Մայիսի 7-ին, Հայաստանում Միավորված Ազգերի կազմակերպության մշտական համակարգող Շոմբի Շարփն այցելել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հովանու ներքո գործող Ավետիսյան դպրոց։

ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանի եւ կրթահամալիրի տնօրեն Մելանյա Գեղամյանի ուղեկցությամբ պատվավոր հյուրը շրջայց է կատարել տարածաշրջանի առաջին «կանաչ» դպրոցում, ծանոթացել կրթօջախի ակադեմիական պայմաններին եւ բնապահպանական բնութագրերին։

Շոմբի Շարփին են ներկայացվել նաեւ էկոշինության տանիքում կառուցված «Բուզետտո ագարակները»՝ անվանակոչված ի պատիվ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախկին ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի՝ ի նշան երախտագիտության Հայաստանի Հանրապետությանը և Ավետիսյան դպրոցին մատուցած թանկագին ծառայությունների համար։

ՄԱԿ մշտական համակարգողին էկոակումբի «Աղբի թանգարանում» տպավորել է թափոնների կառավարման ոլորտում ավետիսյանցիների ստեղծարար գաղափարների կիրարկումը։

Պարոն Շարփն իր հիացմունքն է հայտնել Ավետիսյան դպրոցի ծրագրերի վերաբերյալ՝ խոստանալով կրկին այցելել կրթօջախ առաջին իսկ առիթի դեպքում։