Ալեքսանդր Պուշկին. Ամենայն ռուսաց բանաստեղծ, ռուսական պոեզիայի արևը, որ լուսավորում է ընթերցողին թոթովախոս հասակից մինչև սիրո տարիքը և ջերմացնում է նրա փիլիսոփայական ծերությունը:

Պոետ, ում ստեղծագործությունը ծանոթ է ամբողջ Երկիր մոլորակին, քանզի նրա երկերը թարգմանված են աշխարհի գրեթե բոլոր լեզուներով և, անշուշտ, հայերեն:

Ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 220-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթը Ավետիսյան դպրոցում ևս մեկ անգամ ցուցադրեց այն սերն ու գնահատանքը, որ ունի հայ ընթերցողը ռուսական պոեզիայի հանճարի հանդեպ: Ոսկե ձկնիկից ու Բալդի ծառայից մինչև Օնեգին և Տատյանա, մինչև ճակատագրական մենամարտը, մինչև պուշկինյան քնարերգության երկուդարյա հաղթարշավն ամենուր՝ առօրյա կյանքում, երաժշտության ու գեղանկարչության, քանդակագործության մեջ…

Ցերեկույթին ներկա էին Հայաստանում գիտական և մշակութային համագործակցության ռուսաստանյան կենտրոնի ներկայացուցիչներ Օ. Լիկովան և Ս. Սարաջյանը: Տիկին Լիկովան հայտնեց իրենց գոհունակությունն առ այն, որ Պուշկինյան շաբաթը Հայաստանում եզրափակվեց հենց այս շքեղ միջոցառմամբ:

Միջոցառման կազմակերպիչներին՝ ռուսերենի ուսուցիչներ Ն. Հովհաննիսյանին և Ս. Աղաջանյանին, դահլիճն իր շնորհակալությունը հայտնեց երկարատև ջերմ ծափահարություններով: