Ս.թ. ապրիլի երեսունին Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց-համայնքային կենտրոնում տեղի ունեցավ բարի ավանդույթ դարձած հերթական բարեգործական միջոցառումը:
Ավետարանչական ընկերակցության, քաղաքապետարանի կրթության բաժնի աջակցությամբ, Մուսալեռ «Բարի կամք» բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպության մասնակցությամբ և դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ կրթահամալիր էին հրավիրվել Մալաթիա-Սեբաստիա եւ Դավթաշեն վարչական շրջանների հղի մանկավարժները։
Միջոցառման սկզբում դպրոցի տնօրեն Մ. Գեղամյանը ներկաներին ծանոթացրեց դպրոցի ծավալած գործունեությանը: Այնուհետև դպրոցի հոգեբան Արփի Խաչատուրյանը զրուցեց մայրանալու և երեխաներին ճիշտ դաստիարակելու մասին, նաև տեսասահիկների օգնությամբ պատկերավոր ներկայացրեց մոր և մանկան կապի և առողջ փոխհարաբերությունների կարևորությունը։
Հանդիպման ավարտին հյուրերին բաժանվեցին մանուկների համար նախատեսված գրքեր և նվերներ: Ի դեպ, նորածինների համար նախատեսված նվերները այս անգամ պատրաստվել էին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի բնակիչ Բեթի Չերքեզյանի «Գործված է սիրով» ծրագրի եւ Մուսալեռ «Բարի կամք» բարեգործական սոցիալական ՀԿ-ի կողմից։