Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանի նախաձեռնությամբ, Ավետիսյան դպրոցում մանկավարժների համար իրականացվում է սեմինար-պարապմունք՝ կարևորելով ուսուցիչների անձնային և մասնագիտական աճը: Դասընթացները վարում է «Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի պատասխանատու Գոռ Հովհաննիսյանը, Ստիվեն Քովիի «Արդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքի հիման վրա:
Ս. Քովին համամարդկային կայուն գաղափարներ է ներառել իր գրքի բովանդակության մեջ: Ինչպես հեղինակն է նշում, «կյանքն առաքելություն է, ոչ թե կարիերա»: Ուստի յուրաքանչյուր ոք փորձում է գտնել իր առաքելությունն այս կյանքում, ապրել արդյունավետ կյանքով:
Առաջնորդության ոլորտում արդեն դասական գրականություն համարվող աշխատության վրա հիմնված սեմինարը սովորեցնում է մեզ դուրս գալ հարմարավետության գոտուց, օգնում է վերանայել սեփական կյանքը, վերլուծել ներկան և կառուցել ապագայի տեսլականն ու կյանքի կոչել այն:
Դասընթացի կարևորագույն դրույթն է անձնական արդյունավետությունը բարձրացնող հատուկ հմտությունների ու գիտելիքների միջոցով օգնել մարդուն կյանքի կոչելու անհնարին թվացող երազանքները: