«Ամենակարեւոր բաները մեզ ոչ ոք չսովորեցրեց: Առաջին դասարանում անցանք այբուբենը. դա հետո էլ կսովորեինք: Հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը… երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից… Սովորեցրին հին ու նոր ժամանակների պատմություններ, որ ի՞նչ…
…Եվ ոչ ոք չսովորեցրեց ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել… արժանապատվությամբ: Թողեցին, որ այդ ամենը սովորենք ինքնակրթությամբ՝ ինչպես ասում են: …Իսկ ավելի մարդավարի ասած՝ մեր սրտերի վրա ստացած վերքերով մենք պիտի սովորենք ամենակարեւոր բաները:
Իսկ վերքերից սպիներ են մնում…»:
Վարդգես Պետրոսյան
Վարդգես Պետրոսյանի ուսումնառության տարիներից տասնամյակներ են անցել, սակայն սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ դպրոցում շատ բան չի փոխվել՝ թե՛ մոտեցումների եւ թե՛ ծրագրերի առումով: Այսօր գաղտնիք չէ, որ շատ բարդ է ուսուցչի աշխատանքը. բարդացել են ուսուցիչ – աշակերտ հարաբերությունները, ինչն էլ իր հերթին ազդում է ուսումնական պրոցեսի վրա:
Ո՞րն է ելքը, ի՞նչ անել: Աշխարհը զարգանում է. այսօրվա աշակերտը շատ է տարբերվում երեկվա սովորողից: Սակայն դպրոցը կա, գործելու է, եւ միջավայրը փոխել է պետք, որպեսզի երեխան ուրախությամբ մտնի այն հաստատությունը, ուր պետք է ստանա կրթություն եւ շատ հարցերի պատասխաններ…
Շատ կարեւոր է հասկանալ, թե որոնք են մանկավարժական համատեղելիությանը նպաստող պայմանները: Իմ խորին համոզումով, մանկավարժը երբեք միայնակ չի կարող հասնել հաջողության: Համատեղ հաջողության հասնելու համար շատ կարեւոր է աշակերտին ճանաչել, հասկանալ, աջակցել եւ գնալ խելամիտ փոխզիջումների: Եվ ի վերջո, ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ վերանա զգացմունքային լարվածությունը եւ վախի զգացողությունը: Այս խոչընդոտը հաղթահարելուց է, որ համատեղ գործունեությունից երկուստեք բավարարվածություն կլինի, եւ աշակերտի մոտ ցանկություն կառաջանա սովորել:
Հաճախ մենք հանդիպում ենք ուսուցչի կողմից ոչ արդյունավետ մանկավարժական ազդեցության ձեւերի, որն էլ իր հերթին մեծ հիասթափություն է առաջացնում աշակերտների մոտ, եւ նման դրսեւորումը պատճառ է դառնում աշակերտի մոտ բացասական երեւույթներին մեծ նշանակություն տալուն:
Իսկ ո՞րն է ուսուցչի կոչումը…
Կարծում եմ, լավ ուսուցիչը կոչված է փոխօգնության, վստահության, համագործակցության եւ անվտանգության ապահովման: Աշակերտի ակտիվ գործունեության ճիշտ կազմակերպումը, նրա ձայնը, կարծիքը լսելն ու լսելի դարձնելը , նրա տարիքին համապատասխան շարժվելը, վերջապես, ուսուցչի կողմից բոլոր իրավիճակներում զսպվածության, արժանապատվության, հեղինակության եւ հավասարակշռության գիտակցումը, նրան հաջողություն կբերեն, ինչի արդյունքում նա սիրել կտա ոչ միայն դպրոցը, այլ նաեւ ուսուցչի այդ պատասխանատու եւ շատ կարեւոր մասնագիտությունը:
Իսկ այսօր մեր երեխաները ստիպված են հանդուրժել ուսուցչի հուզական սպառումը, սթրեսները, ստեղծված կոնֆլիկտները եւ այլն՝ այս կամ այն խնդիրը լուծելու փոխարեն:
Հետեւաբար, ավելի լավ չէ՞ ունենալ կառուցողական կամ ոչ կոնֆլիկտային մտածելակերպ եւ վարքագիծ, քանի որ այս դեպքում է, որ մանկավարժը կարող է հաղթահարել հակասությունները, եւ կշահեն երկու կողմերն էլ:
Իր մասնագիտությունը սիրող եւ գնահատող ուսուցիչը միշտ պատրաստ է միասնական գործունեության: Նա ունի աշակերտների հետ համագործակցելու եւ հիմնախնդիրները համատեղ լուծելու փորձ՝ հիմնված ընդհանուր արժեքների, գաղափարների եւ միմյանց փոխադարձաբար ընդունելու, իրար նկատմամբ բարյացակամ տրամադրվածության վրա: Շատ կարեւոր է, որ մանկավարժը ընդունի միասնական գործին մասնակցելու, թիմում աշխատելու եւ համագործակցելու, ինքն իրեն ընդհանուրի մասը ընկալելու գաղափարը:
Ինչո՞ւ է այսօր մեր աշակերտը շատ սիրում համակարգչային խաղեր կամ ավելի շատ ժամանակ տրամադրում այս գործիքի հետ շփմանը:
Կարծում եմ, որ համակարգիչը երեխաներին անհետաքրքիր տնային հանձնարարություններ չի տալիս, ներկա – բացակայով չի վախեցնում, թեեւ շատ բարդ խաղեր կան, որոնց բարդույթները հաճախ անգամ մեծերս չենք կարողանում հաղթահարել: Մինչդեռ աշակերտը դրանցով զբաղվում է մեծ ուրախությամբ, քան տնային աշխատանքներով, քանի որ համակարգչային խաղի յուրաքանչյուր աստիճան (կյանք) հաղթահարելուց հետո նա շատ ավելի վստահ եւ լավ է զգում, չնայած այն հանգամանքին, որ մինչեւ հաղթանակին հասնելը շատ է սխալվում: Այս պարագայում նրան վիրավորող չկա, ածականներ չեն կախում եւ չեն պիտակավորում, մինչդեռ դպրոցում տարեցտարի դասարանից դասարան փոխադրվելիս կամ որոշակի գիտելիք ձեռքբերելուց հետո երեխաները այս հաղթանակների ուրախությունը չեն զգում, չեն տեսնում: Սիրելի՛ կոլեգաներ, կարծում եմ, այս ամենը նրանից է, որ աշակերտը ուսումնական պրոցեսի ընթացքում իրեն հիմնական գործող անձ չի տեսնում. եթե այս ամենը ճիշտ կազմակերպենք, կտեսնենք տարբերությունը:
Այս պարագայում շատ դիպուկ է մանկավարժի եւ այգեպանի աշխատանքի համեմատությունը: Ես չգիտեմ կամ չեմ տեսել որեւէ այգեպանի, ով գիտակցաբար կվնասի իր կողմից աճեցրած տնկին: Շատ կարեւոր է, որ մենք էլ չվնասենք մեր աշակերտներին, չվիրավորենք նրանց արժանապատվությունը, այլ օգնենք, որ գիտակցեն կրթության կարեւորությունը՝ հասունանան:
Եկեք ստեղծենք մեր երեխաների՝ ապագայի երկիրը կառավարողների համար ջերմ եւ կրթական միջավայր, որտեղ նրանք կկարողանան լիարժեքորեն դրսեւորվել:
Մելանյա Գեղամյան
«Հայ կրթություն» կրթական հինադրամի տնօրեն, մ.գ.թ.