Բարի ավանդույթի է վերածվել Երևանի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի տնօրեն Մելանյա Գեղամյանի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Արցախի նախադպրոցական հիմնարկների մանկավարժական թիմերի համագործակցությունը: Այս տարվա նոյեմբերի 21-23-ը Արցախի մանկապարտեզները դարձյալ հյուրընկալեցին տիկին Գեղամյանին։ Եռօրյա այցի օրակարգը ավելի, քան հագեցած էր. տիկին Գեղամյանը Շուշիի, Մարտակերտի և Ասկերանի մանկապարտեզներում ներկա գտնվեց պարապմունքների, տեղում կազմակերպեց քննարկումներ։

Առանձնապես հետաքրքիր և արդյունավետ էր Ստեփանակերտի մանկապարտեզում կազմակերպված «Այնքա՜ն ծանոթ և այնքա՜ն անծանոթ մեր երեխան» թեմայով սեմինարը, որի ընթացքում անցկացվեց նաև մեկ գործնական պարապմունք՝ քննարկված նյութը տեղայնացնելու և կիրառելու նպատակով: Նյութն ընտրված էր առավել, քան ճշգրիտ: Սեմինարի մասնակիցները, ինչպես նախորդ հանդիպումներին, ոգեշնչված էին դրա ձևաչափից, անկաշկանդ ու ազատ էին որոշակի խնդիրներ վեր հանելու, լուծման տարբերակներ առաջադրելու և քննարկելու ընթացքում:

Եռօրյայի ընթացքում առանձին հանդիպումներ կայացան մանկապարտեզների տնօրենների և մեթոդիստի հետ: Դրանց ընթացքում խոսվեց ղեկավարի գործառույթների և մանկավարժի մեթոդական աշխատանքների կազմակերպման մասին, տնօրեններին տրվեց «Մանկապարտեզի տնօրենի ուղեցույց» և աշխատանքի վերաբերյալ որոշակի պարտադիր պահանջների բացատրություն:

Եվս մեկ հանդիպում կազմակերպվեց նշված մանկապարտեզների երաժիշտների հետ. ցուցաբերվեց մեթոդական օգնություն, տրամադրվեց երաժշտական պարապմունքի պլան-կոնսպեկտ:

Այդ հանդիպումները մասնագիտական փորձի փոխանակման, կրթության և դաստիարակության գործում նոր մոտեցումների և մեթոդների ամուր հիմքն են դնում: Եվ Արցախի թիմը իր մասնագիտական որակավորման բարձրացմամբ շահագրգռված բոլոր անձանց հանդեպ երախտագիտությամբ ու նոր ակնկալիքներով սպասում է հաջորդ հանդիպմանը: