«Ուսուցիչ պարոննե՛ր ու քույրե՛ր, զգուշությամբ ու երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին. խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը։ Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է։ Սխալ ուղղությամբ՝ ազգ մը կը խորտակեք վերջը». ԿՈՄԻՏԱՍ:

Մեծն Կոմիտասի թևավոր դարձած այս խոսքը Ավետիսյան դպրոցի գործունեության առաջնային սկզբունքներից մեկն է, որը պահանջում է ամենայն զգուշություն և նրբավարություն ցուցաբերել մանուկ սերնդի հետ աշխատելու ընթացքում: Քանզի այսօր դաստիարակվող սերնդի որակական, մտավոր և բարոյական հատկություններով է պայմանավորված մեր ազգի ապագան: Ելակետային այս դրույթից բխեցնելով կրթօջախի տեսլականի առաջնայնությունները՝ Ավետիսյան դպրոցի կոորդինացիոն խորհուրդը որոշում կայացրեց , որ 2020-2021 ուսումնական տարին դառնա Ամբողջական կրթության սկզբունքները որդեգրելու մեկնարկային տարի:

Այդ նպատակն իրագործելու հեռանկարով Ավետիսյան դպրոցի կրթության խորհրդատու նշանակվեց կրթության ոլորտի կայացած մասնագետ տիկին Սալբի Ներսեսսյանը: Նա պատասխանատու է Ամբողջական կրթության սկզբունքները սերմանելու և այն կրթահամալիրում գործնականապես կիրառելու գործընթացում կրթօջախի անձնակազմին և ուսուցչակազմին աջակցելու գործում:

Ամբողջական կրթության կիրառման գործում կարևորելով մանկավարժների վերապատրաստումը՝ տիկին Ս. Ներսեսսյանը ձեռնարկեց զանազան սեմինար-դասընթացներ, որոնք արդեն ընթացքի մեջ են: Դրանց առաջին փուլը նվիրված էր 2-րդ և 3-րդ դասարանների դասվարներին, և նյութը դարձյալ Ամբողջական կրթությունն էր: Երկու մասից կազմված այս սեմինարն անցկացվեց 2020 թ. հոկտեմբերի 21-ին և 22-ին: Այդ հանդիպումների ընթացքում մասնագետը համապարփակորեն ներկայացրեց Ամբողջական կրթության էությունը, ընդգծեց 21-րդ դարում դրա անհրաժեշտությունը, ինչպես նաև խոսեց Ամբողջական կրթության հիմնական առանձնահատկությունների մասին:

Տիկին Ս. Ներսեսսյանը սեմինարն ավարտեց Կոնֆուցիուսի հետևյալ խոսքերով. «Եթե մտածում եք 1 տարվա կտրվածքով, ապա սերմ տնկեք. եթե 10 տարի ժամկետով, ծառ տնկեք, եթե 100 տարի ժամկետով, ապա սովորեցրեք ժողովրդին»:

Եվ մենք շատ լավ գիտենք, որ այսօր մեր հայ դպրոցի նպատակը մեկն է՝ ճշմարիտ դաստիարակությամբ ձևավորել լավ մարդ և քաղաքացի: