Սիրելի շրջանավարտներ, այսօր Ավետիսյան դպրոցում հնչեց Վերջին զանգը:
Բեմից շատ գեղեցիկ նկարագրեցիք անցած տարիները, դասընկերների ու ուսուցիչների հետ կապված ամենատարբեր միջադեպերը, որոնք այսուհետ հուշ դարձած ուղեկցելու են ձեզ ամբողջ կյանքի ընթացքում:
Այսօրվանից ձեր առջև նոր հեռանկարներ են բացվում, որոնց հասնելու համար դուք շատ կարևոր և պատասխանատու որոշում պետք է կայացնեք՝ ձեր ապագա մասնագիտությունն ընտրելիս: Սակայն ինչ մասնագիտություն էլ որ ընտրեք, ձեր կյանքը հետագայում ինչ ուղով էլ ընթանա, միշտ հիշեք, որ դուք ձեր հաղթանակած հայրերի ու պապերի ժառանգորդն եք, նրանց ձեռքբերումների իսկական տերն ու շարունակողը, սխալված չեմ լինի, եթե ավելացնեմ, որ 2018-ի խաղաղ հեղափոխության ժամանակ դուք այն ապացուցեցիք:
Համոզված եմ, որ ոչ միայն պահպանելու եք այն արժեքները, որոնք բազում դժվարություններ հաղթահարելով, դարեդար անցել ու ձեզ են փոխանցվել ձեր ուսուցիչների, ծնողների շնորհիվ, այլև հարստացնելու և նոր որակներ եք հաղորդելու այդ ամենին:
Նաև վստահ եմ, որ ստեղծագործ ուժով, դժվարությունները հաղթահարելու ձեր անսասան կամքով անելու եք հնարավորը՝ շենացնելու մեր երկիրը:
Միշտ հիշե՛ք, որ կյանքում ինչ հաջողությունների էլ որ հասնեք, ձեր գիտելիքների ու ձեռքբերումների համար առաջին հերթին պարտական եք ձեր ուսուցիչներին:
Հիշարժան այս օրը իմ խորին հարգանքն ու երախտիքի խոսքն եմ ուղղում Ավետիսյան կրթահամալիրի բոլոր ուսուցիչներին՝ իրենց ազգաշահ ու հայրենանվեր աշխատանքի համար:
Շնորհավորում եմ նաև մեր ծնողներին, ովքեր իսկապես բազում երազանքներ ունեն ձեզ հետ կապված, և տա՛ Աստված, որ իրականություն դարձնեք նրանց բոլոր երազանքները։
Սիրելի՛ շրջանավարտներ,
Մաղթում եմ, որ պարզ ճակատով, արժանապատվության բարձր գիտակցումով մտնեք մեծ կյանք: Եղե՛ք հպարտ, որ ազատ ու անկախ Հայաստանի քաղաքացին եք: Հպարտացե՛ք ու միշտ բարձր պահե՛ք Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հայի, Ավետիսյանցիների պատիվը:
Բարի երթ…
Ձեր՝ տիկին Մելանյա
24.05.2019թ.