Գրքի համաշխարհային օրը համարվում է ապրիլի 23-ը. այդ օրը ողջ աշխարհում մարդիկ միմյանց գրքեր են նվիրում, հարստացնում  գրադարանը նորանոր օրինակներով:

Այդ օրը տոն է բոլոր գրքասերների, գրականություն սիրողների, գիրքը գնահատողների համար:

Հայաստանի Հանրապետությունում գրքի տոնը նշվում է ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին:

Փետրվարի 19-ը տոնական էր նաև Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների կրթահամալիրում:

Դպրոցի բոլոր դասարանները գունագեղ, բազմաբովանդակ ու բազմաժանր գրքեր նվիրեցին դպրոցի գրադարանին: Կրթահամալիրի տնօրեն Մ. Գեղամյանը ևս գրքեր նվիրեց գրադարանին՝ պատգամելով աշակերտներին գիրքը դարձնել կյանքի մշտական ուղեկից:

Տարրական մասնախումբը դպրոցի գրադարանին նվիրեց 2-րդ դասարանի «Այբբենարան» ուսումնական ձեռնարկի 45 օրինակ:

Գրադարանը հարստացավ հայ և համաշխարհային գրականության լավագույն նմուշներով. Օսկար Ուայլդի, Էրիխ Մարիա Ռեմարկի, Ռիչարդ Բախի, Ջեկ Լոնդոնի, Ջեյն Օսթինի, Ալֆոնս Դոդեի, Շիրվանզադեի, Գուրգեն Մահարու, Հովհաննես Թումանյանի երկերը հարստացրին գրքերի անսահման աշխարհը:

Գրքերը մտքի նավեր են. նավարկեք իմաստության հորձանուտում և կգտնեք բազում թաքնված գանձեր: