Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը Ավետիսյան դպրոցի V«ա» դասարանի աշակերտները (դասղեկ՝ Ն. Մելիքյան) հյուրընկալվեցին մայրաքաղաքի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

Նրանք շրջագայեցին գրադարանի սրահներում, ծանոթացան պատանեկան գրաշարի նորություններին, այցելեցին միջին տարիքի դպրոցականների ընթերցասրահ, ձայնադարանում խմբովի ձայնակցեցին   Հովհ. Թումանյանի հեղինակած «Ա՜խ, ինչ լավ են» երգին: Գրքերի բազմախորհուրդ այս աշխարհում ավետիսյանցիների անցկացրած անմոռանալի պահերից մեկն էլ հանդիպումն էր Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ, ում հայ երեխաները բարևեցին ճապոներեն: Հեքիաթի  գունագեղ  սենյակում դեսպանը հայ մանուկների համար ճապոներենով կարդաց Հովհ. Թումանյանի «Բարեկենդանը» և ճապոնական ժողովրդական «Կռունկ աղջիկը» հեքիաթները, այնուհետև պատասխանեց երեխաներին հուզող բազմաթիվ հարցերի:

Ի հիշատակ հանդիպման՝ պարոն Յամադան երեխաներին նվիրեց «Բարև՛, Ճապո՛նիա» պատկերազարդ հանրամատչելի գիրք-ալբոմը: Այս այցի շնորհիվ հինգերորդցիները հարազատ դպրոցի գրադարանը հարստացրին ինչպես այդ գրքով, այնպես էլ ժամանակակից մանկագիր Սուրեն Մուրադյանի «100  հանելուկ»-ով: