Ավետիսյան դպրոցը ATP   կազմակերպության հետ համագործակցում է 2008թ-ից: Այս տարիների ընթացքում բազմաթիվ համատեղ միջոցառումներ են կազմակերպվել, տնկվել են ծառեր` կանաչով հարստացնելով շրջակա միջավայրը:

Հերթական հանդիպումը տեղի ունեցավ 2015թ-ի հունիսի 19-ին Սարդարապատի հուշահամալիրի մոտ: Ավետիսյան դպրոցի 10-րդ և Լոս Անջելես քաղաքի «Վաչե և Թամար Մանուկյան» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները պիտի մասնակցեին խորհրդանշական ծառատունկի:

Ամեն տարի՝ ավարտելուց առաջ, «Վաչե և Թամար Մանուկյան» ավագ դպրոցն իր սաներին բերում է Հայաստան՝ կապը հայրենիքի հետ ամուր պահելու,հայեցիությունն ու հայկականը ամրապնդելու:

Ավետիսյան դպրոցի սաները պատմեցին իրենց կանաչ դպրոցից, ներկայացրին  դպրոցական առօրյան, իսկ ամերիկահայ երեխաները  խոսեցին իրենց այցելած տեսարժան վայրերից, կիսվեցին տպավորություններով, փոխանակեցին էլեկտրոնային հասցեները:

Ապա երկու տարբեր աշխարհամասերի հայ երեխաները միասին կենսածառեր տնկեցին Սարդարապատ հուշահամալիրի տարածքում` ի նշան հայի կենսունակության և հավերժ գոյության: