Շատ հաճախ՝ լինի տանը, տրանսպորտում, դպրոցում թե մանկապարտեզում, ծնողներից, դաստիարակներից եւ թե ուսուցիչներից միշտ գանգատներ ենք լսում երեխաների անհնազանդության վերաբերյալ, բազմապիսի դժգոհություններ, մոտավորապես այսպիսիք՝ «Իմ երեխան միշտ իր ուզածն է անում և երբեք ինձ չի լսում։ Երբ նրան ինչ-որ բան եմ ասում անել, որը նրա սրտով չէ, չի ենթարկվում: Երբ արգելում եմ անել այն, ինչ ինքն է ուզում, հիստերիա է բարձրացնում։ Երբեմն մտածում եմ. «Երևի ընդամենը երեխայություն է։ Մի քիչ մեծանա, կանցնի»։ Սակայն տարիների հետ այս խնդիրները անցնելու փոխարեն ավելի խորանում են:

Կարծում եմ, նախքան ենթադրություններ եւ եզրահանգումներ անելը անհրաժեշտ է հասկանալ, թեորն է հնարավոր պատճառներից մեկը, որ նա չի լսում կամ չի անում ծնողի կամ ուսուցչի կողմից տրված այս կամ այն հրահանգները:

Ինչո՞ւ է նման բան լինում:

Երբ երեխան լույս աշխարհ է գալիս, մեր գլխավոր դերը նրան խնամելն է։ Ամեն պահ մենք պատրաստ ենք հոգալ նրա մասին։ Հերիք է նա սկսի թնկթնկալ, վազում ենք նրա մոտ և ամեն ինչ անում նրա համար։ Ինչ խոսք, այդպես էլ պետք է լինի, քանի որ նորածինը կամ մանկիկը ծնողների մշտական ուշադրության կարիքն ունեն։

Տարիներ շարունակ նման ուշադրության արժանացած երեխայի համար բնական է, որ ինքը «հրամայողն» է, իսկ մեծերը՝ «կատարողները»։ Հետո՝ սովորաբար երեխան սկսում է տեսնել «իրականությունը»: Մեծերն այլևս չեն անում իրենց ուզածը, փոխարենը պահանջում են, որ ինքը ենթարկվի։ Սա մեծ ցնցում է երեխաների համար։ Նրանցից ոմանք դիմում են «ստի եւ հիստերիայի» օգնությանը, ոմանք էլ «փորձում» են մեծերի իշխանությունը՝ պարզապես չհնազանդվելով։

Ի՞նչ անել, երբ երեխան անտեսում կամ մերժում է մեծերի հանձնարարությունը:

Հարցն այն է, որ երեխան չի ընդունի մեր իշխանությունը, եթե չտեսնի, որ մենք առաջնորդություն ենք վերցնում։ Ուստի մենք պետք է մեզ դրսեւորենք հավասարակշիռ կերպով։ Երեխայի հուզական աշխարհի վրա ազդելու համար անհրաժեշտ քայլերից մեկը, կարծում եմ, սիրով խրատելն է: Իհարկե, խրատը պետք է լինի խելամիտ, այն չպետք է վիրավորի երեխայի արժանապատվությունը։ Մյուս կողմից, որպեսզի երեխան հասկանա, թե ինչ է իրենից ակնկալվում, մեր խրատը չպետք է լինի անորոշ ու անտեղի։ 

Լինե՛նք կոնկրետ, վճռական. եթե ասում ենք՝ ոչ, ապա հանձնարությունը տալիս չփոխե՛նք մեր խոսքը:

Լինե՛նք սիրալիր. փոքրերը կհամակվեն պատասխանատվությամբ, եթե մեծերը նրանց առաջնորդեն և օգնեն սիրով։ Խրատը կօգնի, որ նրանք սովորեն հնազանդվել և իրենց սիրված զգալ:

Այսօր կարեւորագույն խնդիրներից մեկը երեխաների հետ խոսել սովորելն է, խոսել այնպես, որ նրանք լսեն: Ինչպես մենք ենք խոսում նրա հետ, այդպես էլ նա կխոսի ուրիշների հետ:

Ձեր ուշադրությանն եմ հրավիրում մի քանի փորձված մոտեցումներ, որոնք կօգնեն ավելի հեշտորեն և արդյունավետ շփվել երեխաների հետ.

1. Կապ հաստատե՛ք, նախքան պահանջ ներկայացնելը։ 
Նախքան ձեր երեխային հրահանգներ տալը նրա ուշադրությունը գրավելու համար նայեք երեխայի աչքերի մեջ այնպես, որ երեխան դա ընկալի որպես կոնտակտ, շփում, այլ ոչ թե ղեկավարելու հայացք:

2. Երեխային դիմե՛ք անունով։ 
Ձեր հարցադրումը սկսեք երեխայի անունով՝ կարեւորելով նրա անձը:

3. Ձեր ասելիքը ձևակերպե՛ք հակիրճ եւ հստակ եւ չշեղե՛ք նրա ուշադրությունը:

4. Պարզ մնացե՛ք — օգտագործե՛ք պարզ նախադասություններ:
Լսե՛ք, թե ինչպես են երեխաներն իրար հետ հաղորդակցվում, և հաշվի առե՛ք դա: Երբ ձեր երեխայի հայացքը դառնում է անտարբեր և սառած, դուք այլևս անհասկանալի, անմատչելի եք նրա համար:

5. Խնդրե՛ք երեխային կրկնել այն, ինչ իրեն ասացիք։
Եթե նա չի կարողանում կրկնել, ուրեմն ձեր ասածը կա՛մ շատ երկար էր, կա՛մ շատ բարդ: Մտածե՛ք այս մասին:

6. Արե՛ք այնպիսի առաջարկություն, որից երեխան չի կարողանա հրաժարվել։ 
Ձեր խնդրանքում առաջարկե՛ք երեխային այնպիսի պատճառ, որը նրան կհետաքրքրի, և դժվար կլինի դա մերժել: Ազդե՛ք երեխայի հուզական աշխարհի վրա:

7. Մնացե՛ք լավատես և դրական ցանկացած հանգամանքում: 

8. Հրահանգներն սկսե՛ք «ես ուզում եմ» բառերով: 

9. Առաջինը, երկրորդը… 
«Հավաքի՛ր խաղալիքներդ, ճաշի ժամն է» գոռալու փոխարեն՝ գնացե՛ք այն սենյակը, որտեղ երեխան խաղում է, և ցածր, բայց հաստատակամ ձայնով ասե՛ք երեխային, որ ճաշի ժամն է, ապա ընկերակցե՛ք երեխային մի քանի րոպե: Նրա մոտ ձեր գնալը (և ոչ թե հեռվից ձայն տալը) ցույց է տալիս, որ ձեր հրահանգը շատ լուրջ է, հակառակ դեպքում երեխան կարող է ձեր ասածն ընկալել որպես նախապատվության իրավունք:

10. Ընտրության հնարավորություն տվե՛ք։ 
 «Դու ուզում ես նախ գիշերանո՞ց հագնել, թե՞ ատամներդ մաքրել»:

11. Խոսե՛ք երեխայի հետ՝ ըստ նրա զարգացածության աստիճանի։ 
Որքան փոքր է երեխան, այնքան պարզ և կարճ պետք է լինեն ձեր հրահանգները: Հաշվի առեք երեխայի՝ հասկանալու կարողության մակարդակը: Օրինակ, տարածված սխալ է, երբ ծնողը 4 տարեկան երեխային հարցնում է. «Ինչու՞ դա արեցիր»: Անգամ մեծերը միշտ չեն կարողանում պատասխանել իրենց պահվածքին վերաբերող այդ հարցին: Դրա փոխարեն փորձեք ասել. «Արի՛ խոսենք քո արածի մասին»:

12. Խոսե՛ք սոցիալապես ճիշտ։ 
Անգամ ամենափոքրիկ երեխան կարող է սովորել «խնդրեմ»-ը, «շնորհակալությունն» ու «ներողությունը»: Խոսե՛ք երեխաների հետ այնպես, ինչպես կուզեք, որ նրանք խոսեն ձեզ հետ:

13. Խոսե՛ք հոգեբանորեն ճիշտ։ 
Սպառնալիքներն ու քննադատական բացահայտումները երեխային ստիպում են անցնել պաշտպանության: «Դու» -ով հանձնարարությունները լռեցնում են երեխային, իսկ «Ես»-ով հանձնարարությունները քննադատող չեն: «Դու ավելի լավ է անես դա…» կամ «Դու պետք է…»-ի փոխարեն փորձեք ասել «Ես կցանկանայի…» կամ «Ես այնքան շոյված ինձ կզգամ, երբ դու…»: «Դու պետք է մաքրես սեղանը»-ի փոխարեն ասեք. «Դու ինձ պետք ես սեղանը մաքրելու համար»: Երբ բացասական պատասխան չեք ակնկալում, մի՛ տվեք առաջատարի հարց: «Կվերցնե՞ս քո վերարկուն, խնդրում եմ»-ի փոխարես պարզապես ասե՛ք «Վերցրու՛ քո վերարկուն, խնդրում եմ»:

14. Գրառումներ արե՛ք։ 
Հիշեցումները շատ հեշտությամբ կարող են վերածվել դժգոհությունների, հատկապես 9-12 տարեկան երեխաների համար, ովքեր կարող են չարձագանքել, երբ դուք շարունակաբար հրահանգեք նրանց ինչ-որ բաներ անել: Առանց որևէ բառ ասելու դուք կարող եք հաղորդել այն, ինչ ձեզ պետք էր նրանց ասել: Խոսե՛ք թղթով և մատիտով: Թողե՛ք հումորային գրառումներ ձեր երեխայի համար: Հետո առանց լարվելու հետևե՛ք, թե ինչ կլինի:

15. Ցածր խոսե՛ք երեխայի հետ։ 
Որքան բարձր է երեխան խոսում, այնքան փափուկ պատասխանե՛ք: Թույլ տվե՛ք ձեր երեխային արտահայտվել՝ ասելով «ես հասկանում եմ» կամ «ես կարող եմ օգնել»: Երբեմն միայն հոգատար ունկնդիր ունենալը կարող է հանդարտեցնել փոթորիկը: Եթե դուք էլ խոսեք բարձրաձայն, գործ կունենաք երկու փոթորկի հետ: Ընկեր եղե՛ք նրա համար:

16. «Տրամադրե՛ք» երեխային։ 
Մինչ հրահանգներ տալը վերականգնեք հուզական հավասարակշռությունը, հակառակ դեպքում դուք անտեղի վատնումեք ձեր ժամանակը: Երբ ձեր երեխան հոգեպես ճնշված է, նրան ոչ մի բան դաս չի կարող լինել:

 17.  Կրկնե՛ք ձեր ասելիքը։ 
 Մանուկներին պետքէ նույն բանը կրկնել հազար անգամ: Մինչև 2 տարեկան երեխաները, ձեր հրահանգները յուրացնելիս դժվարություններ են ունենում: 4 տարեկանները հաճախ սկսում են յուրացնել ձեր հրահանգներն այնպես, որ ձեր խնդրանքը սկսում է ընկալվել: Երեխայի աճին զուգընթաց պետք է ավելի ու ավելի քիչ կրկնել: 8-12 տարեկաները կրկնությունը համարում են «գլխին ավետարան կարդալ»:

18. Թույլ տվե՛ք երեխան վերջացնի միտքը։ 
«Մի՛ թող սենյակդ խառնաշփոթ վիճակում»-ի փոխարեն փորձե՛ք ասել, ասենք, «Մտածի՛ր, թե որտեղ կուզենայիր պահել քո ֆուտբոլային իրերը»: Երեխային իր բացթողումները ինքնուրույն լրացնել թույլ տալը առավել հավանական է դարձնում ձեր ասածի երկարաժամկետ դաս դառնալը:

19.  Տվե՛ք այլընտրանքներ։ 
«Դու չես կարողմենակ գնալ զբոսայգի, բայց դու կարող ես խաղալ հարևան բակում»:

20. Նախօրոք հուշե՛ք։ 
«Մենք շուտով գնում ենք: «Ցտեսություն» ասա խաղալիքներին, «ցտեսություն»՝ աղջիկներին…»:

21. Բացահայտե՛ք ինքնամփոփ երեխային։ 
Զգուշորեն ընտրված արտահայտությունները բացում են փակված փոքրիկ մտքերը և բերանները: Խոսե՛ք այն թեմաների շուրջ, որոնցից, դուք գիտեք, որ ձեր երեխան ոգևորվում է: Տվե՛ք այնպիսի հարցեր, որոնց հնարավոր չէ պատասխանել միայն «այո» կամ «ոչ»: Հետաքրքրվե՛ք մանրամասներով: «Այսօր լա՞վ օր էր դպրոցում»–ի փոխարեն փորձե՛ք ասել «Ո՞րն է ամենազվարճալի բանը, որ դու այսօր արել ես»:

22. Օգտագործե՛ք «Երբ դու… Ես կզգամ…որովհետև…» կաղապարը։ 
«Երբ դու խանութում մայրիկից հեռու վազես, ես կանհանգստանամ, որովհետև հնարավոր է՝ քեզ կորցնեմ»:

Մեր կյանքի ընթացքում մենք հնազանդություն ենք սովորում: Սկսած մանկուց՝ մեզ համար պատասխանատվություն կրողներն ուղեցույցներ ու կանոններ են սահմանում մեր ապահովության համար: Կյանքն ավելի հեշտ կլինի բոլորիս համար, եթե անվարան պահպանենք այդ կանոնները: Ինչևէ, մեզանից շատերն իրենց փորձից են սովորում հնազանդ լինելու իմաստությունը:

Հնազանդությունը դյուրացնում է մարդկային հարաբերությունները, իսկ մարդն այսօր չի կարող ապրել առանց արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու:

Ավետիսյան դպրոցի տնօրեն, մ.գ.թ. Մելանյա Գեղամյան