Բազմահազար արահետների մեջ ինչպե՞ս ճիշտ ընտրես քո ուղին և ի՞նչ անես՝ հաստատուն քայլերով առաջանալու, ապագադ կառուցելու համար: Մանավանդ որ քո ապագան նաև քո երկրի՛ ապագան է:
Ավետիսյան դպրոցի բարձրդասարանցիներին այս հարցերը հուզում են ճիշտ այնպես, ինչպես Երկիր մոլորակի նրանց բոլոր հասակակիցներին: Ահա թե ինչու կյանքի սեմին կանգնած սաների համար դպրոցում հնարավորինս հաճախ կազմակերպվում են հանդիպումներ կյանքում լուրջ հաջողությունների հասած անհատականությունների, հիմնականում մեր հայրենակիցների հետ: Հյուրերը սիրով պատմում են իրենց անցած ուղու, դժվարությունների, լուրջ խոչընդոտների և դրանք հաղթահարելու մասին, խորհուրդներ են տալիս և, իհարկե, պատասխանում ավետիսյանցիներին հուզող հարցերին:
Այդ առումով բացառություն չէր նաև այսօրվա հյուրը: Ավելին. «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի տնօրեն պարոն Րաֆֆի Պաղճեանը, ում մեծ սիրով հյուրընկալել էինք դպրոցում, «բացահայտեց» էներգետիկ ոլորտի համաշխարհային առաջատար Shell ընկերությունում իր 35 տարվա անգնահատելի փորձի որոշ գաղտնիքներ, պատմեց աշխարհի տարբեր մայրցամաքներում միևնույն խնդիրներին ցուցաբերվող մոտեցումների մասին, ինչպես նաև պատասխանելով դահլիճի հարցերին՝ փորձեց բացել «հաջողության բանալու» գաղտնիքը:
Աշխատասիրություն, բարձր պատասխանատվություն, նպատակից հետ չկանգնելու վճռականություն և, իհարկե, խիզախելու կամք ու ոգի: Ահա այսպես՝ օրավուր, ավելանում են մեր երկրի ապագա տերերին փորձառու և կյանքում իրենց ճիշտ տեղը գտած հյուրերի կողմից տրվող «դեղատոմսերը», ինչի համար չենք կարող շնորհակալ չլինել բոլորին: