Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ եւ ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը:
Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում Ավետիսյան դպրոցի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ եւ բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության եւ դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:
Նոր ուսումնական տարին թող լինի առավել հագեցած եւ արդյունավետ, քանզի որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ է եղել գերակա նպատակ: Միանում եմ դպրոցի եւ ուսումնառության զարգացման բոլոր ջանքերին` ի բարօրություն այսօրվա եւ վաղվա Երեւանը կերտող քաղաքացու:
Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ.
Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար, որովհետեւ կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետեւողական աշխատանքից ու նվիրումից:
Ուսումնական տարվա սկիզբն ավետող այս օրն առավել հիշարժան է մեր առաջին դասարանցիների համար: Իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում ու ցանկանում, որ ուսումնառության ողջ ընթացքը նրանց համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսեւորման ժամանակաշրջան: Յուրաքանչյուր աշակերտ մի ջահ է, որը պիտի բոցավառվի գիտելիքի նկատմամբ սիրով ու սովորելու անսպառ ցանկությամբ:
Պատահական չէ, որ սեպտեմբերի մեկը նշվում է նաեւ որպես գիտելիքի օր, գիտելիք, որը հազարամյակներ շարունակ եղել է մեր ժողովրդի գերագույն արժեքներից մեկը:
Մենք թեւակոխել ենք մի նոր դարաշրջան, երբ օր օրի փոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով: Հասարակության մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը:
Կրկին շնորհավորելով բոլորիս գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նոր ուսումնական տարում հաջողություններ եւ ամենայն բարիք:
Մելանյա Գեղամյան
Ավետիսյան դպրոցի տնօրեն, մ.գ.թ.
01.09.2024 թ.
Երեւան