարդուն հասկանալու իր սեփական հույզերը և զգացմունքները, որպեսզի կարողանա հասկանալ դիմացինի հույզերը և վարքի դրդապատճառները: Բարձր հուզական բանականությունով մարդիկ, շատ լավ հասկանալով նշվածը, կարողանում են կառավարել իրենց բացասական հույզերը և կայուն, հավասարակշռված վարք ցուցաբերել կյանքի նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում:

Յուրաքանչյուր մարդ, իր հույզերը կառավարելով, կարող է աշխարհը տեսնել տարբեր տեսանկյուններից և փոխել իր վերաբերմունքը նույն խնդրի վերաբերյալ և արդյունավետ լուծում տալ:

Հոգեբան Ռ. Գոուլմանը «Հուզական ինտելեկտը» աշխատության մեջ պնդում էր, որ որևէ գործունեության մեջ հաջողության հասնելու համար անհրաժեշտ են և՛ բանականությունը, և՛ հույզերի համադրությունը: Հուզական բանականության առկայությունը անհրաժեշտ գործոն է.
1. ամուսնական հարաբերություններում զույգերի համատեղ կյանքի ընթացքում, 2. ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերության և համագործակցության ընթացքում, 3. հասարակության մեջ, որտեղ պարտադիր է մարդ-մարդ շփումը:

Այսօր` 21-րդ դարում, մեր խնդիրն է մեծացնել այնպիսի երեխաների, որոնք կկարողանան կարգավորել իրենց սեփական հույզերը նույնիսկ ամենադժվար իրավիճակներում: Մենք պետք է մեր օրինակով (ծնողի, մանկավարժի) երեխաներին սովորեցնենք արտահայտել իրենց բացասական հույզերը` միաժամանակ պահելով հուզական հավասարակշությունը, չվնասելով իրենց և իրենց շրջապատին: Պետք է նրանց սովորեցնենք խոսել և արտահայտվել այն ամենի մասին, որը նրանց անհանգստացնում է` միաժամանակ լինելով ուժեղ և հանգիստ, չդրսևորելով ագրեսիվ վարք:

Դպրոցում որպես մանկավարժներ փորձենք հասկանալ յուրաքանչյուր երեխայի ցուցաբերած բացասական վարքի դրդապատճառները և ծնողի հետ համագործակցելով` օգնենք երեխային, որպեսզի նա սովորի ապրելու և շփվելու հմտությունները:

Զարգացնելով մեր մեջ հուզական բանականությունը` մենք կկարողանանք հաղթահարել կյանքի դժվարությունները և համերաշխ, հոգեպես հանգիստ ապրել նախ և առաջ մեր անձի և երկրորդ` մեզ շրջապատող աշխարհի հետ:

Ինչպե՞ս զարգացնել երեխաների մեջ հուզական բանականությունը, և ո՞րն է ուսուցչի դերն այստեղ: Առաջին և ամենակարևոր խնդիրն է սովորեցնել աշակերտներին, որ գոյություն ունեն տարբեր տեսակի զգացմունքներ, ինչպիսիք են երջանկությունը, տխրությունը, բարկությունը, զզվանքը, վախը և այլն: Նախադպրոցական տարիքի երեխաներին կարելի է մուլտֆիլմերի միջոցով ցույց տալ և բացատրել տարբեր տեսակի զգացմունքների գոյությունը, երկրորդ` աշխատել գտնել հնարքներ` տիրապետելու համար տվյալ զգացմունքին:

Երեխան պետք է իմանա, որ բոլոր զգացմունքների գոյությունը և դրանք զգալը բնական են, բայց բոլոր հակազդումները չեն, որ ընդունելի են: Աշակերտները իրենց մեջ պետք է մարզեն իրենց զգացմունքներին տիրապետելու կարողությունը:

Հաջորդ կարևոր բանը, որ դպրոցում մանկավարժը կարող է սովորեցնել երեխաներին, ապրումակցումն է` էմպաթիան (empathy): Նա պետք է աշակերտներին խրախուսի նայել կյանքին կամ տվյալ խնդրին տարբեր անձանց տեսանկյուններից, բացատրի, որ, օրինակ, բազմաթիվ աղետներ են տեղի ունենում աշխարհում` պատերազմներ, փոթորիկներ, ջրհեղեղներ և այլն: Կարող ենք խնդրել աշակերտին գրել փոքր շարադրություն (essay), թե ինչ կզգային իրենք, եթե լինեին աշակերտ պատերազմող երկրում և ստիպված լինեին տեղափոխվել այլ երկիր, այլ դպրոց` չիմանալով տվյալ երկրի լեզուն և թողնելով իրենց ընկերներին և հարազատներին պատերազմող երկրում: Տվյալ առաջադրանքի նպատակն է աշակերտների մեջ բարձրացնել կարեկցանքի մակարդակը ուրիշ մարդկանց նկատմամբ, որոնք ծանր ժամանակաշրջան են ապրում իրենց կյանքում: Նախադպրոցական տարիքի երեխաների համար կարելի է հեքիաթների հերոսներին բերել որպես օրինակ, քննարկել` ինչու այդպես վարվեց, ինչ էր զգում այդ պահին:

Հաջորդ, նույնպես շատ կարևոր խնդիրներից մեկն է աշակերտներին սովորեցնել սպասել և համբերությամբ հասնել հաջողության, սովորեցնել, որ կյանքում հաջողության հասնում են այն մարդիկ, որոնք իրենց համբերությամբ, կամքի ուժով, նպատակասլացությամբ և աշխատասիրությամբ առանց շտապելու աշխատում են իրենց երազանքներին հասնելու համար: Ափսո¯ս, որ 21-րդ դարի մեր երեխաները սովոր են իրենց ցանկացածին հասնել շատ արագ: Դրա համար էլ ունեցածի արժեքը չգիտեն: Այստեղ ծնողների դերը նույնպես շատ մեծ է և կարևոր. երեխային պետք է սովորեցնենք համբերել իր ուզածին հասնելու համար: Սովորեցրե՛ք ձեր օրինակով և կյանքի փորձով, որ կյանքում ամեն բան չէ, որ տրվում է մարդուն միանգամից, և պետք էլ չէ:

Երեխաների մեջ կարեկցանքի մակարդակը բարձրացնելուն նպաստող կարևոր միջոցներից է կամավոր աշխատանքը: Աշակերտներին սովորեցնելով օգնել ուրիշներին առանց նյութական փոխհատուցման` նրանց օգնում ենք դառնալու այնպիսի մարդ, որը զգում է իր կատարած գործի արժեքն ու իմաստը և հասարակության հանդեպ յուրաքանչյուր անձի պարտքի ու պարտականության գիտակցումը:

«Կյանքում ամեն ինչ չէ, որ փողով կարելի է չափել» սկզբունքի հիման վրա սովորենք մեր սխալներից. յուրաքանչյուր անձ սխալվելու իրավունք ունի: Աշակերտները պետք է դասարանում առնչվեն տարբեր տեսակի անհամաձայնությունների և կոնֆլիկտների հետ. էմոցիոնալ բանականության տեսակետից կարևոր է հասկանալը, որ միշտ չէ, որ քո ուզածը պիտի լինի: Ընդունելով այս փաստը` երեխաները սովորում են հարգել դասարանի մեծամասնության կարծիքը: Նրանք սովորում են կոնֆլիկտային իրավիճակներում մեկ շահել, մեկ զիջել բանաձևը: Ինչպես կյանքում, այնպես էլ դասարանում խաղաղ մթնոլորտը պահելու համար կարևոր են փոխըմբռնումն ու փոխզիջումը: Սովորեցնենք աշակերտներին, որ ինչպես մաթեմատիկայում լինում են խնդիրներ, որոնք դժվարանում ենք լուծել, և մեզ օգնում են ուսուցիչը, ծնողը, այնպես էլ կյանքում միշտ չէ, որ մեր կողքին լինում են մարդիկ, որոնք պատրաստ են մեզ օգնելու, և իրենք պետք է գտնեն ճանապարհներ տարբեր կողմերից նայելու խնդրին և ինքնուրույն լուծում տալու:

Վերջին կարևոր բանը, որ պետք է սովորեցնենք աշակերտին, լավատես և գոհունակ լինելն է: Գոհունակ լինել նշանակում է ունենալ զգացմունքային կայունություն և ներքին տիրապետում: Պետք է կարողանանք կրթել աշակերտներ, որոնք միշտ փայլուն և դրական կողմն են տեսնում յուրաքանչյուր իրավիճակում և գոհունակ են այն ամենի համար, ինչը ունեն: Այս մտածելակերպը օգնում է նրանց հաղթահարելու կյանքի դժվար ժամանակները և լավատեսությամբ նայելու ապագային:

Վերևում նշված բոլոր խորհուրդները, որոնք ուղղված են մանկավարժներին, չեն կարող ազդեցիկ և իրական լինել, եթե մանկավարժը հենց ինքը հուզական բանականության ցածր մակարդակ ունի: Ուսուցիչ կամ մանկավարժ լինել ամենից առաջ նշանակում է ունենալ բավականին բարձր մարդկային որակներ: Մանկավարժությունը կոչում է, որի համար անհրաժեշտ է լինել առավել պատասխանատու, որովհետև մենք կրթում ենք ապագա մեր բժիշկներին, նախարարներին, երկրաչափներին, մի խոսքով` մեր ամբողջ ապագա հասարակությանը: Ուսուցիչը պետք է զբաղվի ինքնակրթությամբ և ներհայեցողությամբ: Նա պետք է կարողանա անձնական կյանքի խնդիրները տարանջատել աշխատանքային կյանքից: Նա պետք է կարողանա բարձրացնել հուզական բանականությունը` աշխատելով իր անձի վրա, որպեսզի կարողանա երեխաներին սովորեցնել հուզական բանականության էությունը անձամբ իր օրինակով:

Մանկավարժը պետք է կարողանա տիրապետել իր անձնական ապրումներին և բարձր ինքնագիտակցություն և տիրապետում դրսևորի տարբեր իրավիճակներում, լինի դա անձնական կյանքում թե աշխատանքում:

Անդրադառնանք ծնող լինելու և ծնողների հուզական բանականությունը ձևավորելու խնդրին: Ծնողները պետք է նախ և առաջ հասկանան իրենց անձնական զգացմունքները երեխայի հետ կապ հաստատելուց առաջ. իմանալով և հասկանալով, թե ինքն ինչ է զգում, ծնողը կկարողանա կարգավորել իր անձնական վարքագիծը: Օրինակ` եթե կինը ունենում է որոշակի վեճ ամուսնու հետ, վատ տրամադրության է ունենում և բարկությունը թափում է երեխաների վրա, և եթե նա չունի բավական ինքնագիտակցություն, չի էլ գիտակցելու, որ ինքը սխալվեց երեխաների նկատմամբ իր վարքագծով: Բայց եթե զույգը գիտակցում է, որ ինքն է նեղացած և անտրամադիր տարբեր պատճառներով և ոչ թե վրդովված է հենց երեխայի վարքագծից, նա լուռ է մնում և երեխայի հարցին դրական է պատասխանում:

Ինքնագիտակցությունը զարգացնելը ժամանակ է պահանջում և ցանկացած նոր հմտության նման կարիքը ունի անընդհատ մարզվելու: Այն սկսվում է որևէ իրավիճակում մի րոպե կանգ առնելով, գիտակցելով, թե ինչ ես զգում տվյալ պահին. եթե ինչ-որ բացասական զգացմունքներ ունեք այդ պահին, նախընտրելի է թաքցնելու փոխարեն ասել ընտանիքի անդամներին և երեխաներին, որ այսօր վատ տրամադրություն ունեք: Երեխաները պետք է գիտակցեն և հասկանան, որ ծնողներն էլ ունեն զգացմունքներ, և մենք պետք է մեր օրինակով սովորեցնենք, որ թեկուզ այս պահին ունենք վատ տրամադրություն, պետք է անենք առավելագույնը հաղթահարելու և հարմարվելու համար:

Եթե ուզում ենք բարձր հուզական բանականությամբ զավակներ մեծացնել, որպես ծնող պետք է հասկանաք, որ բոլոր երեխաները պետք է զգան և փորձեն և՛ դրական և ՛բացասական զգացմունքները, և որպես ծնող պետք է ընդունենք այս փաստը:

Երեխաների հուզական բանականությունը բարձրացնելուն կօգնեն հետևյալ խորհուրդները.
1. Պետք է կարողանանք հստակ բացատրել տարբերությունը մեր վարքագծի և զգացմունքների միջև. բոլոր զգացմունքները ընդունելի են, բայց մի շարք վարքաձևեր ընդունելի չեն:
2. Պետք է սովորեցնենք երեխային պատշաճ ձևով արտահայտել բացասական զգացմունքները, օրինակ` խորհուրդ տանք երեխային, որ եթե զգում է, որ շատ է բարկացած, տգեղ արտահայտություն կամ խոսք ասելու փոխարեն թող գնա իր սենյակ, մինչև խաղաղվի:
3. Բացատրենք երեխային, որ բոլորը չեն, որ նույն կերպ են հակազդում տվյալ իրավիճակին, բայց մենք կարող ենք սովորել մեկս մյուսից:
4. Ժամանակ տրամադրենք երեխային, եթե ծանր կամ դժվար օր է ունեցել:
5. Օգնենք նրան գտնելու լուծումներ, եթե ունի որոշ խնդիրներ:
6. Սովորենք վստահել երեխային:
7. Երեխայի տարիքին համապատասխան սահմաններ գծենք:
8. Լինենք կայուն և հետևողական:
9. Օգնենք երեխային դրական կապեր ստեղծելու հասակակիցների հետ:
10. Միշտ հիշենք, որ երեխան մեծանալով տարբեր կերպ է հակազդելու տարբեր զգացմունքների և կարող է մեր օգնության կարիքը ունենալ:
11. Հիշենք, որ իմանալով երեխայի պահանջմունքները տարբեր տարիքային փուլերում` կկարողանանք նրան առաջնորդել հուզական բանականության զարգացման գործում:

Մեր զգացմունքներին տիրապետելը շատ դժվար և պատասխանատու գործ է: Զգացմունքներին տիրապետել սովորելը և դրանք կարգավորելը սկսվում են շատ վաղ տարիքում և շարունակվում անձի կենսական գործունեության ընթացքում: Ձեր աշակերտները, սիրելի՛ մանկավարժներ, ունեն և՛ տարբեր տեսակի ընդունակություններ, և՛ հուզական բանականություն, որոնք երկուսն էլ հավասար անհրաժեշտ են` ուժեղ, առողջ և ներդաշնակ մարդ զարգացնելու և մեծացնելու համար: Որպես մանկավարժներ և ուսուցիչներ մեր պատասխանատվությունն է մեր ապագա սերնդի մեջ կերտել ամբողջական մարդկային որակներ: Օգտագործենք մեզ տրված ժամանակը` օգնելով երեխաներին բարձրացնելու իրենց հուզական բանականությունը, որը կնպաստի ինչպես դասարանի ընդհանուր մթնոլորտը բարելավելուն, այնպես էլ օգուտ կբերի մեր հասարակությանը և մեր երկրին:

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ`
1) LOU WHITAKER, ED.D
BRAINN JUNKIE – EMOTIONAL INTELLIGENCE
HOW TO IMPROVE EI IN THE CLASSROOM
POSTED ON JUNE 5, 2018 BY METEOR EDUCATION
meteoreducation.com

2) EMOTIONAL INTELLIGENCE FOR PARENTS –RHODES UNIVERSITY.
www.ru.ac.za

Նյութը թարգմանել է
«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի
Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի հոգեբան՝
 Արփի Խաչատուրյանը