Հայ Առաքելական եկեղեցին Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը նշում է Սուրբ Վարդանանց տոնը: Ըստ ավանդույթի` Ավետիսյան դպրոցը յուրաքանչյուր տարի` այս օրը, կազմակերպում է որևէ հետաքրքիր միջոցառում:
Այս անգամ աշակերտներն ու կազմակերպիչները էլ ավելի մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ էին պատրաստվել. նրանք պետք է գովաբանեին ոչ միայն Վարդանանց պատերազմի սուրբ նահատակներին, այլև մերօրյա վարդաններին` Ապրիլյան պատերազմի անմահ հերոսներին:
Հոգենորոգ օրվա կապակցությամբ, դպրոցի տնօրեն մ.գ.թ. Մելանյա Գեղամյանի հրավերով միջոցառմանը ներկա էին Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության (ՔԴ) կենտրոնի տնօրեն Վարդան եպս Նավասարդյանը, ՔԴ կենտրոնի միջնակարգ կրթության ոլորտի և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պատասխանատուներ Կարապետ Դանղյանը և Սերոբ սարկավագ Իսախանյանը: Ներկա էին նաև Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը, ավագ հովվի օգնական վերապատվելի Հովհաննես Հովսեփյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) պրակտիկայի կենտրոնի ղեկավար Վահան Սարգսյանը, ՀՊՄՀ համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի ղեկավար Ռիտա Գևորգյանը, «Միջազգային անվտանգության աստպետաց ակադեմիայի» նախագահ, Արցախի պատերազմի վետերանների միության նախագահ գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը, վետերան գեներալ-մայոր Հակոբ Բոսոնյանը և ՀՀ ՊՆ Ավետիսյան դպրոցի շեֆ զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Արսեն Սեդրակյանը և ուրիշներ:
Ս.Վարդանանց քաջամարտիկ զորավարների և 1036 վկաների տոնին նվիրված ավանդական դարձած հանդիսությունը սկսվեց դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի ողջույնի խոսքով և Վարդան եպս Նավասարդյանի «Հայր մեր» Տերունական աղոթքով:
Միջոցառմանը մասնակցում էին թեˊ տարրական, թեˊ ավագ դպրոցի սաները`մարմնավորելով մերօրյա մարտիկներին, արժևորելով հայոց բանակի`Վարդանանց քաջերին արժանի ոգին: Աշակերտներն իրենց խաղով, երգերով, խրոխտ պարերով մեկ անգամ ևս փաստեցին, որ հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի համար պատասխանատու լինելը հայի գոյության երաշխիքն է, Հայոց բանակում ծառայելը պատվի գործ:
Ավետիսյան դպրոցի լեփ-լեցուն դահլիճում իշխում էր հակասական տրամադրություն. հպարտության ու ցավի արցունքները, երեխաների ելույթներին ուղեկցող ուրախ ծափողջույնները հաջորդում էին մեկը մյուսին: Տասնվեցամյա պատանիները, որոնք վաղն արդեն համալրելու են մեր բանակի շարքերը, բեմից խոստացան լինել Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի և մյուս քաջորդիների արժանի ժառանգորդները, անձնվիրաբար ծառայել հայրենիքին և հանուն նրա չխնայել կյանքը: Հանդիսատեսը մի պահ հավատաց, որ գլխավոր դերակատարը` տասնվեցամյա Էրիկը, հիմա իջնելու է բեմից ու զորակոչվելու է բանակ…
Միջոցառումը յուրահատուկ կամուրջ էր Վարդանանց ու Ապրիլյան պատերազմների միջև ու ապացույց, որ Վարդանի խրոխտ ոգին չի մեռել, այն կա, ապրում է մեր պատանիների ազնիվ հոգիներում:
Ավարտին գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը դպրոցի տնօրենին շնորհեց պատվոգիր՝ դպրոցականների հայրենասիրական դաստիարակությունը բարձր հիմքերի վրա դնելու և պահելու համար: Գեներալը խոստացավ ամենայն պատրաստակամությամբ օգնել դպրոցի մանկավարժությանը աշակերտների հայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացման գործում:
Վարդան եպս Նավասարդյանը և վեր. Մկրտիչ Մելքոնյանը բարձր գնահատեցին երեխաների շրջանում տարվող հայրենասիրական աշխատանքները, ներկայացրին Վարդանանց հերոսների ազատագրական պայքարի ոգին, հերոսներ, որոնք հայրենիքը օտարի լծից ու կեղեքումներից ազատելու համար մարտնչեցին և ընկան «վասն հաւատոյ և վասն հայրենեաց»:
Վարդան եպս Նավասարդյանը դպրոցի գրադարանին նվիրեց հայրենասիրական գրքեր, իսկ ներկաներին` Հայաստանի և Խորհրդային Միության ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի «Վարդանանք»գոբելեն աշխատանքի լուսանկարները, որի կենտրոնում Վարդան Մամիկոնյանն է և հայ ժողովրդի մեծագույն ներկայացուցիչները՝ Անդրանիկը, Կոմիտասը, Դանիել Վարուժանը, Եղիշե Չարենցը, Պարույր Սևակը և այլք: Հեղինակն այդ կերպ ընդգծել է հայոց պատմության շարունակականության և միասնականության գաղափարը:
Միջոցառումն ամփոփվեց վեր. Մկրտիչ Մելքոնյանի օրհնության աղոթքով:
Հյուրերից մի քանիսը միջոցառման ավարտին նշեցին, որ իրենք Ավետիսյան դպրոցում ստացան հայրենասիրության մի մեծ դաս ու կարծես նորովի բացահայտեցին այդ բառի իմաստը:
Վարդանանց և մերօրյա անմա´հ հերոսները միշտ կապրեն, քանի դեռ նրանց անունները հնչում են հայ մանկան ու պատանու ազնիվ շուրթերից: