Մի՛ զարմացեք, այո՛, դեռ մի քանի օր էլ կա 2018-ին, սակայն այսօր արդեն Նոր տարին փնտրել, գտել և թակել էր Ավետիսյան կրթահամալիրի մեծ դարպասները, այնտեղից հասել դպրոցի դահլիճ և տոնական պայծառ տրամադրությամբ վարակել բոլորին, իրենով լցրել մեծերի ու փոքրերի սրտերը:
Բեմում փոքրիկ ավետիսյանցիներն են՝ «Սուտլիկ որսկանները» հեքիաթի բեմականացմամբ: Հայկական ժողովրդական հեքիաթի այս նորօրյա գունեղ մեկնաբանության հեղինակը, սցենարիստն ու ռեժիսորն է Վարդուհի Պողոսյանը, խմբի գեղարվեստական ղեկավարը՝ մանկավարժ Յուլյա Մկրտչյանը:
Ծափ-ծիծաղի, երգ ու տաղի ուղեկցությամբ «սուտլիկ որսկաններն» ի վերջո «գտան» այն, ինչի համար «որսի» էին ելել՝ ամենալավ դպրոցը, որը, պարզվեց, հենց Ավետիսյան կրթօջախն էր: Որոշեցին այստեղ էլ մնալ, լավ սովորել և նոր տարում նոր հաճելի անակնկալներ անել բոլորին: Դահլիճից բեմ ու բեմից դահլիճ զրնգում է Ամանորի ուրախ երգը: Բոլորի դեմքերին բարի ժպիտներ են. Նոր տարին բարության, լույսի ու հույսի կայծեր վառել ամեն անկյունում:
Արի՜, դու արի՜,
Սիրո՜ւն նոր տարի,
Քո գա՜լը բարի…