Ավետիսյան դպրոցում եռուզեռը շարունակվում է…

Ավետիսյան ամառային դպրոցի աշակերտները հուլիսի 1-31-ը բազմաբովանդակ օրեր անցկացրին: Կազմակերպիչներն ու ուսուցիչները տնօրենի գլխավորությամբ ամեն ջանք ներդրեցին, որ մեկամսյա հանգիստը հագեցած լինի թե՛ ճանաչողական, թե՛ ժամանցային ծրագրերով:

Ամառային դպրոցից հետո՝ օգոստոսի 18-22-ը, ավետիսյանցիները մեկնեցին Հանքավանի «Շողիկ» ճամբար: Շուրջ 130 աշակերտ տնօրեն Մելանյա Գեղամյանի և ուսուցիչների հետ վայելեցին Հանքավանի մաքուր օդը, չքնաղ բնությունը, հանգիստն ու լռությունը:

Ճամբարային օրերի ընթացքում ավագ խմբերը մասնակցեցին հետաքրքիր սեմինարի, որն անցկացնում էր Արմեն Ղարիբյանը: Վերջինս պատմեց, թե ինչ դժվարություններ է հաղթահարել, ինչ ձեռքբերումներ է ունեցել, ինչպես է հավատացել իր երազանքին և այն դարձրել իրականություն: Տպավորիչ էր նաև Ծաղկաձորում Օրբելյանների տուն-թանգարան այցելելը, Օրբելյան տոհմի պատմությանը, նրանց հայտնագործություններին ծանոթանալը, ապա Կեչառիսի եկեղեցում օրհնություն ստանալը:

Բացի ազատ խաղերից, Ճամբարում ամեն օր կազմակերպվում էին դահլիճային մրցույթներ, շնորհալիների ելույթներ, փոքրիկ բեմադրություններ, իսկ վերջին օրը ամփոփվեց պաստառների մրցույթով: Բոլոր ջոկատները ներկայացրին իրենց պատրաստած պաստառները, պատմեցին ,թե ինչ սովորեցին ճամբարում, ամփոփեցին իրենց ճամբարային առօրյան:

Հանգստյան օրերի ավարտին ճամբարականները սիրով շնորհակալություն հայտնեցին ԱՀԱԸ –ին, տնօրեն Մ. Գեղամյանին , ջոկատավարներին, խոհարարներին, մաքրուհիներին, թատերական ներկայացումների պատասխանատուներին:

Ճամբարային ջերմ և ուրախ օրերի հիշողությունները բոլորին կապրեցնեն մինչև հաջորդ տարի: