Ավետիսյան դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մելիքսեթյան Տաթևիկը սույն թվականի մարտի 4-ին մասնակցել է LCC Միջազգային համալսարանի կողմից կազմակերպված «Անգլերեն հանրային ելույթի 3-րդ միջազգային մրցության» հայաստանյան երկրորդ փուլին, որն անց է կացվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում:

Տաթևիկի խոսքի վերնագիրն էր «My Dream of Peace»:

Նա ներկայացրեց աշխարհում և իր հայրենիքում խաղաղության հաստատման ուղիների իր պատկերացումը և դրանում մեծ ներդրում ունենալու իր երազանքը:

Մրցության ժամանակ մասնակիցներին բաժանեցին երեք խմբի, և ամեն խումբ զբաղեցրեց տարբեր լսարան: Ամեն մի լսարանում դատավորների ներկայությամբ մասնակիցները ներկայացրին իրենց խոսքը:

Երեք լսարարաններից ընտրեցին 3-ական լավագույն մասնակիցների, որոնք երրորդ փուլում կրկին ներկայացրին իրենց խոսքը:

Այս փուլում ընտրվեցին լավագույն մասնակիցներից երկու հոգի, ովքեր հնարավորություն ստացան անվճար սովորելու Լիտվայի համալսարանում և մասնակցելու Լիտվայում անցկացվելիք մրցության վերջին փուլին:

Մյուս մասնակիցները և նրանց անգլերենի ուսուցիչները ստացան հավաստագրեր:

Տաթևիկը շատ է կարևորում նման մրցությանը իր մասնակցության փաստը, քանի որ այն առիթ էր ներկայացնելու սեփական պատկերացումները, լսելու հասակակիցներին մտահոգող հարցերը, ինչպես նաև գնահատելու իր՝ անգլերենի իմացության իրական ծավալը: