Փետրվարի 19-ի առավոտյան Ամենայն հայոց բանաստեղծին նվիրված մեծադիր պաստառի հանդիսավոր բացմամբ մեկնարկեց թումանյանական շաբաթը Ավետիսյան դպրոցում:
Կրթահամալիրի տնօրեն տիկին Մ. Գեղամյանի ողջերթի խոսքից հետո ավագ դպրոցի աշակերտներն իրենց ուսուցչուհու՝ Լիլիթ Բախշյանի հետ բոլորին հրավիրեցին դպրոցի դահլիճ:
Բեմում վերստեղծված «թումանյանական» մթնոլորտում մեծ բանաստեղծի տասը «զավակները» իրենց հուշերով ներկայացրին Թումանյան մարդուն, Թումանյան գրողին և, իհարկե, Թումանյան գերդաստանի հորը, պատմեցին հուզիչ դեպքեր հայրիկի կյանքից, հնաբույր պատեֆոնով լսեցին հայրիկի սիրած երգերը, ասես կենդանացրին մեծ բանաստեղծի խրատներն ու խորհուրդները, որոնք լեփ-լեցուն դահլիճը լսում էր գրեթե երկյուղած լռությամբ:
Անկաշկանդ ու ջերմիկ մթնոլորտի քնարականությունն ու նրբակերտությունը հարստացրին սահիկաշարը և հատվածներ մեծ բանաստեղծի ստեղծագործություններից ու «Անուշ» օպերայից:
Գիրք նվիրելու օր
Մեծ բանաստեղծի ծննդյան օրվա ավանդական մասը՝ գիրք նվիրելու արարողությունը, բնական շարունակությունը եղավ այս գեղեցիկ միջոցառման: Կրթահամալիրի գրադարանը նվեր ստացավ 170-ից ավելի գիրք՝ ուսումնական ձեռնարկներից մինչև դասական և նորագույն գրականություն:
Բոլոր ժամանակների միակ մնայուն հարստության՝ գրքի արժևորման, մեծարման, անցած ճանապարհի և պատմության մի հիանալի ներկայացում եղավ VII «բ» դասարանի (դասղեկ՝ Զարուհի Ավետիսյան) և դպրոցի գրադարանի (գրադարանավար՝ Վարդուհի Պողոսյան) մատուցած ճանաչողական հանդեսը:
Ամենաընթերցասեր և ամենագրքասեր աշակերտներն ու ուսուցիչներն արժանացան պատվոգրերի։
Օրվա վերջին անակնկալը
դասամիջոցի զանգին փոխարինած երաժշտությունն էր՝ Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայից: Մի քանի րոպե անց միջանցքում նույնիսկ ձայնակցողներ եղան.
«Ամպի տակից ջուր է գալիս, Դոշ է տալիս, փրփրում…»:
Թումանյանական շաբաթը Ավետիսյան դպրոցում շարունակվում է: Եվ ոչ միայն շաբաթը. տարին է թումանյանական…