«Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոնում» այս տարի յուրահատուկ ձևաչափով նշվեց Ուսուցչի օրը:
«Հայ կրթություն» կրթահամալիրը տոնի առիթով հյուրընկալել էր Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարբեր կրթօջախների մանկավարժների: Նրանց ներկայացվեց գրական-երաժշտական նրբաճաշակ կոմպոզիցիա, որի հյուսվածքում մասնագիտական տոնը ներդաշնակված էր մեծ երգահան, հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, վարդապետ և ուսուցիչ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին:
Տոնական համերգին մասնակցում էին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի մենակատարներ Էլվիրա Խաչատրյանը (սոպրանո), Հայկ Թոնգուրյանը (տենոր), դաշնակահար Վասիլի Ռոլիչը, ինչպես նաև համերգավար և ասմունքող Անդրանիկ Մարդոյանը:
Կոմիտասյան երգերի կատարումներն ուղեկցվում էին մեծ երգահանի տարբեր տարիների լուսանկարների ցուցադրմամբ և Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից հատվածներով:
Բոլոր մանկավարժները դահլիճից դուրս եկան վարդերով, որ թանկագին հյուրերին նվիրեցին Ավետիսյան կրթահամալիրի ավագ դպրոցի աշակերտները: