Երկիր մոլորակի համակարգում մեզ տրված է ապրելու շատ կարճ ժամանակ՝ ընդամենը մի կյանք: Սակայն այս պարգևը մեծ է և սքանչելի: Արթուն լինելը, զգալը, մտածելը բարձրագույն բարիքներ են և բազում հաճույքներով լի: Ուսուցչի մասնագիտությունը ամենապանծալի աշխատանքն է, ամենաբարձր բերկրանքը և կյանքի մեծագույն ուրախությունը՝ թեկուզև լի բարդություններով ու զանազան խնդիրներով:
Երբ սկսում ենք խոսել կրթության խնդիրների մասին, անմիջապես անդրադառնում են վատ կառավարմանը, անբավարար ֆինանսավորմանը, դասագրքերի ցածր որակին կամ պակասին, ուսուցիչների մասնագիտական անբավարար պատրաստվածությանը և նման հարցերի: Սակայն որևէ մեկը չի փորձում անդրադառնալ լուրջ խնդրի, որն, իրոք, խիստ բացասաբար է ազդում կրթության համակարգի վրա։
Դա այն է, որ մենք՝ մանկավարժներս, շատ քիչ ենք սովորում, դժվարությամբ և դժկամությամբ ենք ընդունում նորը։ Մենք շատ լավ էլ հասկանում ենք, որ այսօրվա աշակերտի համար կարևորագույն արժեքներ են նոր շնչով համեմված, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած հետաքրքիր դասի անցկացումը, իրենց հետ ինչպես հավասարի հետ հաշվի նստելը, ինչո՞ւ չէ, նաև ուսուցչին նմանակելը և այլն։ Այնպես որ, երեխաների զգալի մասը չսովորելով ընդամենը նմանակում է մեզ՝ մեծերիս։
Մարդկանց մեծ մասը, ներառյալ ուսուցիչները, դժկամությամբ են մասնակցում վերապատրաստման դասընթացների կամ զբաղվում ինքնակրթությամբ։ Էլ չշեշտենք այն փաստը, որ, չգիտես ինչու, տղամարդիկ՝ որպես դասակարգ, վերանում են դպրոցից, և դա էլ, իր հերթին, մի նոր սպառնալիք է կրթության ոլորտին…
Երբ փորձում ես փնտրել պատճառները, ապա միանշանակորեն առնչվում ես մի շարք խնդիրների, որոնցից ամենատխուրն այն է, որ մեր օրերում դասական և ազգային մշակույթի բացակայությունը, կյանքի ցածր կենսամակարդակը ընտանիքներից փոխանցվում են դպրոց:
Իսկ ինչո՞ւ: Որովհետև այսօր մեր ընտանիքների զգալի մասում հիմնականում խոսում են վարկից, արտագաղթից, սերիալներից, ցույցերից, այս կամ այն «հեղինակությունից», առկա տնտեսական ծանր իրավիճակից: Ահա թե ինչու մեր երեխաները սովորող չափահասների օրինակներ գրեթե չեն տեսնում իրենց կողքին։
Հայաստանում թերի է սովորելու միջավայրը, և դրա պատասխանը մենք պետք է տանք՝ , մեծերս,հատկապես նրանք, ովքեր ընտրել են ուսուցչի մասնագիտությունը։
21-րդ դարում ամբողջ աշխարհում վաղուց կարևորվում է կյանքի ամբողջ տևողության ընթացքում սովորելու պահանջը։
Մարդը չպետք է սովորի միայն այն ժամանակ կամ միայն այն պատճառով, որ աշակերտ է, ուսանող կամ ինչ-որ դասընթացի մասնակից։ Գիտակից հասուն մարդը պետք է սովորի անընդհատ և ինքը լինի իր ուսուցիչը։ Այսօր՝ զարգացած տեխնոլոգիայի մեր դարում, պետք է քաջ գիտակցենք, որ առաջիկայում մարդիկ ստիպված են լինելու փոխել իրենց աշխատանքի բնույթը, քանի որ բազմաթիվ աշխատատեղեր ավտոմատացման պատճառով պարզապես վերանալու են։
Ուսուցչի մասնագիտական ցածր որակը, նախնական, թեկուզ հարուստ, գիտելիքի պաշարով բավարարվելը և սահմանափակվելը, այլ կերպ ասած՝ չսովորելը ոչ միայն ուղղակիորեն ազդում են կրթության վիճակի վրա, այլև բացասական ազդեցություն են ունենում ապագա քաղաքացու աշխարհայացքի ձևավորման և որակի վրա: Քանզի հայտնի է, որ չսովորող հասարակությունը անկարող է զարգանալ։ Իսկ երբ չափահաս մարդիկ չեն սովորում, նրանց զավակների համար նույնպես չի կարևորվում ուսումը. չմոռանանք, որ մեր զավակները, որպես կանոն, ընդօրինակում են մեզ: Եվ քանի որ հասարակությունում կարևորագույն հարցերի շուրջ որոշումները կայացնում են չափահաս մարդիկ, ապա կտրուկ ընկնում է նաև քաղաքական, կառավարական, տնտեսական որոշումների որակը, ինչն էլ, իր հերթին, ազդում է հասարակության զարգացման վրա։
Կարևոր է հասկանալ, որ սովորելը միայն աշակերտի և ուսանողի համար չէ։ Ժամանակակից աշխարհում սովորելը պետք է հավասարեցված լինի ամենօրյա սնունդ ընդունելուն՝ այն դարձնելով մեր կյանքի պահանջված և պարտադիր ուղեկիցը։ Եվ դա ճշմարտացի պահանջ է ցանկացած բնագավառի համար:
Սիրելի՛ ուսուցիչներ, եկեք լավ օրինակ լինենք ոչ միայն սովորեցնելու, այլև սովորելու բնագավառում: Լինենք մեր պատվավոր գործի նվիրյալները, վերջնակետ չունենանք սովորելու ճանապարհին, ստեղծագործենք հանուն մեր ապագա սերունդների, սիրենք մեր չափազանց կարևոր մասնագիտությունը, որի պտուղները քաղողները հենց մենք ենք լինելու:
Մելանյա Գեղամյան
մ.գ.թ., Ավետիսյան դպրոցի տնօրեն