Մռայլ երկինքն այդ առավոտ ցրել էր իր թուխպերը և ամենախոր անհունից ժպտում էր Հայաստան աշխարհին: Ասես պատվերով առաքված աշնանային այդ արևոտ օրվան սպասում էին Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի մի գողտրիկ անկյունում. «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցն ու համայնքային կենտրոնը «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի հետ դպրոցի կանաչապատ տարածքում անցկացրին համատեղ ծառատունկ: Մինչև օրվա վերջ տնկարկվեց 500 ծառ և թուփ՝ գիհի, դրախտանոճի (տուա), թխկի և այլն: Դպրոցի 4-10-րդ դասարանների պատանի երկրագործները սիրով էին հող մտցնում, ամրացնում ու ջրում յուրաքանչյուր մատղաշ տնկի:
Երեկոյանում էր, բայց «Հայ կրթության» սաները դեռ շրջում էին դպրոցամերձ ընդարձակ տարածքում, ստուգում, իրենց իսկ կատարած աշխատանքը: Նրանցից յուրաքանչյուրը նաև ընտրում էր «իր» ծառը, որն այսուհետ խնամելու էր և պահպանելու և, ի՞նչ իմանաս, որին գուցե նաև պահ էր տալու իր պատանեկան հոգու թաքուն իղձերն ու երազանքերը և որին գուցեև այցի էր գալու տարիներ անց… իր դպրոցական բալիկի ձեռքը բռնած:
